slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2024

Archive

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին

Միջազգային փոխգործակցության շրջանակներում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի կազմակերպած «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Հունգարիայից և այլ երկրներից:
Գիտաժողովի բացմանը Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, «Տիտու Մայորեսկու» համալսարանի գիտական ղեկավար Գեորգի Պոպան շնորհակալութուն հայտնեց միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար՝ շեշտելով նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ վերջերս ձևավորված փոխգործակցության կարևորությունը:
Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահն ընդգծեց Հայաստանում սեպտեմբերի 25-27-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման և Հայաստանում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերի ներդրման գործում Բյուրոյի ցուցաբերած նախաձեռնողականությունը: 
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը: 
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների՝ այդ թվում արհեստական բանականության արագ զարգացումը հանգեցրել է դրանց կիրառման շրջանակների ընդլայնմանը ինչպես ներպետական, այնպես էլ անդրազգային հանցավորության շրջանում, ինչն իր հերթին դատափորձագիտական համայնքից պահանջում է համարժեքորեն զարգացնել իր հետազոտական կարողությունները հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն օժանդանելու նպատակով: «Դատական փորձաքննությունների բնագավառում հետազոտական հնարավորությունների առաջանցիկ զարգացումը մեծապես աջակցում է օրենքի գերակայության ապահովման և օրինականության հաստատման գործին: Նմանատիպ համաժողովների անցկացումը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել և քննարկել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները, այլև նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները, իսկ փորձի փոխանակումը և համատեղ շփումները նպաստում են փորձագիտական անձնակազմի գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը»,-իր խոսքում նշել է Բյուրոյի տնօրենը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Արհեստական բանականության կոդավորումը միջազգային իրավունքում. հնարավորություններն ու ռիսկերը», «Արհեստական բանականության իրավական բնույթը. Արհեստական բանականության վստահելիությունը», «Արհեստական բանականություն և քրեական արդարադատություն. ներկան և ապագան», «Արհեստական բանականության կիրառման ռիսկերը դատափորձագիտական նույնականացման գործունեության մեջ», «Արհեստական բանականությունը կիբերպատերազմում. ԱԲ-ի հարձակումները և դատափորձագիտական թվային մարտահրավերները» և այլն:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) պաշտոնական կայքում անդրադարձ է կատարվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին`կարդացեք այստեղ: enfsi.eu/news

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը մրցանակի է արժանացել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթում

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, ԳԱԱ «Արվեստի ինստիտուտի» ասպիրանտ Գայանե Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» գիտական աշխատանքների մրցույթում: 
Հոկտեմբերի 17-ից 18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային 20-րդ գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված մրցույթին մասնակցում էին երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Բելառուսից և Ռուսաստանից: Միջոցառման նպատակն է երիտասարդ գիտնականներին ներգրավել դատական փորձաքննության արդի խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում: 
Հոկտեմբերի 17-ին մրցույթի եզրափակիչ փուլ անցած շուրջ երկու տասնյակ մասնակիցներ, որոնց թվում էին նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանը և մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Հովհաննիսյանը, հեռավար ձևաչափով ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները: 
Մրցույթի շրջանակներում Ջուլիետա Ղահրամանյանը հանդես է եկել «Նավթամթերքների և դյուրավառ հեղուկների հետքերի գազքրոմատոգրաֆիկ նույնականացումը հրդեհատեխնիկական փորձաքննությունների կատարման ժամանակ» թեմայով զեկույցով, իսկ Գայանե Հովհաննիսյանը՝ «Մշակութային վանդալիզմը հնագիտական փորձաքննությունների համատեքստում» թեմայով զեկույցով:
Գայանե Հովհաննիսյանն իր գիտական աշխատանքում անդրադարձել է դատափորձագիտական բնագավառի զարգացող ուղղություններից մեկը համարվող հնագիտական բնագավառի փորձաքննությունների առանձնահատկություններին՝ շեշտը դնելով մշակութային վանդալիզմի դեպքերի բացահայտման գործընթացում մշակութաբանական փորձաքննությունների անցկացման կարևորության վրա: 
Հիշյալ գիտական աշխատանքի արդյունքում Գայանե Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթի «Լավագույն գործնական կողմնորոշիչ աշխատանք» անվանակարգում: 
Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհավորում է մրցույթում հաջողություններ գրանցած Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումներին մասնակցության և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու անհրաժեշտությունը:

Archive

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին հեռավար ձևաչափով մասնակցել են Ուկրաինայի արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների ինստիտուտի կազմակերպած «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ականավոր գիտնական Վլադիսլավ Ֆեդորենկոյի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Հունգարիայից, Չեռնոգորիայից, Մոլդովայից և այլ երկրներից:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանը:
Խոսելով ուկրաինացի գործընկերոջ՝ երջանկահիշատակ Վլադիսլավ Ֆեդորենկոյի մասին, Բյուրոյի փոխտնօրենը ջերմությամբ հիշեց նրա հետ ունեցած մասնագիտական շփումների և արդյունավետ համագործակցության մասին:
«2019 թվականից ի վեր բացառիկ հնարավորություն ենք ունեցել համագործակցելու Վլադիսլավ Լեոնիդովիչի հետ՝ իսկական պրոֆեսիոնալի, ով տիրապետում էր մտավոր սեփականության արդյունքների գնահատման խորը գիտելիքների: Նշանակալի է նրա ավանդը փորձագիտական տվյալ բնագավառի փորձագիտական հնարավորությունների և գիտական մտքի շարունակական զարգացման և հիմնավոր արդյունքների ապահովման գործում: 
Նրա նախաձեռնության և ակտիվ մասնակցության շնորհիվ ստեղծվել է իր տեսակով յուրահատուկ հայ-ուկրաինական մեթոդական խումբ, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննությունների համար կիրառվող մեթոդական բառարան: Նշված գործընթացը  հնարավորություն ընձեռեց իրականացնել համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև փորձի փոխանակում՝ մտավոր սեփականության օբյեկտների փորձաքննությունների կարողությունների զարգացման նպատակով: Մեծ էր նաև Վլադիսլավ Լեոնիդովիչի ձգտումը մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննության շրջանակներում գիտական հետազոտությունների և մեթոդաբանության մշակման զարգացման գործում»,-իր խոսքում նշեց Արամ Գահնապետյանը:
Անդրադառնալով Վլադիսլավ Ֆեդորենկոյի ղեկավարման ժամանակահատվածում Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի և  ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև ձևավորված համագործակցությանը, Գահնապետյանը հիշեցրեց 2019թ. Բյուրոյի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ ապահովելով փոխգործակցության առավել բարձր մակարդակ:
Գիտաժողովի շրջանակներում «Մտավոր սեփականության օբյեկտների գնահատման առանձնահատկությունները կատարված փորձաքննությունների շրջանակներում» թեմայով համատեղ զեկույցով հանդես եկան Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Աննա Հարությունյանը և Շուշանիկ Մովսիսյանը:
Անդրադառնալով Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի միջև իրականացված համատեղ հետազոտություններին, Աննա Հարությունյանը նշեց, որ ստացված արդյունքների հիման վրա մշակվել են մի շարք մեթոդական մոտեցումներ, որոնք կիրառելի են նաև ՀՀ-ում իրականացվող ապրանքագիտական փորձաքննությունների բնագավառում: Մեթոդական մոտեցումները, որոնք ներկայացված են մտավոր սեփականության օբյեկտների արժեքի պարզման հիմնական տասը քայլերով, հիմք են հանդիսանում նմանատիպ փորձաքննությունների անցկացման համար՝ ապահովելով օբյեկիվ և լիարժեք փորձագիտական եզրակացություններ:
«Մտավոր սեփականության արդյունքներն, ընդհանուր առմամբ շատ յուրահատուկ են՝ կախված այն հանգամանքից, թե ո՞վ է հեղինակը, ի՞նչ հեղինակություն ունի, ի՞նչ իրավունքներով է պաշտպանված տվյալ մտավոր սեփականության արդյունքը, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ նյութեր են օգտագործվել դրանց ստեղծման համար, ի՞նչ լրացուցիչ օգուտ կարելի է քաղել տվյալ մտավոր սեփականութան կիրառումից և այլն: Նշված հանգամանքների պարզումը չափազանց կարևոր է մտավոր սեփականության օբյեկտների արժեքի պարզման գործընթացում օբյեկտիվ և լիարժեք հետևությունների հանգելու համար»,-նշեց փորձագետը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:

Archive

ԱՄՆ գործընկերը խոսել է Բյուրոյի հետ համագործակցության, Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաների հնարավորությունների, զարգացման հեռանկարների և այլ կարևոր հարցերի շուրջ

Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեագիտական հետախուզության ուսուցումների աջակցման ծրագրի ներկայացուցիչ Մարկ Մոգլը հարցազրույց է տվել հայաստանյան առաջատար NEWS.am լրատվական գործակալությանը:
ԱՄՆ գործընկերը խոսել է Բյուրոյի հետ համագործակցության, Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաների հնարավորությունների, զարգացման հեռանկարների և այլ կարևոր հարցերի շուրջ:
Ամբողջական հարցազրույցը`  

 

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ակտիվ փոխգործակցությունը ոլորտի սարքավորումային ապահովման գործում առաջադեմ արդյունքներ գրանցող ընկերությունների հետ

Դատափորձագիտական սարքավորումների արտադրման ոլորտում առաջատար Regula ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Բուտուրլիան օրերս այցելել էր ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ կազմակերպությունում ներդրված տվյալ ընկերության արտադրության սարքավորումային համալիրի գործնական կիրառության շրջանակների դիտարկման, հնարավորությունների ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման և հետագա համագործակցության նոր հեռանկարների ձևավորման նպատակով:
Հարկ է նշել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նախորդ տարի նշված ընկերությունից ձեռք բերված «Regula 4307» մոդելի տեսապատկերային համեմատական սարքավորումային համալիրը վերջին սերնդի ծրագրային ապահովումներով ակտիվ կիրառվում է փաստաթղթաբանական և այլ բնագավառների փորձագիտական հետազոտությունների իրականացման գործընթացում՝ ապահովելով ընդգրկուն տվյալների բազաների տեղեկատվության հետ համեմատման արդյունքում հիմնավոր ապացույցների տրամադրում: 
Նշենք, որ Regula ընկերությունը համաշխարհային առաջատար կազմակերպություններից է, որը զբաղվում է նաև դատափորձագիտական ոլորտի սարքավորումների ստեղծմամբ, ինչպես նաև  նույնականացման նպատակով կիրառվող ծրագրային ապահովումների մշակմամբ:
Ձեռք բերված սարքավորումները կիրառվում են նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝ առավել առաջադեմ արդյունքների ապահովման նպատակով:
Հաշվի առնելով «Regula» ընկերությունից ձեռք բերված սարքավորումային համալիրի կիրառման և նոր հնարավորությունների ընդլայնման կարևորությունը, Բյուրոն հանձնառու է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ոլորտի սարքավորումային ապահովման գործում առաջադեմ արդյունքներ գրանցող ընկերությունների հետ:

Archive

Հրատարակվել է դենդրոխրոնոլագիական փորձաքննություններին առնչվող համատեղ բացատրական բառարան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև իրականացված համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել  և հրատարակվել է դենդրոխրոնոլոգիական փորձաքննություններին առնչվող համատեղ բացատրական բառարան (ուղեցույց):
Տեղեկատու մեթոդական ուղեցույցում ընդգրկված են դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների բնագավառում հանդիպող հիմնական տերմինները:
Ուղեցույցի համահեղինակների թվում են Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, Բյուրոյի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Պետրոսյանը, Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների լաբորատորիայի ղեկավար Աննա Խոխը: 
Բառարանը կիրառելի է ինչպես դատափորձագիտական և դատաքննչական բնագավառներում, այնպես էլ ուսումնական գործընթացներում փորձագետների որակավորման բարձրացման նպատակով:

Archive

Բելառուս գործընկերների հետ մշակվել և հրատարակվել է էկոլոգիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող մեթոդիկա

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացված համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա համատեղ մշակվել և հրատարակվել է էկոլոգիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող մեթոդիկա, որը վերաբերում է հաշվարկման և վերլուծական մեթոդների կիրառմամբ շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների վրա մարդածին ազդեցության հանգամանքների պարզմանը: 
Մեթոդիկայի հեղինակներն են Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Պատվական Ոսկանյանը և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների լաբորատորիայի ղեկավար Աննա Խոխը: 
Աշխատությունում  ներկայացված են ընդհանուր մեթոդական դրույթներ, էկոլոգիական փորձաքննության անցկացման ընթացակարգեր՝ գնահատելու հաշվարկման և վերլուծական մեթոդի կիրառմամբ շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների վրա մարդածին ազդեցությունը: 
Գործընթացն իրենից ներկայացնում է միմյանց փոխկապակցված ֆունկցիոնալ բլոկների հաջորդականություն, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է փորձագետի կոնկրետ գործողության իրականացումը՝ ստացվող նյութերի տվյալներին ծանոթացումից մինչև ստացված արդյունքների գնահատում և եզրակացության կազմում: 
Մեթոդիկան կիրառելի է ինչպես դատափորձագիտական և դատաքննչական բնագավառներում, այնպես էլ ուսումնական գործընթացներում փորձագետների որակավորման բարձրացման նպատակով:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ընթանում են քննիչների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ընթանում են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները, որին ներգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները: 
Դասընթացների ուսումնական ծրագրերն ընդգրկում են փորձաքննությունների առնվազն 23 տեսակներին, ինչպես նաև քրեաբանության արդի հիմնախնդիրներին և կիրառական նշանակությանն առնչվող ընդհանուր 7 տասնյակից ավելի թեմաներ։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքնությունների նշանակման, կատարման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կծանոթանան ամբողջական ելակետային տվյալներ ներկայացնելու, յուրաքանչյուր դեպքին համարժեք թիրախային և արժեքավոր ապացույցների ստացում ենթադրող հարցադրումների առաջադրման առանձնահատկություններին՝ կարևորելով ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների կիրառումը։
Դասընթացի քննական թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող շուրջ չորս տասնյակ քննիչներ ընթացիկ տարում արդեն իսկ ստացել են համապատասխան վկայագրեր:
Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչը կարևոր նշանակություն ունի հանցագործությունների քննության բարձր որակի բարձրացման և մեր երկրում օրենքի գերակայության ապահովման գործում:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի գործընկերների կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովին

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են Մոլդովայի դատական փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության դերը քրեագիտական և դատավարական գործընթացներում» թեմայով միջազգային գիտաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Հայաստանից, Իտալիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Հունգարիայից և եվրոպական այլ երկրներից:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով և ելույթով է հանդես եկել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ժամանակակից աշխարհում քրեական և քաղաքացիական դատավարությունում դատական փորձաքննությունների դերը դառնում է ավելի նշանակալի՝ պահանջելով ոչ միայն խորը տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ, որի զարգացման հարցում մեծ է միջազգային համագործակցության և բազմակողմ շփումների դերը:
«Դատական փորձաքննությունների բնագավառում հետազոտական հնարավորությունների առաջանցիկ զարգացումը մեծապես աջակցում է օրենքի գերակայության ապահովման և օրինականության հաստատման գործին: Նմանատիպ համաժողովների անցկացումը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել և քննարկել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները, այլև նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները, իսկ փորձի փոխանակումը և համատեղ շփումները նպաստում են փորձագիտական անձնակազմի գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը»,-իր խոսքում նշել է Բյուրոյի տնօրենը:
Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի դատական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագային և Կենտրոնի անձնակազմին՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցության հարցում ցուցաբերած պատրաստակամության, երկկողմ և բազմակողմ ոլորտային միջազգային կապերի ամրապնդման և ընդլայնման համար:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ քրեական դատավարությունում փորձաքննության ապացուցողական նշանակության, դատավարության ընթացքում փորձագիտական եզրակացությունների կիրառման սահմանների, դատական  փորձաքննության նոր տեսակների ձևավորման, լինգվիստիկական փորձաքննության նշանակության, դատական փորձաքննությունների բնագավառում գրաֆոլոգիայի դերի և այլ արդիական թեմաների վերաբերյալ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն ամրապնդում է Ուկրաինայի գործընկերների հետ համագործակցությունը

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս. Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տյուլենևը կնքել են հաստատությունների միջև համագործակցության և փոխգործակցության ընդգրկուն հուշագիր: 
Նպատակ ունենալով զարգացնել դատափորձագիտական և գիտատեղեկատվական ոլորտներում արդեն իսկ ձևավորված փոխգործակցային կապերը, կողմերը պայմանավորվել են համագործակցել դատական փորձաքննությունների և քրեաբանության բնագավառների մի շարք ուղղություններով ևս:
Նախանշվել են ոլորտի զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, երկու երկրների օրենսդրությունների շրջանակներում պետության շահերի, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ փոխգործակցության այլ կարևոր ուղղությունները:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է միջազգային գիտագործնական կապերի զարգացումն՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն կազմակերպում է միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Կազմակերպության հիմնադրման 20-ամյակին

2024թ. սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանում կանցկացվի «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին:
Գիտաժողովի կազմակերպիչ՝  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
25.09.2024թ.–գիտաժողովի բացում, հանդիսավոր արարողություն և պլենար նիստ
Անցկացման վայրը՝
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր (Հասցե՝ ՀՀ, Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք)
26.09.2024թ.-սեկցիոն նիստեր
Թվով 3 սեկցիաների անցկացման վայրը՝
«ԻԲԻՍ ԵՐԵՎԱՆ ՍԵՆԹՐ» հյուրանոց (Հասցե՝ ՀՀ, Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք)
Թվով 2 սեկցիաների անցկացման վայրը՝
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ (Հասցե՝ ՀՀ, Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24)
27.09.2024թ.–գիտագործնական սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և մասնագիտական թրեյնինգներ
Անցկացման վայրը՝
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ (Հասցե՝ ՀՀ, Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24)
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովի աշխատանքները ծավալվելու են հետևալ հինգ հիմնական ուղղություններով՝ սեկցիաներով.
Սեկցիա 1. Դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական
ապահովման ժամանակակից պահանջներն ու խնդիրները, դերը պետության և անձանց
իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում
Սեկցիա 2. Քրեագիտական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Սեկցիա 3. Դատաքիմիական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Սեկցիա 4. Ինժեներատեխնիկական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Սեկցիա 5. Դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման հեռանկարները
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեղեկատվական ապահովման բաժնի 010 77-77-10 (162) հեռախոսահամարով, կամ գրել info@nbe.am էլ. հասցեին:
 

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի շնորհավորական ուղերձը ՀՀ Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակի առթիվ

