slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննություններ. տեսություն և գործնական խնդիրներ» խորագրով միջազգային համաժողովին}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ապրիլի 10-ին առցանց եղանակով մասնակցել են Ռուսաստանի Վ. Մ. Լեբեդևի անվան արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և կրիմինալիստիկայի ամբիոնի կազմակերպած «Դատական փորձաքննություններ. տեսություն և գործնական խնդիրներ» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովին: 
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի ավելի քան յոթ տասնյակ առաջատար մասնագետներ և գիտնականներ Ռուսաստանից, Բելառուսից և Հայաստանից:
Գիտաժողովի պլենար նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը հանդես է եկել «Ժամանակակակից հոգեբան փորձագետների պատրաստման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով զեկույցով, որում ներկայացրել է դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները, ինչպես նաև հոգեբան-փորձագետի աշխատանքի բարդությունը՝ ընդգծելով փորձաքննության իրականացման ընթացքում, ծանրաբեռնվածության պայմաններում հոգեբանի մասնագիտական հուզական այրման կանխարգելման կարևորությունը: 
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

Բյուրոյի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջազգային փորձարկումներին}

Փորձաքննությունների ազգային բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Որակի ապահովման միջազգային ծրագրի (IQAP) փորձարկումներին և ստացված դրական արդյունքներով հաջողությամբ հաղթահարել ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլը: 
Ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը տրամադրվել էր կենսաբանական, ինչպես նաև դեպքի վայրից վերցված գաղտնի նմուշներ, որոնք հետազոտվել են Բյուրոյի համապատասխան լաբորատորիաներում: Փորձարկումներն իրականացվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյում նախորդ տարի ներդրված գերժամանակակից, գերզգայուն անալիտիկ սարքավորումների, այդ թվում՝ մասսպեկտրաչափով համակցված գազային քրոմատոգրաֆի, ինչպես նաև եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ: Թեստային նմուշների հետազոտության արդյունքում ստացված տվյալները ներառվել են UNODC-ի միասնական հաշվետվության մեջ:
Ի դեպ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն միակ դատափորձագիտական կառույցն է Հայաստանում, որը մասնակցում է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քիմիկոթունաբանական փորձաքննությունների ոլորտի միջազգային փորձարկումներին: 
ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) իրականացրած ծրագրերին մասնակցությունը նպատակ ունի բարձրացնել փորձագետների մասնագիտական հմտությունները, ընդլայնել Բյուրոյի փորձագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորություններն ու դրանց շրջանակը՝ ապահովելով ստացված տվյալների արժանահավատությունը, ինչպես նաև կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները: 
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է շարունակական մասնակցությունը ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Որակի ապահովման միջազգային ծրագրին:
 

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական բաժինները պարբերաբար գիտագործնական սեմինարներ են անցկացնում Բյուրոյի աշխատակիցների համար։}

Հերթական սեմինարը նվիրված էր Փորձագիտության բնագավառում արհեստական բանականության կիրառմանը։

news

«ԶԼՄ և օրենսդրություն» առարկայի շրջանակում Լրագրության 3-րդ կուրիս ուսանողները այցելեցին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո:}

Այցի ընթացում դասախոս Գոհար Մուրադյանի ղեկավարությամբ ուսանողները շրջել են բյուրոյի փորձագիտական լաբորատորիաներում։ Մասնավորապես՝ կազմակերպության նյութագիտական փորձաքննությունների լաբորատորիայում ապագա լրագրողները ծանոթացել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտության իրականացման առանձնահատկություններին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցում դատափերձագիտալան ոլորտի առանցքային նշանակությանը։ 
Ոլորտի պատասխանատուների կողմից ընդգծվել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ճշգրիտ և համակողմանի լուսաբանման, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման վնասների և հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման նպատակով լրագրողների մասնագիտական հմտությունների կատարելագործման կարևորությունը։

news

Բյուրոյի փորձագետների գիտական աշխատանքները տեղ են գտել բելառուսական գիտական պարբերականում}

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի «Քրեաբանության, քրեագիտության և դատական փորձաքննության հարցեր» (Вопросы криминологии, криминалистики и судебной экспертизы) խորագրով գիտական հոդվածքների ժողովածուում հրատարակվել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանի և Բյուրոյի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Հովհաննիսյանի գիտական հոդվածները:
Նշենք, որ Ջուլիետա Ղահրամանյանի գիտական աշխատանքը նվիրված է հրդեհատեխնիկական փորձաքննությունների կատարման ժամանակ նավթամթերքների և դյուրավառ հեղուկների հետքերի գազքրոմատոգրաֆիկ նույնականացմանը, իսկ Գայանե Հովհաննիսյանն իր «Մշակութային վանդալիզմը հնագիտական փորձաքննությունների համատեքստում» թեմայով հոդվածում անդրադարձել է դատափորձագիտական բնագավառի զարգացող ուղղություններից մեկը համարվող հնագիտական բնագավառի փորձաքննությունների առանձնահատկություններին՝ շեշտը դնելով մշակութային վանդալիզմի դեպքերի բացահայտման գործընթացում մշակութաբանական փորձաքննությունների անցկացման կարևորության վրա:
Հիշեցնենք, որ հիշյալ գիտական աշխատանքի արդյունքում Գայանե Հովհաննիսյանը հաղթող էր ճանաչվել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթի «Լավագույն գործնական կողմնորոշիչ աշխատանք» անվանակարգում:
Բյուրոյի փորձագետների կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացումն ու արտերկրի գործընկերների հետ գիտամեթոդական ուղղությամբ ակտիվ համագործակցությունը նպատակ ունի զարգացնել Կազմակերպության փորձագիտական ներուժը, ինչպես նաև բարձրացնել փորձագետների մասնագիտական որակավորումը՝ նպատելով մեր երկրում դատափորձագիտական ոլորտի գիտահենք զարգացմանը: 

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է փոխգործակցությունը դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում}

Ամերիկյան առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը և վրացական «ABM» ընկերության ներկայացուցիչ Վաժա Գելիաշվիլին մարտի 12-ին այցելել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ «GTH DNA» -ի և Բյուրոյի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում նախանշված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Այցի շրջանակներում միջազգային գործընկերները հանդիպում են ունեցել Բյուրոյի ղեկավար անձնակազմի հետ, ծանոթացել Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի ընթացիկ գործունեությանը: 
Քննարկվել են ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, այդ ուղղությամբ անհրաժեշտ իրավակարգավորումների մշակման, տվյալ ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը, նախանշվել 2025 թ. համատեղ իրականացվելիք ծրագրերի ուղղությունները՝ այդ թվում դատագենետիկական բնագավառի փորձագետների մասնագիտական վերապատրաստման նպատակով միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունները: 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025թ. երրորդ եռամսյակում Հայաստանում անցկացնել հերթական միջազգային համաժողովը՝ ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում առաջավոր փորձի փոխանակման:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների հետ ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, անհրաժեշտ տվյալների բազաների ձևավորմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։

news

Կրակ և ռնդյուն․ ինչպես են փորձագետները վերծանում հրդեհներն ու պայթյունները}

Iravaban.net -ն այս անգամ անդրադարձել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի գործունեությանը

news

Ամփոփվել են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի CERTAIN-FORS WP7 ծրագրի արդյունքները}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանի գլխավորությամբ, փետրվարի 11-ին մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) կազմակերպած «Հետազոտություն, փորձարկում և նորարարություն դատական փորձաքննությունում» թեմայով առցանց վեբինարին:
Առցանց հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵՄ-ի և ENFSI-ի հետ համատեղ իրականացված CERTAIN-FORS WP7 ծրագրի արդյունքները: 
Մասնավորապես հիշյալ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր է եղել ձևավորել եվրոպական լեզուներով ձայնային տվյալների միասնական բազա, ինչպես նաև իրականացվել է դիմակի կրման պայմաններում արտաբերված խոսքի հատկանիշների համապարփակ և ընդգրկուն հետազոտություն, ինչը թույլ կտա բարձրացնել ձայնի փորձաքննությունների իրականացման արդյունավետությունը՝ ապահովելով տվյալ ոլորտում հավաստի փորձագիտական արդյունքների ստացումը:
Նշենք, որ ծրագրին մասնակցող շուրջ երեսուն երկրների դատափորձագիտական կառույցներից և լաբորատորիաներից միայն մեկ տասնյակին (այդ թվում՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյին) է հաջողվել անցնել ծրագրի բոլոր փուլերը և գրանցել հետազոտական առաջադրեմ արդյունքներ:
Ձայնային տվյալների հավաքագրումը, բնութագրումը, տվյալների բազայի ձևավորումն ու փորձարկումը հնարավորություն կտա օպտիմալացնել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների բնագավառի փորձագետների աշխատանքը, կբարձրացնի ծրագրային ապահովումներով ձայնի մշակման և նույնականացման գործընթացի արդյունավետությունը:
Ձայնային նմուշների տվյալների ընդգրկուն բազայի ձևավորումը կնպաստի նաև դատափորձագիտական ոլորտում, մասնավորապես աուդիո և խոսքի փորձաքննության բնագավառում եվրոպական ընդհանուր մոտեցումների և դրանց հիման վրա միասնական մեթոդների մշակմանը:
Վեբինարի նպատակն էր օգնել մասնակիցներին հետագա ծրագրերին դիմելիս՝ խուսափելու հնարավոր սխալներից և դժվարություններից, ինչպես նաև օպտիմալացնել առկա ռեսուրսների օգտագործումը։
Նշենք, որ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են աշխարհի շուրջ 30 երկրների առաջատար դատափորձագիտական կառույցներ և լաբորատորիաներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը, կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

news

Տոնդ Շնորհավոր Հայոց բանակ}

Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհավորում է համայն հայությանը անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ` մաղթելով մեծագույն հաջողություններ և հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման, հայոց պետականության ամրապնդման և բարգավաճման ճանապարհին։
Հավերժ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված հայ ժողովրդի զավակների վառ հիշատակին
Հավերժ փա'ռք Հայոց բանակին