slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոն զարգացնում է միջազգային կապերը Վրաստանի գործընկեր կառույցների հետ

News_Image

Վրաստանի ներքին գործերի նախարարության դատափորձաքրեագիտական վարչության տնօրեն Սերգո Ձագնիձեի, «ThermoFisher Scientific» ընկերության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Խետերելիի և Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեափորձագիտական բյուրոյի ղեկավարի հրավերով 2019 թվականի նոյեմբերի 14-ից 16-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատանքային խումբը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ, գործուղվել է Վրաստան՝ քաղաք Թբիլիսի, մասնակցելու Վրաստանի ներքին գործերի նախարարության դատափորձաքրեագիտական վարչության նոր մասնաշենքի, ներառյալ դատագենետիկական փորձաքննությունների հիմնադրված լաբորատորիայի բացմանը, աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունենալու ինչպես տվյալ, այնպես էլ Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեափորձագիտական բյուրոյի գործընկերների, ինչպես նաև դատափորձագիտական, այդ թվում դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում նորագույն սարք-սարքավորումներ և դրանց համապատասխան լրակազմեր արտադրող խոշորագույն՝ «ThermoFisher Scientific» ընկերության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի ղեկավարության հետ:
Գործուղման շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատանքային խմբին ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարության դատափորձաքրեագիտական վարչության տնօրեն Սերգո Ձագնիձեն, որի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի հետ քննարկվել են փոխգործակցության ծավալման առկա հնարավորություններն ու հիմնական ուղղությունները, երկուստեք ընդգծվել են երկու կառույցների միջև գիտագործնական կապերի ձևավորման և ամրապնդման կարևորությունը՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին մեր երկրներում: Բյուրոյի աշխատանքային խումբը մասնակցել է փորձաքրեագիտական վարչության դատագենետիկական լաբորատորիայի բացմանը, ինչպես նաև կատարվել է շրջայց վարչության բոլոր փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով, տեղում ծանոթանալով առկա նորարարական հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, գործող ընթացակարգերին, կիրառվող նոր մեթոդներին և մեթոդիկաներին, որի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել Բյուրոյի փորձագետների մասնակցությամբ իրականացնել հետազոտություններ նորագույն սարք-սարքավորումների կիրառմամբ՝ դրանց հնարավորությունների դիտարկումով գործնականում, ինչն ունի կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու գործում:
Գործուղման շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատանքային խմբին ընդունել է նաև Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեափորձագիտական բյուրոյի ղեկավար կազմը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վախթանգ Կարգարեթելիի գլխավորությամբ, որի ընթացքում երկուստեք ընդգծվել են երկու կառույցների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ակտիվ փոխգործակցության ծավալման անհրաժեշտությունը՝ նախորդ ժամանակահատվածում համագործակցության առկա ձեռքբերումների հենքի վրա, որի համատեքստում էլ հանդիպման ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեափորձագիտական բյուրոյին հանձնվել է վկայագիր՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ ակտիվ և արդյունավետ միջազգային փոխգործակցության ծավալման համար: 
Այնուհետև, կազմակերպվել և իրականացվել է շրջայց Վրաստանի Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով՝ առանձին հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ ունենալով դատագենետիկական փորձաքննությունների բաժնի ղեկավար Նինո Քոչիաշվիլիի և փորձագիտական թիմի, ինչպես նաև մի շարք այլ բնագավառների փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ: Քննարկվել են դատագենետիկական փորձաքննությունների լաբորատորիայի կառուցվածքային առանձնահատկություններին, տեխնիկական հագեցվածությանը, միջազգային հավատարմագրման գործընթացներին, գործող մեթոդներին և մեթոդիկաներին, որակի կառավարման համակարգին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո դատագենետիկական լաբորատորիայում Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործընկերներին աշխատանքային պայմաններում մանրամասն ներկայացվել են տվյալ կենտրոնում դատագենետիկական փորձաքննության իրականացման բոլոր փուլերը, հետազոտելի նմուշների, այդ թվում պինդ հյուսվածքների (ոսկրեր, ատամներ) հետ սկզբնական աշխատանքային պայմանների, տարբեր միջավայրերում գտնված նմուշների մշակման մեթոդների և հետազոտությունների հաջորդական ընթացքի առանձնահատկություններն ու այլ գործնական մոտեցումներ, որոնք չափազանց կարևոր են հետազոտությունների հավաստի արդյունքների ստացման համար: 
Տարբեր լաբորատորիաներում առանձին քննարկումներ են տեղի ունեցել նաև նյութագիտական, մանրաթելային, ֆիզիկոքիմիական, ձգաբանաքիմիական, նավթամթերքների, նաև շինարարատեխնիկական և որոշ այլ բնագավառների փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ՝ ծանոթանալով ըստ ոլորտների առկա սարք-սարքավորումների կիրառման արդյունավետությանը գործնական խնդիրների լուծման համատեքստում:
Արդյունքում Վրաստանի գործընկերների և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության առկա մակարդակը բարձրացնելու, համատեղ գիտահետազոտական, գիտագործնական ծրագրեր իրականացնելու և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: 
Գործուղման շրջանակներում գործնական հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել նաև «ThermoFisher Scientific» ընկերության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Խետերելիի հետ, ինչն ուներ կարևոր նշանակություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի տեխնիկական հագեցվածության արդյունավետ ապահովման ուղիների դիտարկման և նոր փորձագիտական տեսակներով և ենթատեսակներով հետազոտական նորարարական հնարավորությունների ներդրման ապահովման համատեքստում: 
Փորձաքննությունների ազգային բյուրոն բարձր է գնահատում վրացական կողմի հետ ձևավորված գործընկերային փոխհարաբերությունները, որի վառ օրինակն էր վրաց գործընկերների ցուցաբերած ջերմ ընդունելությունն ու պատրաստակամությունն  ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին մեր երկրներում:

18 November 2019