slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննությունների զարգացման հեռանկարները. ազգային և միջազգային միտումները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին

News_Image

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մայիսի 22-23-ը մասնակցել են Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան ազգային հետազոտական պետական համալսարանի դատական փորձաքննություների ամբիոնի կազմակերպած «Դատական փորձաքննությունների զարգացման հեռանկարները. ազգային և միջազգային միտումները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Սերբիայից և այլ երկրներից:
Գիտաժողովին քննարկվել են դատական փորձաքննության զարգացման հեռանկարները՝ գիտական ուղղության և պրակտիկ գործունեության համատեքստում, դատական փորձագետների վերապատրաստման գործընթացում տեսական գիտելիքների փոխանցման խնդիրները և ոլորտին վերաբերող այլ արդի հարցեր:
Գիտաժողովի պլենար նիստին զեկույցով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը՝ ներկայացնելով դատահոգեբանական ոլորտի փորձագետների մասնագիտական պատրաստման ժամանակակից խնդիրները:
«Արագ փոփոխվող իրադրությունների պայմաններում փորձագետներից պահանջվում են նոր կոմպետենցիաներ, որոնք, ցավոք, հոգեբանական ուղղվածության ուսումնական բարձրագույն հաստատություններում չեն ձևավորվում,-իր ելույթում նշեց Աղուզումցյանը՝ ընդգծելով մասնագիտական բուհերում դատահոգեբանական փորձաքնությունների կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտության մասին:
Պրոֆեսորի խոսքով՝ դատահոգեբանական փորձաքննությունների բնագավառում կիրառվող անձի հոգեբանական հատկությունների գնահատման հոգեբանական թեստերի մեծ մասն այսօր հնացած են, իսկ գիտական հիմնավորում ունեցող հայալեզու թեստերը, որոնք հարմարեցված են հայ բնակչության համար, քիչ են: Ըստ Աղուզումցյանի՝ նշված խնդրի լուծման համար հարկավոր է ստեղծել գիտական հիմնավորում ունեցող և հարմարման գործընթաց անցած հայալեզու հոգեբանական թեստեր, որոնք կարող են կիրառվել հոգեբանական փորձաքննությունների իրականացման ընթացքում՝ հատկապես երեխաների հետ աշխատելիս:
Այս առումով, ըստ Աղուզումցյանի, կարևոր է հատկապես համատեղ գիտահետազոտական աշատանքների իրականացումը:
Նշենք, որ տևական ժամանակ է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտը (IHS) հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ են իրականացնում, որի նախնական արդյունքները բավականին գոհացնող են:
Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետն անդրադարձավ նաև հոգեբան-փորձագետի աշխատանքի գնահատման հետ կապված հարցերին, ինչպես նաև հոգեբան-փորձագետի աշխատանքի բարդությանն՝ ընդգծելով փորձաքննության իրականացման ընթացքում մասնագիտական հուզական այրման կանխարգելման կարևորությունը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

24 May 2024