slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության CEPOL ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ուկրաինայի գործընկերներին

News_Image

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության  փորձի փոխանակման (CEPOL) ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 01-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին Ուկրաինայի Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ֆոնոսկոպիկ, համակարգչային և հեռահաղորդակցության հետազոտությունների բաժնի պետ Յեվգենի Տիմկոն, ձգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Իգոր Սամոիլենկոն և  նյութերի, արտադրանքի ու սննդի փորձաքննությունների բաժնի փորձագետ Նելլի Պոպլովսկայան, ինչպես նաև Ուկրաինայի «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ»  ազգային գիտական կենտրոնի կենսաբանական, անասնաբուժական, հողագիտական փորձաքննությունների բաժնի պետ Վիկտորիա Բուլիավինան և քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի ֆիզիկաքիմիական հետազոտությունների բաժնի փորձագետ Անաստասիա Սինիցինան:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, ծրագրի նպատակն է դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել լավագույն փորձով,  գիտագործնական հնարավորություններով, կիրառվող նոր կատարելագործված մեթոդներով և տեխնոլոգիաներով, նպաստել մասնագիտական ներուժի զարգացմանն ու ոլորտի առաջընթացի ապահովմանը:

Այցելության առաջին օրը Ուկրաինայի Կիևի և Խարկովի  պատվիրակությունների ներկայացուցիչները հանդիպեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և մի շարք փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմի հետ, գործընկերներին ընդունեց նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանը:

Ուկրաինայի գործընկերները ծանոթացան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներին, փորձագիտական ստորաբաժանումների և լաբորատորիաների հագեցվածությանը, կիրառվող արդիական մեթոդներին և մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձագիտական հետազոտությունների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին, ոլորտի գործունեությանն առնչվող իրավակարգավորումներին:

Բյուրոյում գտնվելու ողջ ընթացքում Ուկրաինայի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների ակտիվ շփումներ և մասնագիտական քննարկումներ ունեցան, ինչպես նաև իրականացրեցին համատեղ գործնական աշխատանքներ Բյուրոյի համանման մասնագիտությունների գծով փորձագիտական ստորաբաժանումների աշխատողների հետ միասին, որոնց ընթացքում երկուստեք ցուցադրվեցին մեթոդաբանական առկա հնարավորություններն ու դրանց կիրառման առանձնահատկությունները գործնականում:

Ուկրաինայի և Հայաստանի գործընկերները բարձր պատրաստակամությամբ ներկայացրել, ցուցադրել և փոխանակվել են համապատասխան մասնագիտություններով փորձաքննությունների մի շարք ենթատեսակներով  իրենց ունեցած լավագույն փորձով, որոնց շրջանակներում, ի թիվս այլ ուղղությունների, հյուրերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել 2018 թվականից Բյուրոյում ներդրված և հաջողությամբ կիրառվող դենդրոքրոնոլոգիական մեթոդով իրականացվող փորձաքննությունները, կիրառվող մեթոդոլոգիական, տվյալների բազայի հավաքագրման և այլ առանձնահատկությունները:

Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել Բյուրոյում տարբեր մասնագիտական բնագավառների, այդ թվում դատաբժշկական բնագավառի ներգրավմամբ համալիր փորձաքննությունների իրականացման հնարավորություններն ու ձևավորված փորձը:

CEPOL ծրագրի շրջանակներում Բյուրոյում Ուկրաինայի գործընկերների գտնվելու չորրորդ օրը տնօրեն Ա.Հովսեփյանի հրավերի համաձայն Բյուրոյում հյուրընկալվեց Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման (CEPOL) ծրագրերով Կապի համակարգող, CEPOL-ում Ազգային մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտութունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռուսլան Մարանդյանը, որի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ հանդիպում Ուկրաինայի գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում Բյուրոյի տնօրենն ընդգծեց CEPOL ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման իրագործման կարևորությունը, ներկայացրեց ծրագրի հաջող իրականացման արդյունքում առկա գործնական ձեռքբերումները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությունում CEPOL ծրագրի համակարգող Ռ.Մարանդյանին, ծրագրի իրականացմանն աջակցող ՀՀ ոստիկանության և CEPOL-ի Կենտրոնական գրասենյակի բոլոր գործընկերներին՝ հույս հայտնելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ դատափորձագիտական ներուժի զարգացման ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրներում:

Միջոցառման ավարտին տնօրեն Ա.Հովսեփյանը Բյուրոյի կողմից Ռ.Մարանդյանին հանձնեց շնորհակալագիր՝ Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրում դատափորձագիտական ոլորտի ներգրավման և ծրագրի արդյունավետ իրագործման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ուկրաինայի գործընկերները CEPOL ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվելու ընթացքում աշխատանքային օրերի ավատին Բյուրոյի գործընկերների ուղեկցությամբ մասնակցեցին մի շարք մշակույթային միջոցառումների, այդ թվում այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ լռությամբ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը: 

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գիտագործնական և նորարական հնարավորությունների շարունակական զարացման ապահովման գործին, այդ նպատակով նպաստելով միջազգային կապերի ամրապնդման, փոխգործակցության խորացման և շրջանակների ընդլայնման կարևոր գործընթացին:

05 October 2021