slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2021

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

 2021թ.-ի ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ում հյուրընկալվեցին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի գործունեության ուղղությունների շրջանակներում երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության ծավալման առկա հնարավորությունները, առավել հրատապ լուծումներ պահանջող առաջնահերթ խնդիրները և ոլորտին վերաբերող այլ հարցեր, այդ թվում Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրված դենդրոխրոնոլոգիական հետազոտական համալիրի ընձեռած հնարավորությունների կիրառմամբ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման վերաբերյալ:

          Հանդիպման շրջանակներում կնքվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա համակողմանի փոխգործակցություն ծավալել՝ ի նպաստ ինչպես դենդրոխրոնոլոգիական, այնպես էլ այլ հետազոտական հնարավորությունների և տեղեկատվական բազանների կիրառմամբ շրջակա միջավայրի վրա տարբեր գործոնների ազդեցության հետ կապված օրինաչափությունների հայտնաբերման, գնահատման և գիտականորեն հիմնավորված վերլուծությունների արդյունքում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կանխարգելիչ և այլ ծրագրերի առավել նպատակային իրականացմանն ու կիրառական նշանակություն ունեցող գիտահետազոտական նոր արդյունքների ստացմանը:

          Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդնելու բոլոր ջանքերը կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ակտիվ փոխգործակցության ծավալման համար՝ հույս հայտնելով, որ երկու կազմակերպությունների ներուժի, գիտագործնական հնարավորությունների և տեղեկատվական բազանների ներդաշնակ համատեղումն անխոս կնպաստի աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովմանը և առկա ոլորտային խնդիրների լուծման արդյունավետ ուղեների մշակմանը մեր երկրում:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները 2021թ-ի ապրիլի 15-ից 16-ը մասնակցել են Ուկրաինայի Հանրապետության «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ»  ազգային գիտական կենտրոնի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն  անցկացվել է առցանց ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցել են մի շարք դատափորձագիտական և գիտաուսումնական կազմակերպությունների ղեկավարներ և ավելի քան 250 գիտնականեր ու փորձագետներ  Ուկրաինայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Մոլդովայից, Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Իսրայելից, Բելառուսից, Վրաստանից և այլ երկրներից:

 Գիտաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան Ալեքսանդր Կլյուևը, Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Անդրեյ Հայչենկոն, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, Ուկրաինայի և մասնակից երկրների այլ պաշտոնյաներ:

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում տեղի ունեցած պլենար նիստերի ընթացքում զեկույցներով հանդես են եկել մի շարք երկրների առաջավոր գիտնականներ, փորձագետներ և այլ ներկայացուցիչներ, որոնց շարքում Բյուրոյի գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:

Միջազգային գիտագործնական գիտաժողովի ընթացքում հնչել են մի շարք ելույթներ՝ նվիրված դատական փորձագիտության և քրեագիտության արդի հիմնախնդիրներին, առաջավոր փորձի վրա հիմնված նորագույն մեթոդներին և մեթոդիկաններին, իրավակարգի պահպանման և ամրապնդման գործում դատական փորձաքննության և քրեագիտության դերին:

Միջոցառման շրջանակներում հրատարակվել է նաև միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Փորձաքննության ազգային բյուրոյից  ներկայացված գիտական հոդվածները:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովների անցկացումը՝ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման, լավագույն փորձի ներդրման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտագործնական գիտաժողովին

2021 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Արևելք-Արևմուտք. Համագործակցությունը դատական  փորձաքննության ոլորտում: Դատական փորձաքննությունների շրջանակներում հետազոտելի օբյեկտների արժեքի որոշման արդի խնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին՝ առցանց ձևաչափով:

Միջազգային գիտաժողովն ուղղված էր oժանդակելու պետական մարմիններին, գիտական, կրթական հաստատություններին և շահագրգիռ այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են դատական փորձաքննություններ տարատեսակ օբյեկտների արժեքի որոշման հետ կապված:

Միջոցառման  նպատակն էր նաև փորձի փոխանակումը Ռուսաստանի և մասնակից մյուս երկրների՝  Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուզբեկստանի գիտական, կրթական և դատափորձագիտական կազմակերպությունների, ինչպես նաև ՇՀԿ և ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների միջև դատական փորձաքննության շրջանակներում հետազոտելի օբյեկտների գնահատման  հարցերի վերաբերյալ:

 Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով, այնուհետև նաև ելույթներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն Ս.Սմիռնովան, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օ. Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը և ուրիշներ:

Պլենար նիստի ընթացքում գիտաժողովի մասնակիցների կողմից ներկայացվել են շուրջ 2 տասնյակ զեկույցներ, այդ թվում նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագետ փորձագետի կողմից, որոնք հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Հաշվի առնելով բարձրացված խնդիրների  լուծման արդյունավետ ուղիների մշակման կարևորությունը՝ պլենար նիստի ընթացքում ծավալվել են ակտիվ և արդյունավետ քննարկումներ:

          ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նմանատիպ միջազգային գիտագործնական միջոցառումներին մասնակցությունը կրում է պարբերական և շարունակական բնույթ՝ ի նպաստ միջազգային առաջավոր փորձի և գիտամեթոդական նորարարական հնարավորությունների տեղայնացմանն ու կիրառմանը մեր երկրում:

Archive

Անցկացվել է միջազգային գիտամեթոդական վեբինար «Ապրանքային նշանները Ուկրաինայում, դատափորձագիտական ասպեկտներ» խորագրով

2021 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուկրաինայի Արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով  դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի միջև 2019 թվականին կնքված համագործակցության մասին հուշագրի համաձայն ծավալված ակտիվ փոխգործակցության շրջանակներում համատեղ անցկացվել է միջազգային գիտամեթոդական վեբինար՝ «Ապրանքային նշանները Ուկրաինայում, դատափորձագիտական ասպեկտներ» խորագրով, որին մասնակցել են Բյուրոյի համապատասխան մասնագետները:

          Նմանատիպ միջազգային գիտամեթոդական վեբինարների պարբերաբար անցկացման նպատակն է՝ հայ-ուկրաինական մեթոդական գրասենյակի գործունեության շրջանակներում իրականացնել մտավոր սեփականության օբյեկտների փորձագիտական հետազոտությունների տեսական և մեթոդական գիտելիքների և փորձի փոխանակում՝ վերհանելով առկա խնդիրները և քննարկելով դրանց լուծման արդյունավետ ուղիները:

          Նման միջոցառումների իրականացումը լինելու է շարունակական՝ ի նպաստ մեր երկրում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող դատափորձագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կապերի ամրապնդմանն ու ոլորտի կայուն առաջընթացի ապահովմանը:

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը Ամերիկյան քրեագիտական լաբորատորիաների տնօրենների միության (ASCLD) գործընկեր Դատական տեխնոլոգիայի գերազանցության կենտրոնի կողմից կազմակերպված առցանց սեմինարների շարքին (FTCoE)

Ընթացիկ տարում գիտագործնական բնույթի աշխատանքների բարելավման և միջազգային գործընկեր կառույցների առաջավոր փորձին ծանոթանալու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդիկաների դատական փորձաքննությունների ոլորտում արդի սարք-սարքավորումների հնարավորություններին պատշաճ իրազեկման նպատակով Կազմակերպությունը շարունակել  է  ակտիվ մասնակցել Ամերիկյան քրեագիտական լաբորատորիաների տնօրենների միության (ASCLD) գործընկեր Դատական տեխնոլոգիայի գերազանցության կենտրոնի (FTCoE) կողմից կազմակերպվող առցանց  գիտամեթոդական սեմինարների շարքին:

Առցանց գիտամեթոդական սեմինարներին մասնակցել են ինչպես  Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը, այնպես էլ համապատասխան ստորաբաժանումների և որակի ապահովման բաժնի աշխատակիցները:

Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 8-ին և 11-ին տեղի ունեցած գիտամեթոդական սեմինարների շարքը նվիրված էր՝ «Նոր սինթեզվող  սինթետիկ օպիոիդների բնութագիրը և դրանց դեմ պայքարին ուղղված ձեռնարկվող կանխարգելիչ մոտեցումները» և «Նորագույն սինթետիկ օփիոիդների տարածվածությունը և թքի մեջ վերջիններիս տոքսիկոլոգիական հետազոտման մեթոդները» թեմաներին, որի նպատակն էր բացահայտել նոր սերնդի թմրամիջոցների արագ աճող տեսականին, ծանոթանալ դրանց և դրանց ազդող նյութի կենսաբանական ակտիվությամբ օժտված անալոգների հետազոտման մեթոդներին, ինչպես նաև կենսամիջավայրերում, մասնավորապես՝ թքի մեջ այդ թմրամիջոցների հայտնաբերման, նույնականացման տոքսիկոլոգիական /թունաբանական/ հետազոտությունների ժամանակակից գործիքային մեթոդներին, ինչը հնարավորություն կտա բարձր ճշգրտությամբ իրականացնել նոր սերնդի թմրամիջոցների հայտնաբերման, ինչպես նաև անձանց կողմից վերջիններիս օգտագործման փաստի պարզման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցերի բացահայտման գործընթացները:

Առցանց գիտամեթոդական սեմինարների ավարտին մասնակիցները ստացել են համապատատասխան վկայականներ:

Նման միջոցառումների իրականացումը շարունակական է՝  ի նպաստ մեր երկրում թմրամիջոցների հետազոտման և վերջիններիս տոքսիկոլոգիական /թունաբանական/ հետազոտությունների ոլորտներին վերաբերող դատափորձագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կապերի ամրապնդմանն ու ոլորտի կայուն առաջընթացի ապահովմանը:

Archive

«Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականն ընդգրկվել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների եվ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակ»-ում:

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման 15-րդ տարեդարձի առթիվ 2019 թվականին թողարկված «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականը 2021թ-ից ընդգրկվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների եվ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակ»-ում:

      Հաշվի առնելով այն, որ պարբերականն իր մեջ միավորում է դատափորձագիտական ոլորտի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրների վերաբերյալ դատական փորձագետների, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողների, ինչպես նաև իրավունքի և հարակից տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների տեսակետները Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված ցուցակում ընդգրկվելու հանգամանքն էլ ավելի է նպաստել կարևոր հարթակի ձևավորմանը ոլորտի մասնագետների համար՝ հնարավորություն ընձեռելով իրենց գիտական աշխատանքների լավագույն արդյունքները տպագրել Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված գիտական հրատարակությունում:

          Խմբագրական խորհուրդի կողմից բարձր պատասխանատվությամբ պահպանվել և պահպանվելու է ԴՓՔՀՀ պարբերականում տպագրվող գիտական աշխատանքների պատշաճ մակարդակը և սահմանված չափանիշներին համապատասխանությունը՝ նպատակ ունենալով ապահովել պարբերականի ուրույն տեղը ՀՀ-ի գիտական պարբերականների շարքում:

          Հարկ է ընդգծել, որ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես»-ում հոդվածների տպագրության համար վճար նախատեսված չէ: Պարբերականի հաջորդ համարներում հոդվածների տպագրության համար անհրաժեշտ պայմաններին և ժամկետներին կարող եք ծանոթանալ պարբերականի պաշտոնական կայքում՝ www.journal.nbe.am: