slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի հերթական նիստը}

Հունիսի 9-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջին նիստը:
Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հավաստմանը ներկայացված 6 հայտերի (2-ը՝ որակավորվող, 4-ը՝ վերաորակավորվող) զեկույցների քննարկման և որոշումների ընդունման հարցերը: 
Նիստի արդյունքում Հանձնաժողովը հավաստել և վերահավաստել է ներկայացված հայտերը:
Սահմանված բարձր պահանջներին համապատասխան՝ ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի գործունեությունը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատական փորձագետի որակավորման հավակնորդների ուսուցման ու որակավորման դասընթացների իրականացման գործընթացում ներդրված ջանքերը նպատակ ունեն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ որպես խոշոր դատափորձագիտական կազմակերպության փորձագիտական անձնակազմը համալրելու անհրաժեշտ գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված որակյալ փորձագետներով՝ դրանով իսկ նպաստելով դատավարական գործընթացներում բարձր ապացուցողական նշանակություն ունեցող արդյունքների ձեռքբերմանը։

news

Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած հերթական գիտաժողովի}

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը հունիսի 4-ից 5-ը հեռավար ձևաչափով մասնակցել է Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած «Փորձագիտական հետազոտության ժամանակակից գործիքային մեթոդները թունաբանության և դատական քիմիայի ոլորտներում» խորագրով գիտագործնական գիտաժողովին: 
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Ֆրումկինի անվան ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտում (Մոսկվա) անցկացված միջոցառումը համախմբել էր դատափորձագիտական բնագավառի առաջատար գիտնականներին ու փորձագետներին տարբեր երկրներից:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը: Վերջինս իր ելույթում կարևորել է նմանատիպ միջազգային հարթակների դերը մտքերի փոխանակման, ոլորտում արձանագրված ձեռքբերումների, նոր միտումների քննարկման, ինչպես նաև դատական փորձաքննությունների բնագավառում առկա մարտահրավերների համատեղ հաղթահարման գործում՝ ընդգծելով կառույցների միջև գիտագործնական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը:
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվել են դատաքիմիական և թունաբանական փորձաքննությունների ոլորտի արդիական խնդիրներն ու նորագույն լուծումները: Ի թիվս արժեքավոր զեկույցների, մասնակիցներն անդրադարձ են կատարել նորագույն՝ քրոմատո-մաս-սպեկտրոմետրիկ սարքավորումներով փորձաքննությունների իրականացման ընթացքում արհեստական բանականության կիրառմանը, ինչը նոր հնարավորություններ է բացում հետազոտությունների արագության և ճշգրտության բարձրացման համար, նոր հոգեակտիվ նյութերի տարածմանը հակազդելու իրավական և մեթոդական հիմքերին, ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների մոտ ալկոհոլի և թմրամիջոցների քրոնիկական օգտագործման փաստի ստուգման նոր գործիքային մարկերային մեթոդների մշակմանը և այլ թեմաների:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:

news

Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության միջգերատեսչական նիստին}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանը մայիսի 25-ին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարությունում կայացած թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստին:
ՆԳ նախարարության ղեկավար կազմի, գերատեսչության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված նիստի ընթացքում ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում և փոխլրացնում են հանրային անվտանգության և հանրային առողջապահության բաղադրիչները՝ ապահովելով խնդրի առավել ամբողջական և համակարգային հասցեագրում։
Միջգերատեսչական քննարկման շրջանակներում Պատվական Ոսկանյանը ներկայացրել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի առանցքային դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և ապացուցողական բազայի ձևավորման գործում:
Նա հանգամանալից անդրադարձել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների փորձաքննությունների ընթացքում նորագույն՝ քրոմատո-մաս-սպեկտրոմետրիկ սարքավորումների ու մեթոդների կիրառմանը, լաբորատոր արդի հնարավորություններին, ինչպես նաև շրջանառության մեջ հայտնվող նոր հոգեներգործուն նյութերի և սինթետիկ թմրամիջոցների նույնականացման առանձնահատկություններին: 
Պատվական Ոսկանյանը կարևորել է գիտականորեն հիմնավորված մեթոդների և մեթոդիկաների շարունակական ներդրումը՝ թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն և հանցագործությունների օպերատիվ բացահայտման համատեքստում:

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման արդի հնարավորությունները և հեռանկարները» խորագրով համաժողովին}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը մայիսի 21-ից 22-ը հեռավար ձևաչափով մասնակցել են «Դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման արդի հնարավորությունները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին:
Համաժողովը կազմակերպվել էր Ռուսաստանի Վ․Մ․ Լեբեդևի անվան արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և քրեագիտության ամբիոնի կողմից և նվիրված էր ամբիոնի հիմնադրման 10-ամյակին։
Համաժողովի հիմնական նպատակն էր քրեական, քաղաքացիական, արբիտրաժային և վարչական դատավարություններում հատուկ գիտելիքների կիրառման արդիական տեսական ու գործնական հարցերի քննարկումը, առաջատար գիտնականների և պրակտիկ մասնագետների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև փորձագիտական գործունեության կատարելագործմանն ուղղված գործնական քայլերի մշակումը։
Միջազգային համաժողովի օրակարգում ներառված էին դատական փորձաքննության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք առանցքային ու արդիական ուղղություններ, այդ թվում՝
• Դատական փորձաքննության և արդի դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման տեսական ու մեթոդաբանական խնդիրները,
• Արհեստական բանականության, ավտոմատացման համակարգերի ներդրումը և կենսաչափական (բիոմետրիկ) տեխնոլոգիաների կիրառումը դատական փորձաքննության մեջ,
• Կրիպտոարժույթի կիրառմամբ կատարված հանցագործությունների քննության ընթացքում դատական փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները,
• Թվային ապացույցները, դրանց վերլուծության տեխնոլոգիաները, դատավարության թվայնացումն ու փորձագիտական հետազոտությունների նոր տեսակների ձևավորումը,
• Դատատնտեսագիտական, ինչպես նաև ավանդական դասերի և տեսակների (հետքաբանական, բալիստիկ, ձեռագրաբանական, ավտոտեխնիկական և այլն) փորձաքննությունների արդի հնարավորությունները,
• Հոգեբանական և հոգեբուժական գիտելիքների կիրառումը դատական գործընթացում,
• Դատական փորձագետների պատրաստման և որակավորման բարձրացման արդի մարտահրավերները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը դատական փորձաքննության ոլորտում։
Համաժողովի պլենար նիստին զեկույցով հանդես  եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Վազգենի Աղուզումցյանը՝ ներկայացնելով «Դատահոգեբանական բնագավառի փորձագետի գործունեության արդյունավետության ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով զեկույցը:
Իր զեկույցում պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն հանգամանալից անդրադարձ է կատարել դատահոգեբանական փորձաքննությունների արդյունավետության բարձրացման և դրա երաշխիքների ապահովման հիմնախնդիրներին:
Բանախոսն առանձնակի կարևորել է փորձագիտական կադրերի պատրաստման և մասնագիտական որակավորման հարցը՝  ընդգծելով, որ ներկայումս բաբարձրագույն ուսումնական հաստատությունների հոգեբանության ֆակուլտետները չեն ապահովում նեղ մասնագիտական՝ դատական հոգեբան-փորձագետների պատրաստում: 
Այս համատեքստում նա ներկայացրել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործող ընթացակարգը, համաձայն որի՝ Բյուրոյում որպես ապագա փորձագետ կարող են հավակնել բացառապես հոգեբանության մագիստրոսի կրթական աստիճան և հոգեբանական գործնական աշխատանքի փորձ ունեցող մասնագետները: Վերջիններս Բյուրոյում անցնում են վեցամսյա մասնագիտացված դասընթաց՝ տեսական և գործնական համապատասխան ուղղություններով, որից հետո հանձնում են որակավորման քննություն: Միայն քննական հանձնաժողովի կողմից թեկնածուի կատարած աշխատանքի դրական գնահատման և համապատասխան որակավորում ստանալու դեպքում է մասնագետին իրավունք տրվում իրականացնել դատահոգեբանական փորձաքննություններ:
Զեկույցում հաջորդ կարևոր շեշտադրումը վերաբերում էր հոգեբանական փորձաքննությունների իրականացման մեթոդաբանությանը: 
«Քանի որ դատահոգեբանական փորձաքննության օբյեկտը մարդն է՝ իր բարդ ու բազմաշերտ հոգեկան աշխարհով, հետազոտության հավաստիությունն ապահովելու նպատակով Բյուրոյում կիրառվում է համալիր մոտեցում: Փորձաքննությանը մասնակցում են մի քանի փորձագետներ, ովքեր միաժամանակ կիրառում են տարբեր հոգեբանական մեթոդներ՝ ապահովելով դրանց փոխլրացումը: Մասնավորապես՝ հոգեբանական թեստավորմանը զուգահեռ իրականացվում է նպատակաուղղված դիտում (ֆիքսվում է հետազոտվող անձի ռեակցիան այս կամ այն հարցին), որին հաջորդում է փորձագիտական զրույցը: Այս ամենը թույլ է տալիս խնդրին նայել տարբեր դիտանկյուններից և ստանալ անձի հոգեկան վիճակի ամբողջական ու օբյեկտիվ պատկերը»,-իր զեկույցում նշեց Աղուզումցյանը:
Պրոֆեսորի խոսքով՝ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հիմնավորվածության և օբյեկտիվության բարձրացման նպատակով Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնում ներդրված է նաև կոլեգիալ քննարկման փուլը: Այն դեպքում, երբ հիմնական փորձագետը (պատասխանատուն) կազմում է փորձագետի եզրակացության նախագիծը, բաժնի բոլոր աշխատակիցները մասնակցում են դրա քննարկմանը:
«Կլոր սեղանի» և «մտագրոհի» ձևաչափով անցկացվող այս քննարկումների միջոցով բաժնի փորձագետները ներգրավվում են փորձագիտական հետազոտության արդյունքների վերջնական գնահատման գործընթացին՝ բացառելով հնարավոր սուբյեկտիվիզմը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջազգային գիտական միջոցառումներին, ինչը նպաստում է դատական փորձաքննությունների բնագավառում ժամանակակից միտումների, նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդիկաների ներդրմանը, ինչպես նաև միջազգային գործընկերային կապերի շարունակական ամրապնդմանը:

news

ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները ճանաչողական այց են կատարել Փորձաքննությունների ազգային բյուրո}

Ապրիլի 30-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում հյուրընկալվել էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտության մագիստրանտները։
Այցի նպատակն էր ուսանողներին մոտիկից ծանոթացնել հոգեբանական փորձաքննությունների կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացնել Բյուրոյում պրակտիկա անցնելու և մասնագիտական կարիերա սկսելու հեռանկարները։
Հյուրերին դիմավորեցին Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը և Ուսուցման ու որակավորման կենտրոնի պետ Մարինե Սերոբյանը։
Հանդիպման ընթացքում Պատվական Ոսկանյանը ներկայացրեց Բյուրոյի գործունեության հիմնական ուղղությունները, գիտամեթոդական բազան և միջազգային համագործակցության կապերը՝ ընդգծելով, որ կառույցը մեծապես կարևորում է գիտական և կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումը։ Նա հավելեց, որ Բյուրոն բաց է համագործակցության համար և պատրաստ է ուսանողներին ապահովել անհրաժեշտ գործնական հմտություններով, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ հենք՝ փորձագիտական ոլորտում նրանց հետագա մասնագիտացման համար:
Այնուհետև պրոֆեսոր Ռ. Աղուզումցյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ անդրադառնալով հոգեբան-փորձագետի դերին, աշխատանքային առանձնահատկություններին և հոգեբան-փորձագետների պատրաստման գործընթացին՝ ընդգծելով մասնագիտական որակավորման և գործնական հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը։ Նա մասնագիտական խորությամբ վերլուծեց փորձագետի աշխատանքի մեթոդաբանությունը՝ այդ ամենը դիտարկելով Հայաստանում հոգեբանության՝ որպես գիտության կայացման և զարգացման համատեքստում։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։ 
Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացում արդյունավետ փոխգործակցության իրականացումը՝ պատրաստակամ լինելով աջակցել դատական փորձաքննությունների ոլորտով հետաքրքրված բուհերի ուսանողների որակյալ կրթության իրականացմանը։ 

news

Կայացավ «Հատուկ գիտելիքները իրավակիրառ գործունեության մեջ. արդի միտումներ» խորագրով միջազգային համաժողովը}

Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, ՌԴ արդարադատության նախարարության Ա. Ռ. Շլյախովի անվան Ռուսաստանի դատական փորձաքննությունների դաշնային կենտրոնի և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Հատուկ գիտելիքները իրավակիրառ գործունեության մեջ. արդի միտումներ» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Ա. Կ. Գոլիչենկովը՝  նշելով, որ առաջին անգամ են դատափորձագիտական ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող նման ձևաչափով միջազգային համաժողով կազմակերպում՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ միջազգային հարթակները կնպաստեն գիտական մտքի փոխանակմանը, ինչպես նաև դատափորձագիտական բնագավառում գիտագործնական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Համաժողովի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին մի շարք արժեքավոր գիտական զեկույցներ, որոնք լուսաբանում էին դատական փորձաքննության չորս ուղղությունների՝ նյութագիտական, մոլեկուլյար-գենետիկական, հոգեբանական և տնտեսագիտական բնագավառների արդի հիմնախնդիրներն ու զարգացման միտումները: 
Մասնավորապես՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանը ներկայացրեց մազերի և եղունգների մեջ հոգեներգործուն նյութերի մակերևութային և ծավալային պարունակության տարբերակման գիտական մեթոդները: 
Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսեց ժամանակակից փորձաքննություններում կիրառվող այլընտրանքային մեթոդների և մեթոդիկաների մասին՝ անդրադառնալով նաև հոգեբանական փորձաքննության ոլորտում հատուկ գիտելիքների կիրառմանը:
Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանը ներկայացրեց խոնավության ազդեցության գիտական վերլուծությունը արյան հետքերում ԴՆԹ-ի պահպանվածության վրա՝ հաշվի առնելով ժամանակային դինամիկան, իսկ Բյուրոյի գիտական հետազոտությունների համակարգման և տեխնիկական փորձարկումների բաժնի պետ, տնտեսագիտության դոկտոր Կարեն Մամիկոնյանը ներկայացրեց զեկույց «Համակարգչային ծրագրերի և վեբ-կայքերի արժեքի որոշման մեթոդաբանական խնդիրները ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների ընթացքում» թեմայով:
Համաժողովի ընթացքում զեկույցներ ներկայացվեցին նաև թվային հետքերի հետազոտման և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառներին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ:
Համաժողովն ամփոփվեց մասնակիցների միջև ծավալված ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով:
Մասնակիցները բարձր գնահատեցին ներկայացված հետազոտությունների գործնական նշանակությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու սերտ համագործակցությունը դատափորձագիտական բնագավառում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով փոխանակվել մասնագիտական փորձով ու գիտական հետազոտությունների արդյունքներով:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում վարպետության դաս է անցկացվել «Միգրանտների ապօրինի տեղափոխում» դասընթացի շրջանակում}

Եվրոպական միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) աջակցությամբ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում իրականացվող «Միգրանտների ապօրինի տեղափոխում» թեմայով դասընթացի շրջանակներում ապրիլի 21-ին մասնակիցների համար կազմակերպվել է ճանաչողական այց ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ:
Այցին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչները:
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՀՀ ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպության գործունեությանը, իրականացվող փորձաքննությունների տեսակներին, տեխնիկական հագեցվածությանը և միջազգային համագործակցության ուղղություններին:
Այցի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը մասնակիցների համար անցկացրել է վարպետության դաս՝ անօրինական միգրացիային առնչվող կեղծ փաստաթղթերի փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ։
Փորձագետը ներկայացրել է փաստաթղթերի և դրանց ռեկվիզիտների հետազոտման ժամանակակից գիտական մեթոդները, փաստաթղթաբանական փորձաքննությունների իրականացման ընթացքում կիրառվող ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով փաստաթղթերի պատրաստման եղանակների և իսկության որոշման հետ կապված առանձնահատկությունները:
Բաժնում կատարված շրջայցի ընթացքում մասնակիցներին գործնական օրինակներով ցուցադրվել է հետազոտման արդյունքում անձնագրային և ճամփորդական այլ փաստաթղթերի կեղծիքների բացահայտման գործընթացը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն, կարևորելով ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության հետ արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամ է նպաստել իրավապահ մարմինների և ոլորտային աշխատակիցների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը և գիտագործնական հմտությունների կատարելագործմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյոն հյուրընկալել է միջազգային գործընկերներին}

Շարունակելով դեռևս 2019 թվականից ձևավորված գործընկերային կապերը՝ ապրիլի 15-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում հյուրընկալվել էին վրացական «ABM» ընկերության գործադիր տնօրեն Ալեքս Խեթերելին, «ABM»-ի ներկայացուցիչ Վաժա Գելիաշվիլին, «Thermo Fisher Scientific» ընկերության ներկայացուցիչներ Ակակի Պետրիաշվիլին և Կումար Սատենդրան։
Այցի շրջանակներում միջազգային գործընկերները հանդիպում են ունեցել Բյուրոյի ղեկավար և փորձագիտական անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշվել են դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ այդ թվում՝ մոլեկուլյար-գենետիկական ուղղությամբ նոր փորձաքննությունների իրականացման հեռանկարները։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են 2026 թվականին համատեղ իրականացվելիք ծրագրերը` այդ թվում դատագենետիկական բնագավառի փորձագետների մասնագիտական վերապատրաստման գործընթացում միջազգային գործընկերների աջակցության, փորձի փոխանակման և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ ակտիվ փոխգործակցությունը։ Նման համագործակցությունը միտված է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Ռազմավարության և զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած վարպետության դասին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ապրիլի 17-ին Երևանում մասնակցել են Ռազմավարության և զարգացման միջազգային կենտրոնի (Թբիլիսի) կողմից կազմակերպված «Միջազգային պատժամիջոցների համապատասխանություն» (International Sanctions Compliance) թեմայով մասնագիտական վարպետության դասին։
🇺🇲 Դասընթացը վարում էր միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, ԱՄՆ-ի Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (FPRI) անդամ Մաքսիմիլիան Հեսսը (Լոնդոն)։
Վարպետության դասին հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային պատժամիջոցային ռեժիմներին, դրանց շրջանցման եղանակներին, պետական և մասնավոր հատվածների վրա պատժամիջոցների ազդեցության, անվտանգային միջավայրի շարունակական կատարելագործմանն առնչվող հարցերին։
Մասնավորապես, քննարկվել են կեղծ ընկերությունների միջոցով ֆինանսական հոսքերի կամ իրական շահառուների թաքցման սխեմաները,  փողերի լվացման ժամանակակից միտումները, պատժամիջոցների շրջանցման մեխանիզմները բացահայտելու ուղիները։
Մասնակիցները ծանոթացել են «ճշտգրիտ ստուգման» (Due Diligence) ժամանակակից գործիքակազմին, որն անհրաժեշտ է թվային հետքերը ջնջելու, ինչպես նաև տարբեր ֆինանսական գործիքների (օրինակ՝ «խառնիչների» կամ crypto-mixers) միջոցով իրական շահառուներին թաքցնելու փորձերը բացահայտելու համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր։

news

Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է ԵՏՀ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի աշխատանքային խմբի հերթական նիստին}

«Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը մարտի 13-ին հեռավար ձևաչափով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի աշխատանքային խմբի հերթական նիստին։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միության «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավային վառելիքի, ռեակտիվ շարժիչների վառելիքի և մազութի պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011) փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են վառելիքի որակական հատկանիշների ստանդարտացմանը և տեխնիկական կանոնակարգերի արդիականացմանը:
Մասնավորապես քննարկվել են վառելիքի տարբեր տեսակների նկատմամբ սահմանվող պահանջների հստակեցմանը, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման մեխանիզմներին, վառելիքի լոգիստիկ շղթայի բոլոր փուլերում՝ տեղափոխման և պահպանման ընթացքում որակական հատկանիշների անփոփոխելիության վերահսկողությանը, արտադրանքի որակը հավաստող ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանն ու դրանցում ներառվող տեղեկատվության հստակեցմանը, ինչպես նաև փորձաքննությունների և լաբորատոր հետազոտությունների մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային խմբի նիստի արդյունքներով նախատեսվում է ամբողջացնել փոփոխությունների վերջնական նախագիծը՝ հաշվի առնելով անդամ պետությունների փորձագիտական դիտարկումներն ու առաջարկությունները:
Նմանատիպ քննարկումները հնարավորություն են տալիս ձևավորել միասնական մոտեցում, համադրել ԵԱՏՄ անդամ երկրների փորձագիտական ներուժը և ապահովել արտադրանքի անվտանգության ու որակի բարձր մակարդակ ընդհանուր շուկայում:

news

Բյուրոյի փորձագետները հաջողությամբ հաղթահարել են UNODC-ի միջազգային որակավորման ստուգիչ թեստավորման հերթական փուլը UNODC - United Nations Office on Drugs and Crime}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները շարունակում են ակտիվորեն ներգրավվել միջազգային մասնագիտական որակավորման գործընթացներում՝ ապահովելով կազմակերպության ներկայացվածությունը համաշխարհային ժամանակակից գիտագործնական հարթակներում։ 
Մասնավորապես՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) որակի ապահովման միջազգային ծրագրի (IQAP) փորձարկումներին՝ հաջողությամբ հաղթահարելով 2025 թվականի ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլը: 
Ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը տրամադրվել էին կենսաբանական ծագման «կույր» նմուշներ՝ դրանցում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով:
Հետազոտություններն իրականացվել են գերժամանակակից անալիտիկ սարքավորումների կիրառմամբ, այդ թվում՝ մաս-սպեկտրաչափով համակցված գազային քրոմատոգրաֆի (GC-MS), ինչպես նաև եռակի քառաբևեռ մաս-սպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի (LC-MS/MS) միջոցով: 
Ստացված արդյունքները եղել են հավաստի ու ճշգրիտ՝ լիարժեք համապատասխանելով նմուշների հսկիչ (ստուգիչ) տվյալներին: 
UNODC-ի կողմից իրականացվող նմանօրինակ միջազգային ծրագրերին մասնակցությունը միտված է լաբորատորիաների գործունեության որակի արտաքին գնահատմանը, փորձագիտական ներուժի շարունակական զարգացմանը և հետազոտական հնարավորությունների ընդլայնմանը։

news

Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումները ներգրավվել են «FOR FUTURE» միջազգային նախագծում}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով գիտագործնական կարողությունների շարունակական կատարելագործման և ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան հետազոտական մեթոդների կիրառման սկզբունքներին, ակտիվորեն մասնակցում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) կողմից իրականացվող «FOR FUTURE» (Հանուն ապագայի. դատափորձագիտական հիմունքներ, տեխնոլոգիա, բազմակողմանիություն, հետազոտություն, գնահատում) խորագրով բազմաառարկայական համալիր վարժությունների (MdCEP) հերթական փուլին։
🇪🇺Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ENFSI-ի հովանու ներքո իրականացվող այս նախագիծն առանցքային նշանակություն ունի ENFSI անդամ կառույցների գիտամեթոդական ներուժի զարգացման, իրականացվող հետազոտությունների որակի բարձրացման և դատափորձագիտական բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար։
Նախագծի «MONOPOLY PROJECT 2022 – WP2» աշխատանքային ծրագրի փորձարկումներում ներգրավված են Բյուրոյի հետքաբանական, դատագենետիկական, ինչպես նաև տեսաձայնագրային փորձաքննությունների բաժինների առաջատար փորձագետները:
Փորձարկումներն իրականացվում են մեկ միասնական քրեական վարույթի մոդելավորված սցենարի շրջանակներում, ինչը պահանջում է տարբեր գիտակարգերի համադրում և միջմասնագիտական սերտ համագործակցություն:
Նախագծի շրջանակներում Բյուրոյի փորձագետները հետազոտել են տրամադրված փորձանմուշները, այդ թվում՝ CD-ROM կրիչ, մատնադրոշմների քարտեր և ձայնային նմուշներ՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ:
Աշխատանքները համակարգվել են Իտալիայի Կարաբինիերների դատափորձագիտական ծառայության կողմից, իսկ փորձարկումների վերջնական արդյունքների ամփոփումը և համապատասխան զեկույցի հրապարակումը նախատեսված է 2026 թվականի առաջին կիսամյակում։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջազգային նախագծերին՝ նպատակ ունենալով շարունակաբար կատարելագործել իրականացվող փորձաքննությունների որակը, ապահովել լաբորատորիաների համապատասխանությունը միջազգային չափանիշներին և բարձրացնել կառույցի միջազգային ճանաչելիությունը:

news

Ինչպե՞ս արտաքին հատկանիշներով տարբերակել կեղծված ալկոհոլային խմիչքը բնօրինակից}

Ժամը լրատվականի պատրաստած ամբողջական ռեպորտաժը`

news

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ տասնչորսերորդ համարը։}

Պարբերականում ներկայացված արժեքավոր գիտական աշխատանքները ներառում են դատափորձագիտական բնագավառի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրները՝ նպատակ ունենալով ամրապնդել ոլորտի գիտամեթոդական ապահովումն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակներում։
​Գիտական հոդվածներն ընդգրկում են դատափորձագիտական ոլորտի այնպիսի առանցքային ուղղություններ, ինչպիսիք են ձգաբանական, նյութագիտական, ապրանքագիտական, շինարարատեխնիկական, ֆինանսատնտեսագիտական, տեխնոլոգիական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննությունները։
​Լիահույս ենք, որ սույն համարում ներկայացված գիտական հոդվածները կնպաստեն ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ արդյունավետ մասնագիտական քննարկումների ծավալմանը և գիտական կապերի ամրապնդմանը:
​Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք էջ.
www.nbe.am
​Հետևեք մեզ նաև Telegram-ում.
t.me/nbeofRA

news

​Փորձաքննությունների ազգային բյուրոյի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա առթիվ։}

Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը դատափորձագիտական բնագավառի զարգացման գործում և շնորհակալ ենք ձեր արգասաբեր աշխատանքի համար։
​Մաղթում ենք մասնագիտական վերելքներ, ընտանեկան ջերմություն, անսպառ եռանդ և երջանկություն։

https://www.facebook.com/reel/1259934102907812