Հարգելի՛ պարոն Քյարամյան, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Քննչական կոմիտեն անցած տասնամյակի ընթացքում ձևավորել է մասնագիտական բարձր գիտելիքներով օժտված փորձառու անձնակազմ՝ առանձնահատուկ դերակատարում ստանձնելով մինչդատական քրեական վարույթի արդյունավետ կազմակերպման և իրականացման գործում: 
Անցած տարիների ընթացքում Քննչական կոմիտեի անձնակազմն ապացուցել է հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայելու առաքելության բարձր գիտակցումով իրագործման սկզբունքին իր հավատարմությունը՝ պատվախնդրորեն կատարելով օրենքով վերապահված լիազորությունները, արդյունավետորեն հակազդելով հանցավորությանը, շարունակական ջանքեր ներդնելով մեր երկրում օրենքի գերակայության ապահովման և օրինականության հաստատման կարևոր գործում: 
Նշվածն առանձնակի ընդգծվեց հատկապես հայրենիքի նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմների արհավիրքներին դիմակայության, նախաձեռնված իրավական գործընթացների աննախադեպ ծավալի պատշաճ ընթացքի ապահովման համատեքստում։ Հարկ է նաև ընդգծել, որ հանցավորության շարժընթացի, ժամանակակից աշխարհի և տարածաշրջանային մարտահրավերների ու զարգացումների պայմաններում Քննչական կոմիտեի առջև դրվող խնդիրներն արդյունավետ կարող են լուծվել կարողությունների շարունակական զարգացման, աշխատանքների ճիշտ կոորդինացման և առավելագույն կոնսոլիդացման արդյունքում, որի լավագույնս իրագործման առումով Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր գործընկերներին մաղթում եմ անկոտրում կամք և վճռականություն՝ գործունեության հաջորդ շրջափուլերում ևս հայրենիքին ծառայելու պատվաբեր գործի արդյունավետ իրականացման և իրավական պետության կերտման բարդ գործընթացում ծանրակշիռ դերակատարում ունենալու համար: Նշվածի արդյունավետ իրականացմանն օժանդակելու առումով կարևոր է ընդգծել նաև Քննչական կոմիտեի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև ձևավորված միջոլորտային արդյունավետ փոխգործակցային հարաբերությունների շարունակական զարգացման և բարձր մակարդակի ապահովման նշանակությունը՝ ընդհանուր գործում առավել առաջադեմ արդյունքների դրսևորման, կարողությունների համատեղմամբ հանցավորության դեմ անզիջում պայքարի մղման նպատակով: 
Կրկին շնորհավորելով հոբելյանական օրվա առթիվ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ, բավարար ուժ և եռանդ՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների անշեղ իրականացման համար: 
ՏՆՕՐԵՆ՝ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Archive

Բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակից օտարերկրյա պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ սեպտեմբերի 27-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։
Արտերկրի հեղինակավոր դատափորձագիտական և գիտահետազոտական կառույցների ղեկավարներն ու առաջատար փորձագետները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են ցեղասպանության մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, տեղի ունեցած իրողություններին, ինչպես նաև հուշահամալիրի ստեղծման պատմությանը։
Օտարերկրյա հյուրերն այցի ավարտին գրառումներ են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Archive

Միջազգային գիտաժողովի երրորդ օրը կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական սեմինարներ են տեղի ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյում

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի երրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական սեմինարների ձևաչափով: 
Կլոր սեղան-քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական ապահովման ժամանակակից պահանջներին և խնդիրներին, դատական փորձագետների պատրաստման և որակավորման բարձրացման արդի հիմնահարցերին, մասնակից երկրներում գործող կառուցակարգերի, լավագույն փորձի հիման վրա ոլորտի զարգացման արդյունավետ ուղիների վերլուծությանը: Քննարկվել են դատաքիմիական փորձաքննությունների արդի հիմնահարցերը և զարգացման միտումները, ներկայացվել են մասնակից երկրներում դատաքիմիական բնագավառի հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները և առավել հաճախ ի հայտ եկող խնդիրնեը, վերլուծվել լավագույն փորձի հիման վրա դրանց լուծման արդյունավետ ուղիները: 
Ներկայացվել են դատաինժիներատեխնիական փորձաքննությունների արդի խնդիրների և զարգացման միտումները, արհեստական բանականության կիրառմամաբ դատափորձագիտական հնարավորությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև քննարկվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների արդի հիմնահարցերը և զարգացման միտումները, մասնակից երկրներում նշված բնագավառների հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները և առավել հաճախ ի հայտ եկող խնդիրները, լավագույն փորձի հիման վրա դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Նույն օրը կազմակերպվել են նաև այցելություններ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներ՝ գործնական բաղադրիչի ցուցադրումով և վարպետության դասընթացների իրականացմամբ:
Գիտաժողովի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտասահմանյան տարբեր երկրներից մասնակից գործընկերների հետ մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքների և գիտագործնական հնարավորությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: