Նորություններ

29.02.2012թ.

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում INL ծրագրի շրջանակներում անցկացվել են կատարելագործման /վերապատրաստման/ դասընթացներ

2012թ-ի փետրվարի 13-ից 24-ը աշխատանքային այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում են գտնվել INL ծրագրի քրեագիտական հարցերով խորհրդատուներ Քրիստիան Դոննալլը, Կառոլինա Տոնտարսկին, Ֆրանկո Լաքը և Մետյու Գրինը: Այցի ընթացքում Մետյու Գրինը անցկացրեց երկշաբաթյա ուսուցողական /վերապատրաստման/ կատարելագործման դասընթացներ՝ առաջին շաբաթը գազքրոմատոգրաֆիական հետազոտությունների գծով, երկրորդ շաբաթը մաս-սպեկտրոմետրիական հետազոտությունների գծով, որին մասնակցել են նյութագիտական և տոքսիկոքիմիական փորձաքննությունների ստորաբաժանումների փորձագետները։ Նշված դասընթացները իրենց դրական արտահայտումն են գտել մեր կազմակերպության համապատասխան բաժիների փորձագիտական աշխատանքներում։ Կառոլինա Տոնտարսկու այցի նպատակն էր կազմակերպությունում ներդրված որակի ապահովման համակարգի գնահատումը, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 «Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի պահանջների համաձայն հավատարմագրման գործընթացի համար տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով կազմակերպությունում առկա փաստաթղթերի վերանայումը:

25.01.2012թ

«Դատափորձագիտական տվյալների ազգային բազաներ. արդյունավետության մեծացում, կարողությունների և հնարավորությունների զարգացում, առաջավոր փորձի փոխանակում և դատափորձագիտական հաստատությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցություն» թեմայով միջազգային եռօրյա գիտագործնական գիտաժողովը ավարտված է

2012թ.-ի հունվարի 16-ից մինչև 18-ը ՀՀ ք. Երևանում առաջին անգամ կայացավ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) և Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից կազմակերպված միջազգային եռօրյա գիտագործնական գիտաժողովը (աշխատաժողով/սեմինարը), որը նվիրված էր ազգային դատափորձագիտական տվյալների բազաներին, վերջիններիս արդյունավետության բարձրացմանը, կարողությունների և հնարավորությունների զարգացմանը, լավագույն փորձի փոխանակմանը և դատափորձագիտական կառույցների և իրավապահ մարմինների միջև համագործակցությանը:
  Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր ՄԳՏԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լեո Օվսիացկին, ով նաև կորդինացնում է Իրավապահ ոլորտի բարեփոխումների ծրագիրը (LETI), ինչպես նաև Գլոբալ անվտանգության, բիոտեխնոլոգիայի և առողջության բաժնի ծրագրերի գլխավոր կուրատոր Ն.Սավինովան: Մասնակցում էին նաև հատուկ հրավիրված արևմտյան փորձագետներ, հանձինս՝ ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի (DOE) ներկայացուցչի՝ Լինդսի Գեհրիգի, ԱՄՆ Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի (LLNL) ներկայացուցչի՝ Արմանդո Ալկարազի, Ինտերպոլի կենտրոնական գրասենյակի ներկայացուցչի՝ Մարկ Բրենչֆլաուերի, ինչպես նաև Լոս Ալամոս ազգային լաբորատորիայի (LANL) ներկայացուցչի՝ Օլգա Մարտինի:
  Գիտաժողովի պատվավոր հյուրերն էին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հ.Հունանյանը, Ինտերպոլի Հայաստանի բյուրոյի ղեկավար Ա.Ֆիդանյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.Հարությունյանը, Հայ փորձագետների միության նախագահ պրոֆեսոր Ա.Թադևոսյանը:
  Գիտաժողովին մասնակցում էին նաև hանրապետության և արտերկրների դատական փորձագիտության և մի շարք հեղինակավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, մասնավորապես. ՌԴ Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների ռուսաստանյան դաշնային կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Սմիրնովան, Վրաստանի դատական փորձագիտության ազգային բյուրոյի ղեկավար Գ.Խիզանիշվիլին, դատական փորձագետներ, քրեագետներ և գիտնականներ Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկիստանից, Բելառուսից, Ղրղզստանից, որոնք նույնպես ներկայացնում էին հիմնականում դատափորձագիտական ազգային կենտրոնները, ինչպես նաև Հայաստանից՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ.Սահակյանը, «Պլաստպոլիմեր» Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պ.Ոսկանյանը, Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի բաժնի վարիչ Ա.Ղալումյանը, ինչպես նաև Ոստիկանության քրեափորձագիտական վարչության պետ Ս.Մանուկյանը:
  Գիտաժողովի 1-ին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը և Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Ջավադյանը: Առաջին օրը նվիրված էր ՄԳՏԿ-ի, DOE-ի, LLNL-ի, Ինտերպոլի կենտրոնական գրասենյակի գործառույթների ներկայացմանը, ինչպես նաև քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր բացահայտել միասնական համագործակցության հնարավորությունները LETI-ի շրջանակներում:
  Գիտաժողովի 2-րդ օրը նվիրված էր մատնահետքերի, պայթուցիկ նյութերի և թմրամիջոցների տվյալների բազաներին, որոնք քննարկվեցին առանձին ենթախմբերով:
  Ենթախմբերում քննարկվեցին հետևյալ 3 հիմնական խնդիրները.

  • Մատնահետքերի, թմրամիջոցների, պայթուցիկ նյութերի ազգային տվյալների բազաների հետ կապված առկա խնդիրները,
  • Ինչպե՞ս են բացահայտվում առկա խնդիրները,
  • Սարքավորման կամ վերապատրաստման հետ կապված այն պահանջները, որոնք անհրաժեշտ են արդյունավետությունը բարձրացնելու համար:

Գիտաժողովի 3-րդ օրը մասնակիցները հանդես եկան իրենց զեկույցներով: Իր զեկույցով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Նա անդրադարձավ դատափորձագիտական տվյալների նոր բազաներին՝ վերջիններիս դիտարկելով որպես դատափորձագիտական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործունեության ապահովման կարևորագույն լծակ: Իր ելույթում նա կարևորեց Եվրոմիության երկրների օրինակները (ԴՆԹ): Ազգային դատափորձագիտական բազաները հնարավորություն կտան փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչը կնպաստի վերոնշյալ գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ամփոփելով իր ելույթը՝ Ա.Ջավադյանը նշեց, որ տվյալների նոր բազաների ստեղծման համար անհրաժեշտ է մշակել ընդհանուր և առաջադեմ մեթոդներ, ձևավորել միասնական մոտեցումներ, որոնք, բնականաբար, կբարձրացնեն փորձագիտական հետազոտության որակը և ավելի արդյունավետ կդարձնեն դիագնոստիկ և իդենտիֆիկացիոն խնդիրների լուծումը:
  Որպես գիտաժողովի ամփոփում Ա.Ջավադյանը ներկայացրեց գիտաժողովի արդյունքների վերաբերյալ հայտարարության նախագիծը , որը քննարկումից և որոշակի լրացումներից հետո միաձայն ընդունվել է :
  Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին նաև Փորձաքննությունների ազգային բյուրո, ծանոթացան կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների սարքավորումների հագեցվածությանը և նորագույն մեթոդներով կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններին:

30.12.2011թ

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախաձեռնությամբ միջազգային սեմինար

2012թ-ի հունվարի 16-ից 18-ը «Ani Plaza» հյուրանոցում (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան) LETI (Law Enforcement Targeted Initiative - Իրավապահ մարմիններին նպատակաուղղված նախաձեռնություն) ծրագրի շրջանակներում տեղի կունենա աշխատաժողով/սեմինար՝ «Դատափորձագիտական տվյալների ազգային բազաներ. արդյունավետության հզորացում, կարողությունների և հնարավորությունների զարգացում, առաջավոր փորձի փոխանակում և դատափորձագիտական հաստատությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցություն» («National Forensic Databases: enhancing of efficiency, development of capacities and possibilities, exchanging of best practices and cooperation between forensic institutions, law enforcement agencies») թեմայով։ Աշխատաժողով/սեմինարի կազմակերպիչներն են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ISTC) և Փորձաքննությունների ազգային բյուրոն։

LETI աշխատաժողով/սեմինարի ընդհանուր նպատակներն են.

  • Զարգացնել համագործակցությունը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարբեր դատափորձագիտական լաբորատորիաների և գիտահետազոտական ինստիտուտների միջև՝ դատափորձագիտական տվյալների բազաների մշակման, փոխանակման և պահպանման նպատակով:
  • Ճանաչել և գտնել համապատասխան խոչընդոտների դեմ լուծումներ, որոնք կարող են խանգարել դատափորձագիտական տվյալների բազաների տեղեկատվության համատեղ օգտագործմանը:
  • Նշել դատափորձագիտական տվյալների բազաների երկու կամ երեք տեսակներ, որոնք առավել անհրաժեշտ են և ամենամեծ հավանականությունն ունեն հաջողության հասնելու՝ LETI աշխատաժողով/սեմինարի մասնակիցների կողմից տվյալների լրացման նպատակով.
    • Մատնահետքերի տվյալների բազա,
    • Տնայնագործական պայթուցիկ միջոցների տվյալների բազա (սարքավորումներ և յուրահատուկ բաղադրիչներ),
    • Կեղծ դեղորայքների, ապօրինի թմրամիջոցների և պայթուցիկ նյութերի մասս-սպեկտրոմետրիայի տվյալների բազա,
    • Կեղծ դեղորայքների, ապօրինի թմրամիջոցների և պայթուցիկ նյութերի ինֆրակարմիր սպեկրոսկոպիայի տվյալների բազա,
    • Ներկածածկույթների տվյալների բազա,
    • Մանրաթելերի տվյալների բազա,
    • Ձգաբանական տվյալների բազա:
  • Ապահովել դատափորձագիտական տվյալների բազաների ոլորտի փորձագետների մասնակցությունը՝ վերջիններիս կողմից աշխատաժողով/սեմինարի մասնակիցներին գիտականորեն հիմնավորված և որակապես վերահսկվող տվյալների բազաների մշակման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
  • Վերանայել ապացույցների հավաքման և կասկածելի նմուշների վերլուծության որակի վերահսկողության ընթացակարգերի շղթան:
  • Կազմակերպել քննարկումներ և մշակել ռազմավարություններ հետագա փուլերում ընդհանուր դատափորձագիտական տվյալների բազաների զարգացման համար:

Նշենք, որ սեմինարի մասնակիցների թվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և այլ երկրների խոշորագույն փորձաքրեագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, և իհարկե մասնագետներ Հայաստանից: Միջոցառմանը մասնակցում են նաև Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ինտերպոլի ներկայացուցիչները:

Աշխատաժողով/սեմինարի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Կազմակերպչական կոմիտեին՝ ի դեմս կոմիտեի նախագահ, Փորձաքննությունների ազգային բյուրոյի որակի ապահովման և վերահսկողության բաժնի պետ Քրիստինե Խուրշուդյանին, հեռ.՝ (+374 10) 777710, e-mail: qa@nbe.am:

07.11.2011թ.

Ֆրիդրիխ Լյոզելի այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի Համալսարանի Քրեաբանական Հետազոտությունների Ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրիդրիխ Լյոզելը, սույն թվականի նոյեմբների 4-ին այցելել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ։ Ծանոթանալով բյուրոյի անցած ուղուն, շրջայց կատարելով բյուրոյի բոլոր ստորաբաժանումներով, լինելով փորձագիտական բաժիններում և լաբորատորիաներում, պրոֆեսոր Լյոզելը բարձր գնահատեց բյուրոյում իրականացվող աշխատանքները, առանձնահատուկ նշելով բյուրոյի տնօրենի դերը բյուրոյի կայացման գործում։ Հանդիպման արդյունքում համագործակցության հիմք դրվեց Փորձաքննություների ազգային բյուրոյի և Քեմբրիջի Համալսարանի Քրեաբանական Հետազոտությունների Ինստիտուտի միջև։ Մասնավորապես, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել« Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կից գործող Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներին Քեմբրիջի Համալսարան գործուղելու, կենտրոնի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները անգլերեն լեզվով արտասահմանում հրատարակելու հնարավորությունների վերաբերյալ։

25.10.2011թ.

Լեհաստանի Հանրապետություն է գործուղվել նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետը

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետն աշխատանքային խմբի կազմում գործուղվել է Լեհաստանի Հանրապետություն, ք. Վարշավա, Լեհաստանի Հանրապետության Դրամահատարանի կողմից թողարկվող ՀՀ 500 դրամանոց մետաղադրամների արտադրական պրոցեսը, դրանց հետ կապված իրականացվող փորձաքննությունների նշանակման և կատարման կարգը և իրավապահ ոլորտի աշխատանքի փորձն ուսումնասիրելու նպատակով: Լեհաստանի Ազգային բանկում ուսումնասիրվեց Լեհաստանի Հանրապետության փորձը կեղծ մետաղադրամների և թղթադրամների հայտնաբերման, հետազոտության և եզրակացությունների կազմման վերաբերյալ: Լեհաստանի Հանրապետության Ազգային բանկում տրամադրվեց նաև տեղեկատվություն մետաղադրամների և թղթադրամների հետազոտության ընթացքում կիրառվող մեթոդների և սարքավորումների վերաբերյալ: Լեհաստանի Հանրապետության Դրամահատարանում տրամադրվեց տեղեկատվություն մետաղադրամների հատման տեխնոլոգիական պրոցեսի, շտամպերի պատրաստման պրոցեսի և «մայրական շտամպից» աշխատանքային շտամպերի պատրաստման պրոցեսի վերաբերյալ: Գործուղման ընթացքում ձեռք բերված տվյալները և տեղեկատվությունն ունեն կարևոր նշանակություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվող մետաղադրամների փորձաքննությունների համար: Գործուղման արդյունքների վերաբերյալ նախապատրաստվել է զեկույց:

17.10.2011թ.

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեխնիկական բազան համալրվեց նոր սարքավորումով

2011թ-ի հոկտեմբերի 10-ից 14-ը աշխատանքային այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում են գտնվել INL ծրագրի քրեագիտական հարցերով խորհրդատուներ Քրիստիան Դոննալլը և Մայքլ Մարտինեզը: Այցի շրջանակներում ամերիկյան գործընկերների կողմից «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեց NITON XL3t 800 անալիզատորը, որի կիրառմամբ հնարավոր է դառնում իրակացնել ինչպես մետաղների և համաձուլվածքների, ծանր մետաղների, այնպես էլ անօրգանական գրեթե բոլոր տարրերի քանակական հետազոտություն: Հոկտեմբերի 10-ից 14-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երեք աշխատակիցներ անցել են մասնագիտական վերապատրաստում՝ նվիրաբերած սարքով աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների և ունակությունների ձեռքբերման նպատակով:

24.09.2011թ.

ՀՀ ԳԱԱ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊՈԱԿ-Ը ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ (ENFSI) ԱՆԴԱՄ

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին հայտնի դարձան Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի /ENFSI՝ European Network of Forensic Science Institutes/ 15-րդ խորհրդի վերջին նիստի քննարկման արդյունքները, որոնց մեծ հույսերով սպասում էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը: Սեպտեմբերի 15-ին կայացած վերոնշյալ նիստում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվելու էր Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցին Փորձաքննությունների ազգային բյուրոյի անդամակցությունը: Կազմակերպությունը շուրջ չորս տարի իրականացրել էր բավականին լուրջ և դժվարին նախապատրաստական աշխատանքներ ENFSI-ին անդամակցելու պահանջներին կազմակերպության գործունեությունը /կարողություններ, իրականացված գործառույթների որակ և քանակ, ներդրված որակի համակարգ և այլն/ համապատասխանեցնելու համար: Այդ նպատակով սույն թվականի օգոստոսի 30-ին ստուգայցով Փորձաքննությունների ազգային բյուրո էին ժամանել ENFSI-ի ներկայիս խորհրդի նախագահ Պավել Ռիբիցկին և ENFSI-ի Որակի և իրավասության կոմիտեի նախագահ Քրիստինա Բերտլերը ՝ հավաստիանալու և համոզվելու, թե որքանո՞վ է կազմակերպությունը համապատասխանում ENFSI-ին անդամակցելու պահանջներին: Ստուգայցի վերջում ENFSI-ի ներկայացուցիչները դռնփակ քննարկումից հետո արդյունքները գնահատեցին դրական, սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ ENFSI-ի 15-րդ խորհուրդը: Եվ այսպես, 23 օր անհամբեր սպասելուց հետո, պարզ դարձավ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի, որն իդեպ հանդիսանում է Եվրոհանձնաժողովի պաշտոնական կառույցը տվյալ բնագավառում, լիիրավ անդամը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ երեսունհինգերորդ անդամակցող երկիրը՝ 4-րդ երկիրը ԱՊՀ-ից: Այս մեծ ձեռքբերումը հնարավորություն է տալիս դատափորձագիտական բնագավառում ընդլայնել համագործակցության հնարավորություններն այլ եվրոպական դատափորձագիտական կազմակերպությունների հետ, իրականացնել տվյալների և փորձի փոխանակում, ներգրավվել նոր գիտահետազոտական ծրագրերում, ձեռքբերել նոր գիտամեթոդական ձեռնարկներ և այլն: Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրինությունը շնորհավորում է կազմակերպության ողջ անձնակազմին Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի լիիրավ անդամ դառնալու կապակցությամբ:

20.06.2011թ.

Փորձաքննությունների ազգային բյուրոյի վարչական բաժինն իր գործառույթներով այսուհետ չի զիջի Գույքի և իրեղեն ապացույցների միջազգային ասոցիացիայի ընդունած չափանիշներին

Փորձաքննությունների ազգային բյուրոյում երկշաբաթյա գործնական այցով է գտնվում ԱՄՆ «The Palm Beach Contry Sheriff's Crime Laboratory»-ի և «The American Socienty of Crime Laboratory»-ի նախկին տնօրեն, ներկայումս «Professional Business Solutions, Inc, (PBSI)» և «The International Criminal Investigation Training Assistance Program (ICITAP)» ծրագրերի դատափորձագիտական ոլորտի խորհրդատու պարոն Ռիչարդ Թանթոնը: Պարոն Թանթոնի այցի հիմնական նպատակը Փորձաքննությունների ազգային բյուրոյի վարչական բաժնի փաստաթղթավորված ընթացակարգերը փոփոխելն է այնպես, որ դրանք համահունչ լինեն Գույքի և իրեղեն ապացույցների միջազգային ասոցիացիայի (International Association of Property and Evidence – IAPE) ընդունած չափանիշների հետ։ Փոփոխություններ կատարելու բոլոր խորհուրդ-առաջարկներ արվեցին՝ հաշվի առնելով ՀՀ քր. դատ. օրենսդրության պահանջները և ընթացակարգերը, որոնց հետ ծանոթացավ փորձագետը։ Պարոն Թանթոնը Փորձաքննությունների ազգային բյուրոյի խնդրանքով գծանիշ կոդերի կիրառման ընթացակարգի մշակման գործընթացին վերաբերող խորհրդատվություն իրականացրեց, քանի որ գծանիշ կոդերի կիրառումը ազդում է Գույքի և իրեղեն ապացույցների կառավարման գրեթե բոլոր ոլորտների վրա։ Պարոն Թանթոնը զրուցեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի անձնակազմի հետ պատշաճ ընթացակարգեր մշակելու, ինչպես նաև անհրաժեշտ հիմնական սարքավորումների ցանկը կազմելու վերաբերյալ։


Համագործակցությունը ՀՀ առաջատար բուհերի հետ շարունակվում է…

09.06.2011թ.

Կնքվել է պայմանագիր Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև

Գիտական և ուսումնակրթական աշխատանքների շրջանակներում փորձաքննությունների ազգային բյուրոյի և ԲՄԿ ՊՈԱԿ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև 2011թ. հունիսի 9–ին կնքվել է համագործակցության մասին պայմանագիր: Մասնավորապես, պայմանագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն գիտահետազոտական, գիտագործնական և ուսումնակրթական բնագավառներում մի շարք մասնագիտությունների գծով՝ օգտագործելով երկու կազմակերպությունների գիտաուսումնական և մասնագիտացված լաբորատորիաների բազաները և հաշվի առնելով համապատասխան մասնագիտությունների գծով Հայաստանում իրականացվող կամ ներդրման պահանջարկ ունեցող դատական և ոչ դատական փորձաքննությունների տեսականին: Կողմերը նախատեսում են համատեղ գործունեության ընթացքում միմյանց տրամադրել համապատասխան մասնագիտությունների գծով (այդ թվում նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական, բժշկակենսաբանական, ՃՏՊ հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, տրանսպորտահետքաբանական և այլն) գրականություն, մեթոդական աշխատություններ, ձեռնարկներ, գիտական պարբերականներ, ինչպես նաև՝ սեփական գիտաուսումնական բազաների օգտագործմամբ կազմակերպել համատեղ քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, գիտական նստաշրջաններ։

30.05.2011թ.

Սույն թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպան Միգել Անքել Կունեոի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանի միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատանքային խումբը` տնօրեն պարոն Ա.Ջավադյանի ղեկավարությամբ, դատաբժշկական բաժնի պետ Ա.Հովսեփյանի և հնէաբանա-անթրոպոլոգիական փորձաքննությունների գծով վերապատրաստում անցնող մասնագետ Ա.Հովհաննիսյանի մասնակցությամբ այցելեց Արգենտինայի դեսպանատուն, որտեղ տեղի ունեցավ քննարկում Հայաստանի Հանրապետությունում հնէաբանա-անթրոպոլոգիական փորձաքննությունների կայացման և զարգացման վերաբերյալ։ Քննարկման ընթացքում Արգենտինյան կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց կապ հաստատել «Արգենտինական դատաբժշկական մարդաբանության /EAAF/ թիմ»-ի հետ համագործակցության նպատակով։ Նախանշված համագործակցությունն իր մեջ կընդգրկի համապատասխան մասնագիտական տեղեկատվության ու մեթոդաբանության և տվյալների փոխանակում, նորագույն մեթոդական ուղեցույցերի մշակում, տեղայնացում և ներդրում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, մասնագիտական տեղեկատվության տրամադրում, փորձագետների և մասնագետների ուսուցում, վերապատրաստում և այլն։

17.05.2011թ.

ԱՊՊԱ ոլորտում պատահարների առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային հմտությունների վերապատրաստման (կատարելագործման) ուսուցողական դասընթացներ

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության, «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս», «Ռեսո», «Նաիրի Ինշուրանս», «Կասկադ Ինշուրանս», «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունների հետ լրացուցիչ կրթության շրջանակներում կնքվել են վերապատրաստման (մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների կատարելագործման) ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ուսումնակրթական բաժնի, դեպքի վայրի, ՃՏՊ հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և տրանսպորտահետքաբանական փորձաքննությունների բաժնի և հետքաբանանական փորձագիտական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվող վերապատրաստման /կատարելագործման/ ուսուցողական դասընթացներին ներկայումս ներգրավված են վերոնշյալ ընկերությունների 21 աշխատակիցներ։

16.05.2011թ.

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 «Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներով հավատարմագրման ճանապարհին

Սույն թվականի մայիսի 02-ից 13-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էին այցելել «Professional Business Solutions, INC (PBSI)»-ի տնօրեն Դոնել Քրիսչնը, «Forensic Quality Services»-ի հավատարմագրման մենեջեր Թերի Միլսը և «The American Society of Crime Laboratory Directors»-ի հավատարմագրման խորհրդատու Դեյվիդ Սթիվենսը կազմակերպությունում ներդրված որակի ապահովման համակարգի գնահատման, հավատարմագրման տեսակետից թերությունների հայտնաբերման, աշխատակիցների համար դասընթացների կազմակերպման և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով: Որակի ապահովման կառավարման այցը բաղկացած էր երեք մասերից՝ տեղեկատվություն, ուսուցում և ուղղիչ մաս: Այցի արդյունքները ամփոփելով կարելի է ասել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը իր որակի կառավարման համակարգով ապահովում է կազմակերպությունում ներդրված ISO 9001:2008 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջները և որակի ապահովման բնագավառում մի շարք աշխատանքներ իրականացնելուց հետո լիովին կարող է հավատարմագրվել համաձայն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 «Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի պահանջների:

07.05.2011թ.

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է ENFSI-ի փորձագիտական աշխատանքային խմբի համաժողովին

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկան փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը մայիսի 4-ից 6-ը մասնակցել է Վիեննայում կայացած Դատափորձաքննական կազմակերպության եվրոպական ցանցի (ENFSI) պայթուցիկ նյութերի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (FINEX) ամենամյա համաժողովին: Հայաստանն առաջին անգամ է մասնակցել նման միջոցառման, թեև 2009թ-ից խմբի ասոցիացված անդամ է: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է 26 երկրից 69 փորձագետ: Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք գիտական քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում պայթուցիկ նյութերի հեատզոտման մեթոդիկան, քննարկել իրենց հետաքրքրող հարցեր: Դ.Մելքումյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

28.04.2011թ.

Կայացավ սեմինար Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների մասնակցությամբ

2011թ. ապրիլի 28-ին կայացավ սեմինար Փորձաքննությունների ազգային բյուրոյի բժշկակենսաբանական, դատաբժշկական և այլ բաժինների աշխատակիցների մասնակցությամբ: Սեմինարի թեման էր «Ֆոսֆորօրգանական միացություններով թունավորման կլինիկան, պաթոմորֆոլոգիան և տոքսիկանտների հետմահու հայտնաբերման հնարավորությունները»: Սեմինարի մասնակիցներն էին որակի ապահովման և վերահսկողության բաժնի պետ Ք.Խուրշուդյանը, բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Ն.Խաչատրյանը, կլինիկատոքսիկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Ս.Մինասյանը նույն բաժանմունքի փորձագետի պաշտոնակատար Ա.Մանվելյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետ բ.գ.դ. Գ.Աղաբեկյանը, ախտաբանանատոմ Ս.Հարությունյանը, այդ բաժնի կլինիկական օրդինատորներ Խ.Ստեփանյանը և Գ.Մարկոսյանը, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Ս.Հարությունյանը, նույն բաժնի փորձագետ Գ.Համբարյանը, սննդային փորձաքննությունների բաժնի աշխատակիցներ Ն.Անդրեասյանը, Ա.Ազարյանը, Ս.Մարտիրոսյանը, օդորոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի պետի պաշտոնակատար Ա.Ավետիսյանը, պայթունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ռ.Մելիքսեթյանը: Սեմինարի թեման ներկայացրեց բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Ն.Խաչատրյանը, որն իր ելույթում նշեց նման հանդիպումների, սեմինարների և գիտաժողովների կարևորությունը, ինչպես կարծիքների փոխանակման առումով, այնպես էլ մասնագիտական գիտելիքների խորացման և ուսուցողական նշանակության առումով, ինչն անհրաժեշտ է կլինիկական օրդինատուրա և ստաժավորում անցնող ապագա երիտասարդ փորձագետների համար, քանի որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործառույթներից կարևորագույնը՝ փորձագիտական մանագիտություններին տիրապետելու հնարավորության ընձեռելն ու կադրերի որակավորման խնդիրների լուծմանն աջակցելն է: Սեմինարին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի դատաբժշկական փորձագետ բ.գ.դ. Գ.Աղաբեկյանը, որը կարևորեց դիակի ներքին ուսումնասիրության, պաթոլոգոանատոմիական և պաթոմորֆոլոգիական փոփոխությունների դերը, այդ առումով անդրադարձավ կադրային խնդիրներին, նշեց նեղ մասնագիտացում ունեցող որակյալ պաթոլոգոանատոմների, պաթոհիստոլոգների և դատական ցիտոլոգների մասնակցության անհրաժեշտությունը դատաբժշկական փորձաքննությունների իրականացման ընթացքում:

15.04.2011թ.

Կազմակերպության տնօրենը ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովին

2011թ. ապրիլի 15-ին կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովը, որին Փորձաքննությունների ազգային բյուրոից մասնակցում էին տնօրեն պարոն Ա.Ջավադյանը, մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ` Է.Ավանեսովը, նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ` Ս.Հակոբյանը: ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովին մասնակցում էր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Հաշվետու զեկուցմամբ ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ պարոն Ռ.Մարտիրոսյանը, որը ներկայացրեց հաշվետու տարում ակադեմիայի կատարած աշխատանքների մասին: Ռ.Մարտիրոսյանը իր զեկույցում դրական գնահատական տվեց նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական ոլորտում կատարված աշխատանքներին և առաջարկեց ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտներին սերտ համագործակցել Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ, քանի որ վերջինում առկա են ժամանակակից սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել համատեղ գիտահետազոտական աշխատանքներում: Հաշվետու ժողովում ելույթ ունեցան տարբեր գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ: Եղան հարցեր ու պատասխաններ և առաջարկություններ ակադեմիայի աշխատակիցների կողմից: Հաշվետու ժողովում ելույթ ունեցավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն պարոն Ա.Ջավադյանը, որը ժողովի մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության կառուցվածքին, փորձագիտական բաժիններում տարվող աշխատանքներին այդ թվում նաև գիտական աշխատանքների /գիտամեթոդական, գիտագործնական, գիտահետազոտական, գիտաուսումնական/ կատարման գործընթացներին: Ելույթի վերջնամասում պարոն Ա.Ջավադյանը անդրադարձավ Փորձաքննությունների ազգային բյուրոյում նախատեսվող փորձագիտական և գիտական աշխատանքներին: Հաշվետու ժողովում, ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սանկտ - Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ` պարոն Մ.Բ.Պիոտրովսկին: Նա ծանոթացրեց «Էրմիտաժի» հեռանկարային շինարարական և վերանորոգման աշխատանքներին, անդրադարձավ հայկական տաղավարների առկայությանը և ձևավորմանը:

15.04.2011թ.

Պիոտրովսկու այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո»

Հայաստանի Հանրապետության ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով, որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հայաստան էր ժամանել Սանկտ - Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ` պարոն Մ.Բ.Պիոտրովսկին: Այցի շրջանակներում` 2011թ. ապրիլի 15-ին նա այցելեց նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Իր այցի ընթացքում պարոն Մ.Բ.Պիոտրովսկին մանրամասն ծանոթացավ մշակութաբանական համալիր փորձաքննությունների կատարման և անցկացման առանձնահատկությունների հետ: Նրան ներկայացվեցին այն մշակութաբանական համալիր փորձաքննությունների վարույթները, որոնք կատարվել են ձեռագրաբանական, փաստաթղթաբանական և նյութագիտական /ներկանյութ, մանրաթել/ համապատասխան բաժինների մասնագետների մասնակցությամբ: Այնուհետև, պարոն Մ.Բ.Պիոտրովսկին ծանոթացավ բաժնի պատմության, ինչպես նաև բաժնի փորձագետների հետ: Վերջում պարոն Մ.Բ.Պիոտրովսկին այցելեց այն բաժինները և լաբորատորիաները, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննություններին: Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Է. Ավանեսովը և այդ բաժինների պետերը առանձին-առանձին ծանոթացրեցին կատարված աշխատանքների հետ և կարևորեցին մշակութաբանական փորձաքննությունների համալիր լինելը: Պարոն Մ.Բ.Պիոտրովսկին գոհանակություն հայտնեց մշակութաբանական փորձաքննությունների բաժնի կողմից կատարած աշխատանքներից և պատրաստականություն հայտնեց հետագա երկարատև համագործակցության համար բոլոր այն բաժինների հետ, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննություններ անցկացնելու ժամանակ:

07-09 ապրիլի 2011թ.

«Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությունը այցելել է Վրաստան

Հիմք ընդունելով ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Անդրազգային հանցավորության դեմ պայքարի ծրագրի ղեկավար Ջոն Մահերի հրավերը, սույն թվականի ապրիլի 7-ից 9-ը Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությունը տնօրեն Ա. Ջավադյանի գլխավորությամբ այցելել է Վրաստանի Ազգային քրեափորձագիտական բյուրո և Վրաստանի Ներքին գործերի նախարարության քրեափորձագիտական գլխավոր վարչություն: Այցի գլխավոր նպատակներն էին` ծանոթանալ իրականացվող աշխատանքներին, ընդօրինակել լավագույն փորձը և հաստատել երկկողմ փոխշահավետ համագործակցություն` ինչը կնպաստի իրականացվող գիտագործնական աշխատանքների հետագա բարելավմանը: Ինչ խոսք, երկու երկրների փորձագիտական կառույցների գործունեության եղանակների ու ոճի միջև առկա են որոշակի տարբերություններ, որոնք ձևավորվել են անկախության երկու տասնամյակների շրջանում և այդպիսով հարստացրել են այդ ոլորտում միջազգային փորձը: Հայրենական փորձագետների խնդիրն էր հանգամանորեն ուսումնասիրել մեր ժամանակների համար չափազանց կարևոր այս ոլորտում հարևան երկրում ձևավորված ավանդույթները, աշխատանքի նոր ոճը և համալիր ուսումնասիրության արդյունքում հանգել անհրաժեշտ եզրահանգումների: Բնորոշ է, որ մեր երկրի փորձագիտական հիմնարկների և, հատկապես, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքների նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել նաև Վրաստանի գործընկերները:

30.03.2011թ.

Կազմակերպության տնօրենը ելույթ ունեցավ դատախազության կոլեգիայի նիստում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ 2011թ. մարտի 30-ին տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի աշխատանքային նիստում քննարկվեցին 2009-2010թթ. ընթացքում ապօրինի եւ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները: Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն պ-րն Ա.Ջավադյանը և տնօրենի տեղակալ Յու. Ավետիսյանը մասնակցել են ՀՀ դատախազության կոլեգիայի աշխատանքային նիստին, որտեղ տնօրեն պ-րն Ա.Ջավադյանը ներկայացրեց 2009-2010թթ. ընթացքում ՀՀ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացված փորձաքննությունների մասին, ինչպես նաև 2009-2010թթ. ընթացքում ՀՀ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվող դատական փորձաքննությունների պատշաճ որակի ապահովման նպատակով մի շարք նորագույն ձորձագիտական տեխնոլոգիաների, մեթոդների, մեթոդիկաների և սարք-սարքավորումների ձեռքբերման և ներդրման մասին տեղեկատվություն: Վերջինիս կապակցությամբ գլխավոր դատախազը հանձնարարեց կազմակերպական-վերահսկողական վարչությանը առաջարկել սույն տեղեկատվական նամակը քննարկել կառուցվածքային ստորաբաժանումների և դատախազությունների օպերատիվ խորհրդակցություններում և նկատի ունենալ հետագա համապատասխան աշխատանքի ընթացքում:

18.02.2011թ.

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ

Ս.թ. փետերվարի 18-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ այցելեց ԱՄՆ Այդախո նահանգի Պետական համալսարանի դատակենսաբանական ամբիոնի պրոֆեսսոր Գրեգ Համպիկյանը. Հյուրին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը. Գ. Համպիկյանին մանրամասնորեն ներկայացվեց կառույցի ձևավորման պատմությունը և ներկայիս գործանեյության հիմնական ուղղություները. Նաև հյուրը ծանոթացավ կառույցի հիմնական բաժինների գործունեությանը և աշխատանքային պայմաններին. Գ. Համպիկյանը տեղեկացվեց կառույցում ԴՆԹ փորձաքննության բաժնի ձևավորման ծրագրերի մասին. Գ. Համպիկյանը նշեց իր պատրաստակամությունը աջակցել բյուրոի մասնագետների մասնագիտական մակարդակի բարձրացմանը. Մասնաորապես խոսքը գնում է ԱՄՆ-ում կառույցի մասնագետների համար մասնագիտական մակարդակի բարձրացմանը ուղղված դասընթացների կազմակերպման մասին:

10.01.2011թ.

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈԻՄ Է

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դեռևս 2009 թ.-ից ներդրված ISO 9001:2008 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջների շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 20.10.2010թ-ին տրված աուդիտի եզրակացությունը` սերտիֆիկատի գործողությունը ուժի մեջ թողնելու վերաբերյալ: Բացի այդ ՀՀ Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդի կողմից 30.12.2010թ.-ին կազմակերպությանը շնորհվել են հավատարմագրման վկայագրեր, որոնցով հավաստվել է, որ կազմակերպության մի շարք բաժիններ համապատասխանում են հավատարմագրման չափանիշներին` “Համապատասխանության գնահատման մասին” ՀՀ օրենքի և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին և հավատարմագրված է որպես ձգաբանական և սննդամթերքի փորձարկման լաբորատորիաներ: Այդ գործընթացները, բնականաբար, հանգեցրել են կազմակերպությունում իրականացվող փորձաքննությունների և կազմվող փորձագիտական եզրակացությունների նկատմամբ պատվիրատուների, այդ թվում և դատարանների և իրավապահ մարմինների պատշաճ վստահությանը: Իսկ միջազգային չափանիշներով առավել մրցունակ դառնալու համար, ինչպես նաև միջազգային ակրեդիտացում /հավատարմագրում/ անցնելու համար պարտադիր է, որ կազմակերպությունը հաջողությամբ հաղթահարի և սերտիֆիկացվի ISO 17025 միջազգային ստանդարտի շրջանակներում, որը փորձագիտական կառույցների համար աշխարհում ընդունված որակի հավաստման կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Հարկ է նշել, որ այդ աշխատանքները իրականացնելու համար բնականաբար կպահանջվի կազմակերպել և իրականացնել ևս զգալի ծավալով գիտագործնական և գիտամեթոդական աշխատանքներ, ինչը նախատեսվում է 2012-2014թթ. ընթացքում, նպատակ ունենալով այդ ժամանակահատվածում հաջողությամբ անցնել նաև միջազգային ակրեդիտացում (հավատարմագրում) եվրոպական որևէ լիազոր կառույցի միջոցով:

14-17 սեպտեմբերի, 2010թ.

Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Խաչատուր Հարությունյանը մասնակցեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած գիտաժողովին

2010թ. սեպտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Խ. Հարությունյանը մասնակցեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված «Դատափորձագիտական կառույցների եվրոպական ցանց»-ի (ENFSI) «Դատափորձագիտական ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի (FIT WG) տարեկան գիտաժողովին։ Գիտաժողովը նվիրված էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում նորամուծություներին, նորարարություններին և միջազգային փորձի փոխանակմանը, որին մասնակցում էին Եվրոպայի և Ասիայի խոշոր դատափորձագիտական կառույցների ավելի քան 45 ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ՝ «Նոր դատափորձագիտական լուծումներ՝ թվային ապացույցների ստացման համար» խորագրով։