slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Լրահոս

news

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ տասնչորսերորդ համարը։}

Պարբերականում ներկայացված արժեքավոր գիտական աշխատանքները ներառում են դատափորձագիտական բնագավառի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրները՝ նպատակ ունենալով ամրապնդել ոլորտի գիտամեթոդական ապահովումն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակներում։
​Գիտական հոդվածներն ընդգրկում են դատափորձագիտական ոլորտի այնպիսի առանցքային ուղղություններ, ինչպիսիք են ձգաբանական, նյութագիտական, ապրանքագիտական, շինարարատեխնիկական, ֆինանսատնտեսագիտական, տեխնոլոգիական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննությունները։
​Լիահույս ենք, որ սույն համարում ներկայացված գիտական հոդվածները կնպաստեն ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ արդյունավետ մասնագիտական քննարկումների ծավալմանը և գիտական կապերի ամրապնդմանը:
​Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք էջ.
www.nbe.am
​Հետևեք մեզ նաև Telegram-ում.
t.me/nbeofRA

news

​Փորձաքննությունների ազգային բյուրոյի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա առթիվ։}

Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը դատափորձագիտական բնագավառի զարգացման գործում և շնորհակալ ենք ձեր արգասաբեր աշխատանքի համար։
​Մաղթում ենք մասնագիտական վերելքներ, ընտանեկան ջերմություն, անսպառ եռանդ և երջանկություն։

https://www.facebook.com/reel/1259934102907812

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «ՈԱԿ դասընթացներ» ուսուցման ծրագրին}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տեղեկատվական ապահովման բաժնի պետ Արուսյակ Մոսիկյանի գլխավորությամբ, փետրվարի 27-ին Երևանում մասնակցել են Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված «ՈԱԿ դասընթացներ» (Курсы НКО) գործնական ինտենսիվ ուսուցման ծրագրին:
Ոչ առևտրային կազմակերպություններում միջազգային նախագծերի հետ աշխատող մասնագետների համար նախատեսված դասընթացին ներկայացվել են գիտության, կրթության և այլ ոլորտներում միջազգային նախագծերի մշակման, այդ թվում՝ արտերկրի գործընկերների հետ համատեղ գիտագործնական միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները։ 
Դասընթացի շրջանակներում անցկացվել են վարպետության դասեր՝ ուղղված դրամաշնորհային հայտերի պատրաստմանը, ինչպես նաև դասախոսություններ բյուջետավորման, ֆինանսական պլանավորման թեմաներով, ինչպես նաև իրականացվել են հաջողված միջազգային նախագծերի վերլուծություններ։
Միջոցառման շրջանակներում մասնակիցները փոխանակվել են ծրագրերի իրականացման առաջարկներով, ստացել տեղեկատվություն ոլորտային դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ և քննարկել միջազգային մասնագիտական և գիտական հարթակներում համագործակցության հեռանկարները։ 
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր:

news

Ռուբեն Աղուզումցյանի 80-ամյակին}

Scopus միջազգային շտեմարանում ընդգրկված, հոգեբանության ոլորտի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը համարվող «Հոգեբանական ամսագրի» («Психологический журнал») 2025թ. 5-րդ համարում անդրադարձ է կատարվել ԳԱԱ Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի 80-ամյակին։

Հեղինակավոր հոգեբանի գործունեության վերաբերյալ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://ter-arkhiv.ru/0205-9592/article/view/696894 :

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհակալագրի է արժանացել Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի կողմից}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը  փետրվարի 24-ին Ռուս-Հայկական համալսարանում (ՌՀՀ) մասնակցել է «Երկխոսություն. Աշխատաշուկան և Ռուս-Հայկական համալսարանը» խորագրով ֆորումին:
Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել համալսարանի կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին և գտնել արդյունավետ մեխանիզմներ՝ ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը գործնական պահանջներին առավելագույնս մոտեցնելու համար:
Ֆորումի շրջանակներում ծավալվել են ակտիվ քննարկումներ աշխատաշուկայի ներկայացուցիչների, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների, դատաքննչական համակարգի, ինչպես նաև առաջադար գիտնականների միջև:
Ֆորումի շրջանակներում ձևավորված «Իրավագիտություն․ երկխոսություն աշխատաշուկայի հետ» աշխատանքային խմբում Պատվական Ոսկանյանն անդրադարձել է դատական փորձաքննությունների ոլորտում որակյալ կադրերի ապահովման հարցում բազային կրթության կարևորությունը:
Ըստ Ոսկանյանի՝ դատական փորձագետը պետք է օժտված լինի ակադեմիական այնպիսի գիտելիքներով, որոնք թույլ կտան հետագայում նեղ մասնագիտական հմտությունները կիրառել գիտականորեն հիմնավորված մեթոդներով: 
«Դատական փորձաքննությունը դինամիկ զարգացող ոլորտ է, որտեղ տեսական գիտելիքը պետք է մշտապես համակցվի նորագույն տեխնոլոգիական հնարավորությունների հետ:Բարձրագույն ուսումնական հաստատություններում դատական փորձագետների պատրաստման գործընթացում անհրաժեշտ է ներդնել մասնագիտական այնպիսի բաղադրիչներ, որոնք ուղղակիորեն առնչվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկային»,- նշել է Պ. Ոսկանյանը՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում դատական փորձագետների պատրաստման հարցում աջակցության համար:
Ֆորումի շրջանակներում ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը շնորհակալագիր է հանձնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին՝ բուհի կրթական նախաձեռնություններին մշտապես աջակցելու, ուսանողների մասնագիտական զարգացմանը նպաստելու և գործնական հարթակներում նրանց կողքին լինելու համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ փոխգործակցությունը բուհական համակարգի հետ: Բյուրոն կարևորում է բարձր մասնագիտական որակավորմամբ օժտված կադրերի պատրաստումը և պատրաստակամ է գիտագործնական իր ներուժը կիրառել՝ ի նպաստ Հայաստանում դատափորձագիտական ոլորտի զարգացման և կրթության որակի բարձրացման:

news

Ստանդարտացման ոլորտում Բյուրոյի հետևողական աշխատանքի արդյունքում ՄՏՀ 195-ը ճանաչվել է միջպետական ստանդարտացման առաջատար}

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կողմից «Լաքաներկային նյութեր և պատվածքներ» միջպետական տեխնիկական հանձնաժողովը (ՄՏՀ 195), որի լիիրավ ներկայացուցիչը Հայաստանից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանն է, արժանացել է «Միջպետական ստանդարտացման առաջատար» կոչման:
Ստանդարտացման միջպետական տեխնիկական հանձնաժողովի նախագահ Գ. Վ. Ավերյանովն իր պաշտոնական նամակում հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներկայացուցչին և Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակազմին բեղմնավոր գործունեության համար՝ ընդգծելով հայ գործընկերների առանցքային դերը ստանդարտների մշակման և որակի ապահովման գործում:
Նշենք, որ այս պատվավոր կարգավիճակը տրվում է միայն լավագույն արդյունքներ և բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած հանձնաժողովներին։ 
Գրանցված արդյունքը հաստատում է ՄՏՀ 195-ի կազմում Փորձաքննությունների ազգային Բյուրոյի արդյունավետ և բարձր մակարդակի մասնագիտական աշխատանքը և վերահաստատում Բյուրոյի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցելու միջպետական տեխնիկական հանձնաժողովի հետագա աշխատանքներին:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն հետևողական քայլեր է ձեռնարկում Հայաստանում դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի զարգացման և ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման ուղղությամբ}

Հունվարի 19-ին ամերիկյան առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը, «Thermo Fisher Scientific» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային ներկայացուցիչ Ակակի Պետրիաշվիլիnն, վրացական «ABM» ընկերության ներկայացուցիչ Վաժա Գելիաշվիլին այցելել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ «GTH DNA» -ի և Բյուրոյի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում նախանշված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Այցի շրջանակներում միջազգային գործընկերները հանդիպում են ունեցել Բյուրոյի ղեկավար անձնակազմի հետ, ծանոթացել Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի ընթացիկ գործունեությանը: 
Քննարկվել են ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, իրավական հանրությանը մշակված իրավակարգավորումների ներկայացման, ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը, նախանշվել 2026 թ. համատեղ իրականացվելիք ծրագրերի ուղղությունները:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում միջազգային առաջատար ընկերությունների և բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների հետ ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, անհրաժեշտ տվյալների բազաների ձևավորմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն ամփոփում է 2025 թվականին կատարված աշխատանքները}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2025 թվականի ընթացքում քրեադատավարական օրենսդրության շրջանակներում 28 փորձագիտական տեսակներով, 114 ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով իրականացվել են 16.000-ից ավելի փորձագիտական հետազոտություններ՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը: 
Անցնող տարում Փորձաքննությունների ազգային բյուրոյում քիմիկոթունաբանական ուղղությամբ պայմանագրային հիմունքներով իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան ավելի քան 1000 հետազոտություններ: 
Կազմակերպությունում առանձին ուղղություններով մշակվել և ներդրվել են հետազոտական նոր մեթոդներ և մեթոդիկաներ, նաև դրանց կիրառմամբ սկսվել են իրականացվել տարբեր հետազոտական աշխատանքներ՝ գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովմամբ: 
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նաև համապատասխան հետազոտական ուղղություններով տվյալների շտեմարանների համալրման աշխատանքները:
Կազմակերպության ստորաբաժանումների փորձագետները մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) համապատասխան աշխատանքային խմբերի կողմից անցկացված համաժողովներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին, աշխատաժողովներին, որակավորման ստուգման թեստերին և ընթացիկ այլ աշխատանքներին՝ ապահովելով իրենց մասնագիտական ընդգրկվածությունը ժամանակակից գիտամեթոդաբանական աշխատանքային միջավայրում:
2025 թվականին Կազմակերպության 7 փորձագետներ՝ նյութագիտական, հետքաբանական, տոքսիկոլոգիական, աուդիոձայնագրային և ԴՆԹ փորձաքննությունների ուղղություններով, մասնակցել են դատափորձագիտական ոլորտում մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման միջազգային պրոֆեսիոնալ թեստավորմանը (Professional test) և ստացել են դրական արդյունքներ։ 
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ 2025թ. նոյեմբերի 12-ից 14-ը Երևանում տեղի է ունեցել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի 2025թ. ընդլայնված եռօրյա համատեղ նիստը, որը ENFSI-ի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի որոշմամբ առաջին անգամ իրականացվել է Հայաստանում։ 
Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում հանդիսացել է երկու միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ, որոնցից մեկն անցկացվել է Մոլդովայի Հանրապետություն Քիշնև քաղաքում, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնության Սամարղանդ քաղաքում:
2025 թվականին Կազմակերպության փորձագետները մասնակցել են  19 ներպետական և միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, գործնական դասընթացներին, գիտագործնական կլոր սեղաններին և այլ միջոցառումներին:
2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Կազմակերպությունում «Փորձագետի որակավորման հավակնորդի վերապատրաստման և/կամ կատարելագործման դասընթացի իրականացման» կարգով կատարվել է նախատեսված գործընթացի կազմակերպման գիտամեթոդական ապահովումը: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորում են ստացել և վերաորակավորվել են 24 հավակնորդ:
2025 թվականին գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում իրականացվել է փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների 68 աշխատողների ուսուցում և վերապատրաստում:
2025 թվականին վերսկսվել է Կազմակերպության փորձագետների մասնակցությունը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրին:
2025 թվականին Կազմակերպության աշխատողների կողմից հրատարակվել են 49 գիտական աշխատանքների արդյունքներ հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում, որից երեք հոդված հրատարակվել է Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ներառված պարբերականներում:
Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության կողմից իրականացվել են 28 պրոֆիլային թեմաներով գիտամեթոդաբանական և գիտահետազոտական բնույթի աշխատանքներ:
Գիտագործնական աշխատանքների շրջանակներում Կազմակերպության աշխատակիցներն ընթացիկ տարում անցկացրել են 91 վերլուծական բնույթի սեմինարներ՝ ընդգրկելով ինչպես Կազմակերպությունում գործող բոլոր փորձագիտական ուղղությունները, այնպես էլ ոլորտներ՝ ուղղված միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և արդյունքների հնարավոր ներդրմանը և կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում:
Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների քրեաբանական գործոնների հետազոտություն: 
Կենտրոնի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հրատարակվել են 11 գիտական հոդված և 1 մենագրություն:
Հայաստանի դատափորձագիտական ոլորտի միակ՝ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականում անցնող տարում  հրատարակվել են պարբերականի 13-րդ և 14-րդ համարները, որտեղ ներառվել են 32 հոդվածներ։

news

Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննությունների բնագավառներին վերաբերող միջազգային գիտաժողովին}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը դեկտեմբերի 4–5-ը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Փորձագիտական հետազոտությունների ժամանակակից գործիքային մեթոդները նարկոլոգիայի, թունաբանության և դատական քիմիայի բնագավառում» խորագրով միջազգային գիտաժողովին։ 
Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովը համախմբել էր քիմիկոթունաբանական, դատաքիմիական և դատակենսաքիմիական փորձաքննությունների բնագավառների առաջատար մասնագետների՝ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և Եվրոպայից։
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվել են չորս տասնյակից ավելի արժեքավոր գիտական զեկույցներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Հոգեակտիվ նյութերի հայտնաբերում և մոնիթորինգ», «Ոգելից խմիչքների փորձաքննություն», «Նոր հոգեակտիվ նյութեր», «Մասսպեկտրոմետրիայի մեթոդներ», «Մազերի հետազոտության ժամանակակից մոտեցումներ», «Դատաքիմիական հետազոտությունների որակի հսկողություն», «Փորձագիտական գործունեության իրավական և կազմակերպչական ասպեկտներ» և այլն։
Միջոցառմանը ողջույնի խոսքով և զեկույցով է հանդես եկել Բյուրոյի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը՝ ներկայացնելով կոնյակների և խաղողի օղիների իսկության ցուցիչներով (մարկերներով) նույնականացմանն առնչվող հարցեր և ընդգծելով մասսպեկտրոմետրիայի մեթոդներով փորձաքննությունների իրականացման կարևորությունը։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման ու ոլորտի կայուն զարգացման ապահովման։

news

Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակությունն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո}

Դեկտեմբերի 16-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արգամ Հովսեփյանը Բյուրոյում ընդունել է Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի (Եկատերինբուրգ, ՌԴ) միջազգային կապերի գծով պրոռեկտոր Սերգեյ Տուշինին և շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Պոնոմարյովին: 
Հանդիպման շրջանակներում ռուս գործընկերները ծանոթացել են Հայաստանի դատափորձագիտական ամենախոշոր կառույցի գործունեության հիմնական նպատակներին, ուղղություններին և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել ՈւԴՀ-ի  համանման մասնագիտական ուղղություններով հարուստ ուսումնակրթական և գիտագործնական փորձն ու հնարավորությունները:
ՈւԴՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Սերգեյ Տուշինն իր խոսքում նշել է, որ ժամանակի տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ բուհը գիտահետազոտական քաղաքականության գերակա ուղղություն է սահմանել ինժեներական մասնագիտությունները և առաջարկել է քննարկել շինարարատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, նյութագիտական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում փոխգործակցության և գիտագործնական կապերի ձևավորման շրջանակները: 
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել դիտարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավոր ուղղությունները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել գիտագործնական աշխատանքների արժեքավոր արդյունքների հրապարակումը ինչպես Բյուրոյի կողմից հրատարակվող մասնագիտացված ամսագրում, այնպես էլ ՈւԴՀ-ի՝ միջազգային բարձր վարկանիշներ ունեցող շուրջ երկու տասնյակ գիտական պարբերականներում:
Նույն օրը հյուրերի համար կազմակերպվել է նաև շրջայց, որի շրջանակներում ներկայացվել են կառույցի վերջին տարիների ձեռքբերումները ինչպես մեթոդական ապահովման, այնպես էլ ժամանակակից նյութատեխնիկական բազայի ձևավորման առումով:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտասահմանյան հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացման:

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Գիտելիքների փոխանակում կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ոլորտում» թեմայով աշխատաժողովին}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը և ձեռագրաբանական ու հեղինակային փորձաքննությունների բաժնի պետ Մարգարիտա Ալոյանը նոյեմբերի 19–20-ը Երևանում մասնակցել են ՆԳ նախարարության և Եվրոպական Միության սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) կազմակերպած «Գիտելիքների փոխանակում կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ոլորտում» թեմայով աշխատաժողովին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ և այլ մասնագետներ, որոնց գործունեությունն առնչվում է փաստաթղթերի տրամադրման, ստուգման գործընթացներին, ինչպես նաև դրանց կեղծման դեպքերի կանխարգելմանն ուղղված մեխանիզմների և գործառնական միջոցառումների իրականացմանը։
Աշխատաժողովի շրջանակներում FRONTEX-ի փաստաթղթերի և նույնականացման քարտերի գործառնական աջակցության ոլորտի առաջատար փորձագետներ Կատարինա Մարկովիցովան (Սլովակիա) և Արթուրաս Գեդմինասը (Լիտվա) ներկայացրել են փաստաթղթերի ստուգման և կեղծիքների հայտնաբերման գործընթացում միջազգային լավագույն փորձը, նորագույն մեթոդներն ու տեխնիկական գործիքները։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են նաև գործնական վարժություններ՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու և կեղծիքների հայտնաբերման միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստվելու նպատակով։
Աշխատաժողովը կարևոր հարթակ է հանդիսացել ինչպես փորձի փոխանակման, ազգային ու միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման, այնպես էլ փաստաթղթերի կեղծման դեմ պայքարում կարողությունների զարգացման համար:
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են համապատասխան վկայականներ:

news

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի պաշտոնական կայքի անդրադարձը նոյեմբերի 12-14-ը Երևանում կայացած ENFSI-ի 2025 թ․}

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի պաշտոնական կայքի անդրադարձը նոյեմբերի 12-14-ը Երևանում կայացած ENFSI-ի 2025 թ․ ընդլայնված համատեղ նիստին

https://enfsi.eu/news/joint-meeting-in-yerevan-armenia-12-14-november-2025

news

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) Խորհրդի նախագահը ուղերձ է հղել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին}

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկան նոյեմբերի 26-ին ENFSI-ի անունից շնորհակալական ուղերձ է հղել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.դ. Արգամ Հովսեփյանին և Բյուրոյի անձնակազմին՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ից 14-ը ENFSI-ի ընդլայնված համատեղ նիստը Երևանում հյուրընկալելու, բարձր մակարդակով կազմակերպելու, մասնակիցների նկատմամբ ցուցաբերված հարգանքի և հոգատարության համար։
«Ձեր անձնական նվիրումը, ռազմավարական կառավարումը և գերազանցությանն ուղղված հանձնառությունն ակնհայտ էին միջոցառման յուրաքանչյուր ասպեկտում՝ ծրագրի մանրակրկիտ նախապատրաստումից մինչև լոգիստիկ հարցերի անթերի համակարգում, թիմի կողմից հանդիպման սահուն, արդյունավետ կազմակերպում: Այս բարձր չափանիշը ոչ միայն արտացոլում է Ձեր պրոֆեսիոնալիզմի մասին, այլև մարմնավորում է համագործակցության ոգին, որին ձգտում է ENFSI-ը։
Այս տարվա հանդիպումը, որը նշանավորեց ENFSI-ի 30-ամյակը, առանձնահատուկ նշանակություն ուներ։ Ձեր բացառիկ հյուրընկալության շնորհիվ այն դարձավ ոչ միայն արդյունավետ մասնագիտական հավաք, այլև եվրոպական դատափորձագիտական հաստատությունների միջև երեք տասնամյակի համագործակցության, գիտական առաջընթացի և ընդհանուր արժեքների հիշարժան տոնակատարություն։ Ձեր ստեղծած աշխատանքային միջավայրը մեծապես աջակցեց բաց երկխոսությանը, կառուցողական քննարկումներին և մտքերի փոխանակմանը, որոնք էական նշանակություն ունեն ENFSI-ի գործունեության ապագա ուղղությունները ձևավորելու համար»,-ասված է ուղերձում:
Ագնեշկա Լուկոմսկան միաժամանակ երախտագիտություն է հայտնել առանձին նիստերի կազմակերպման համար, որոնք թույլ են տվել Խորհրդին և Փորձագիտական աշխատանքային խմբերի նախագահներին ամփոփել ENFSI-ի նախորդ տարվա ձեռքբերումները, ներկայացնել Ցանցում նոր ղեկավարությանը և ամրապնդել ENFSI-ի գործողությունների ծրագրերի շուրջ քննարկումները:
ENFSI-ի բարձրագույն մարմնի ղեկավարն իր տպավորություններն է կիսել նաև նոյեմբերի 14-ին կազմակերպված մշակութային ծրագրի վերաբերյալ՝ շնորհակալություն հայտնելով Բյուրոյի թիմին՝ Հայաստանի բազմադարյա պատմությանն ու մշակույթին ծանոթանալու համար։ 
«Ձեր ներդրումն ամրապնդեց ENFSI համայնքի ներսում գոյություն ունեցող կապերը և վերահաստատեց Հայաստանի կարևոր տեղը մեր ցանցում։ Պատիվ էր անցկացնել ENFSI-ի այս կարևոր հանդիպումը Ձեր հովանու ներքո, և ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տարիներին մեր սերտ և բեղմնավոր համագործակցության շարունակմանը»,-եզրափակել է ENFSI-ի Խորհրդի նախագահը:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության...}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացում արդյունավետ փոխգործակցության իրականացումը՝ պատրաստակամ լինելով աջակցել դատական փորձաքննությունների ոլորտով հետաքրքրված բուհերի ուսանողների որակյալ կրթության իրականացմանը։

news

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան - Matenadaran}

Նոյեմբերի 12-14-ը Երևանում կայացած Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025 թ․ ընդլայնված համատեղ նիստի եվրոպացի պատվիրակները՝ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկայի գլխավորությամբ և Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչների ուղեկցությամբ, նոյեմբերի 14-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան։ 
Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ժամանակավոր և մշտական ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին:
Եվրոպական հեղինակավոր դատափորձագիտական և գիտահետազոտական կառույցների ղեկավարները, որոնց թվում էին նաև ձեռագրաբանական փորձաքննությունների բնագավառի հեղինակավոր գիտնականներ, տպավորված էին Մատենադարանում ներկայացված աշխարհի հին ձեռագրերի խոշորագույն հավաքածուներով։
Նույն օրը օտարերկրյա հյուրերը մշակութային կանգառ են ունեցել նաև «Արարատ» կոնյակի գործարանում, ծանոթացել աշխարհին հայտնի հայկական կոնյակի պատմությանը, կոնյակի արտադրության փուլերին և արտադրական հնարավորություններին։
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործընկերներին՝ ընդլայնված նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի բազմադարյա պատմությանն ու մշակույթին ծանոթանալու հնարավորության համար։