slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվեց ԴՆԹ բնագավառի խնդիրներին նվիրված միջազգային աշխատաժողով. իրականացվեց փորձագետների համար վերապատրաստում}


«Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային տարածաշրջանային սիմպոզիումի շրջանակներում ապրիլի 11-ին ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով և արտերկրից ժամանած փորձագետների կողմից իրականացվեց դատագենետիկական բնագավառի հայաստանյան փորձագետների համար վերապատրաստում:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած դատագենետիկական բնագավառի առաջատար մասնագետներ և գիտնականներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ-ում տվյալ բնագավառում գործունեություն ծավալող շահագրգիռ գերատեսչություններից:
Աշխատաժողովի ընթացքում Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, որը հանդիսանում է նաև ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS համակարգի հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում, մասնակիցներին ներկայացրեց ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման ընթացակարգերը, քրեական վարույթի և դատավարության ընթացքում ԴՆԹ տվյալների բազայի ապացուցողական նշանակության, ԴՆԹ նմուշների տիպավորման, ինչպես նաև ԴՆԹ սեկվենավորման ավտոմատացված համակարգի գործունեության հետ կապված ընթացակարգերն ու անհրաժեշտ պահանջները:
Միջոցառման ընթացքում «Thermo Fisher Scientific» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Բոգովալովը ներկայացրեց դատական ԴՆԹ փորձաքննությունների բնագավառում կիրառվող նորագույն սարք-սարքավորումների հնարավորություններն ու արդյունավետ կիրառման ընթացակարգերը: «Thermo Fisher Scientific» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Սատենդրա Կումարը խոսեց ռապիդ թեստերի միջոցով նույնականացման իրականացմանն առնչվող հիմնախնդիրների և առաջարկվող լուծումների մասին:
ԴՆԹ վերլուծության համար ոսկրերի մշակման ընթացքում ի հայտ եկող խնդիրները և դրանց լուծման արդյունավետ ուղիները ներկայացրեց Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար Նինո Քոչիաշվիլին:
Նույն օրը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանը առանձին քննարկումներ ունեցավ միջազգային առաջատար «GTH DNA» խորհրդատվական ընկերության նախագահ Թիմ Շելբերգի և «GTH DNA»-ի Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերի հետ, որի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում հետագա փոխգործակցության ուղղությունների և փորձի փոխանակման շուրջ։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների հետ ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, անհրաժեշտ տվյալների բազաների ձևավորմանն ու դրանք արդյունավետ կիրառմանը։

news

Երևանում կայացավ ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը նվիրված միջազգային սիմպոզիումը. քննարկվեցին ոլորտի զարգացման հեռանկարները}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 10-ից 11-ը Երևանում անցկացվեց «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային տարածաշրջանային սիմպոզիումը, որը նվիրված էր Հայաստանում միջազգային առաջադեմ պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը, փորձագիտական տվյալ բնագավառի տեսական և գործնական արդի հիմնախնդիրներին:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի, «GTH DNA» (ԱՄՆ) և «Eura DNA, Europe’s premier forensic DNA resource» (ԵՄ) առաջատար խորհրդատվական կազմակերպությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) հետ համատեղ կազմակերպված համաժողովին զեկույցներով հանդես եկան դատագենետիկական բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ՝ Հելսինկիի համալսարանի Դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների դատափորձագիտական ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականներ:

Ողջունելով արտասահմանյան գործընկերներին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը ներկայացրեց դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և կառուցակարգերի ձևավորման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման ուղղությամբ Կազմակերպության որդեգրած քաղաքականությունն ու տեսլականը:

Բյուրոյի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ միջազգային չափանիշներին համապատասխան ԴՆԹ լաբորատորիայի գործարկման և անհրաժեշտ գործընթացների ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Խոսելով ոլորտում առկա հիմնախնդիրներից, Հովսեփյանը նշեց, որ Հայաստանը դեռևս չունի դատափորձագիտական գործունեության մասին օրենք, որը հավասար պայմաններ կստեղծի Հայաստանում դատափորձագիտական գործունեություն ծավալող կառույցների համար, կկանոնակարգի ոլորտի գործունեությունը, ինչպես նաև կկարգավորի փորձագետի որակավորման և ոլորտին առնչվող այլ կարևոր գործընթացների միատեսակ կիրառումը:

Անդրադառնալով Հայաստանում համակարգված և ընդգրկուն ԴՆԹ տվյալների շտեմարանի բացակայության խնդրին, Բյուրոյի ղեկավարն ընդգծեց այս առումով անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման կարևորությունը:

«Մենք հանձնառու ենք և պատրաստակամ դատափորձագիտական ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ կարճ ժամանակահատվածում ունենալ այնպիսի կատարյալ համակարգ՝ այդ թվում ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման առումով, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և կնպաստի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդմանը և օրենքի գերակայության ապահովմանը»,-շեշտեց Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակահատվածում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր, որոնք կնպաստեն ՀՀ-ում ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորմանը և արդյունավետ կիրառմանը:

Համաժողովի ընթացքում Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, որը հանդիսանում է նաև ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS համակարգի հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում, ներկայացրեց CODIS-ի կիրառման, տվյալ համակարգի միջոցով հանցագործությունների բացահայտման, զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման, CODIS-ի լաբորատորիաների գործունեության, դատապարտված անձանց ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորման և համակարգի գործունեությանն առնչվող այլ արդիական հարցեր՝ ընդգծելով ԴՆԹ տվյալների շտեմարանի միջոցով քրեական վարույթի օժանդակության կարևորությունը:

Համաժողովի անցկացման արդիականությանը, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման զարգացման կարևորությանն անդրադարձավ նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ վերահաստատելով Կոմիտեի պատրաստակամությունը ԴՆԹ տվյալների շտեմարանի զարգացման ապահովման նպատակով Փորձաքննությունների ազգային բյուրոյին աջակցելու հարցում՝ քննիչների վերապատրաստումից մինչև ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորում:

Համաժողովի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանը ներկայացրեց բաժանմունքում իրականացվող դատագենետիկական փորձաքննությունների հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, իսկ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը հանդես եկավ «ԴՆԹ նույնականացումը որպես հանցագործության դեմ պայքարի կարևոր գործիք, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման զարգացումը» թեմայով զեկույցով:

Սիմպոզիումի ընթացքում դատագենետիկական բնագավառին վերաբերող զեկույցներ ներկայացրեցին նաև ներկայացուցիչներ «Ինտերպոլից», Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և այլ միջազգային կառույցներից:

Համաժողովի երկրորդ օրը՝ ապրիլի 11-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կայացավ միջազգային աշխատաժողով և արտերկրից ժամանած փորձագետների կողմից դատագենետիկական բնագավառի հայաստանյան փորձագետների վերապատրաստում:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային նմանօրինակ համաժողովների կազմակերպումն ու անցկացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղությունների շարունակական զարգացմանը, իրավական հիմքերի ձևավորմանը, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։

news

Դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ԱՄՆ գործընկերները այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո*}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի հրավերով ապրիլի 8-ին Հայաստան են ժամանել դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ԱՄՆ գործընկերները՝ «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության նախագահ Թիմ Շելբերգը, «GTH DNA»-ի Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը և Հելսինկիի համալսարանի Դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը՝ «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համագործակցության կապերի ամրապնդման, միջազգային լավագույն փորձի տեղայնացման նպատակով:

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի և կազմակերպության ղեկավար ու փորձագիտական անձնակազմի հետ: Կազմակերպության ղեկավարը հյուրերին է ներկայացրել դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և կառուցակարգերի ձևավորման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման ուղղությամբ Կազմակերպության որդեգրած քաղաքականությունն ու տեսլականը:

Ի թիվս համաժողովի կազմակերպման հետ կապված օրակարգային հարցերի, քննարկվել են դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխգործակցության շրջանակներն ու կարևոր ուղղությունները:

Հյուրերը շրջայց են կատարել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքում, տեղում ծանոթացել ԴՆԹ նույնականացման լաբորատորիայի հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:

Ամերիկյան գործընկերները կիսվել են իրենց տպավորություններով՝ ընդգծելով Բյուրոյում գործարկված դատագենետիկական փորձաքննությունների լաբորատորիայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը և հայտնել իրենց պատրաստակամությունը այս ուղղություններով ակտիվ փոխգործակցության ծավալման առումով:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտ ամսից Փորձաքննությունների ազգային բյուրոյում միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվում են կենսաբանական ծագման բոլոր տեսակի նմուշների ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննություններ՝ գրանցելով առաջադեմ արդյունքներ:

Նույն օրը ամերիկյան գործընկերների և Բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում, հյուրերին ընդունել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

news

Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հոբելյանական 10-րդ համարը}

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հոբելյանական տասներորդ համարը, որը նվիրված է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Պարբերականի խմբագրական խորհուրդը հավատարիմ է այն կանխադրույթին, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարուստ ժառանգության հիմքի վրա գիտության բնագավառի տարբեր ճյուղերի համաչափ զարգացումը երկրի անվտանգության ապահովման, կրթության, տնտեսության հասարակական առաջընթացի լավագույն գրավականն է: Արդեն հինգ տարի հրատարակվող պարբերականը 2021 թվականից ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրապարակումների ցանկում և վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերականում հրատարակված բոլոր գիտական հոդվածները ստացել են DOI միջազգային թվային նույնականացուցիչ, որն այսօր հանդիսանում է գիտական ոլորտում վիրտուալ տարածքում տվյալների փոխանակման գործուն համակարգ: Շնորհավորելով ընթերցողին և խմբագրական խորհրդին հոբելյանական համարի թողարկման առթիվ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, պարբերականի գլխավոր խմբագիր, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը նշել է. «Հավատարիմ մնալով Հայաստանի գիտության հզորացման և գիտահենք առաջընթացի ապահովման գործում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ստանձնած առաքելությանը, գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը հետամուտ է լինելու պարբերականի միջազգային առավել լայն ճանաչելիության և հասանելիության ապահովման շարունակականությանը: Համոզված եմ, որ դատափորձագիտական ոլորտի խնդիրների լուծմանը նվիրված գիտական հետազոտությունների կիրառական նշանակություն ունեցող արդյունքները, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից ձեռքբերումների ներդաշնակ կիրառումն ու ոլորտի գիտամեթոդական ապահովումը հնարավորություն կտան բարելավել փորձաքննությունների որակը և ապահովել գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքներ՝ նպաստելով մեր երկրի իրավական համակարգի և հարակից ոլորտների զարգացմանը։ Շնորհավորելով բոլորիս հոբելյանական համարի թողարկման առթիվ, խմբագրական խորհրդին մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի նպաստ մեր երկրում արժեքավոր և ակնառու գիտական արդյունքների ապահովմանը»: Պարբերականի առավել լայն ճանաչելիությունն ու արտասահմանյան ընթերցողների համար հասանելիության ապահովման գործում պարբերականի խմբագրական խորհրդի քայլերը լինելու են շարունակական:

news

Լույս է տեսել Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հերթական աշխատությունը}

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հերթական աշխատությունը՝ մենագրությունը, որը նվիրված է ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննության իրավական հիմքերի վերլուծությանը և կատարելագործման ուղիներին:

Մենագրության հեղինակը քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանն է: Աշխատությունում մասնավորապես, լուսաբանված է հանցավորությունը պայմանավորող իրավական բնույթի գործոնները և դրանց կանխարգելման միջոցները, քրեաբանական փորձաքննության էությունը և տեսակները, նորմատիվ իրավական ակտերի քրեաբանական փորձաքննության վերաբերյալ տեսական մոտեցումները, միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված են փորձաքննության իրավական հիմքերի վերլուծության արդյունքները, գործող իրավակարգավորումներում առկա բացերը, դրանց շտկման և նոր կարգավորումների իրականացման առաջարկություններ:

Հրատարակությունն օգտակար կլինի քրեաբանության հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

news

Նոր Արեշ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել և իրականացվում է համալիր փորձաքննություն}

Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշանակված համալիր պայթյունատեխնոլոգիական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական հանձնաժողովային փորձաքննության շրջանակներում, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների՝ այդ թվում պայթյունի օջախի, պայթյունի մեխանիզմի և առաջացման պատճառի պարզման նպատակով իրականացվում են բազմակողմանի հետազոտություններ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները, փորձաքննությունների կատարմանը ներգրավվել են Բյուրոյի համապատասխան բնագավառների առաջատար փորձագետները, դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ փորձագիտական ծավալուն հետազոտություններ՝ նաև նորարարական գերժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Մասնավորապես գործարկվել է դեպքի վայրի հետազոտման համար կիրառվող լազերային սկանավորման գերժամանակակից եզակի սարքավորումային համալիրը, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ արձանագրել դեպքի վայրի իրադրությունը, ստանալ պայթյունի հետևանքների ամբողջական պատկերները և անհրաժեշտ բոլոր ճշգրիտ չափային տվյալները նաև 3D ձևաչափով՝ ապահովելով փորձագիտական հավաստի արդյունքներ:

Նման բազմակողմանի հետազոտությունների մանրակրկիտ և լիարժեք իրականացումը կարևոր է ոչ միայն վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացման առումով՝ նմանօրինակ դեպքերի առաջացման հնարավոր պատճառների լիարժեք բացահայտման և վերլուծության համատեքստում:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրվել են փորձագիտական սխալների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ ղեկավար Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հունվարի 19-ին տեսակապի միջոցով մասնակցել են Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիայի կազմակերպած «Դատափորձագիտական սխալներ. առաջացման, հայտնաբերման և կանխարգելման ժամանակակից խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառներում ի հայտ եկող փորձագիտական սխալների համակարգային վերլուծության և դրանց կանխարգելմանն ուղղված մի շարք արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու հանցակազմին առնչվող տեսական և գործնական հիմնախնդիրները, դատավարական բնույթի փորձագիտական սխալները, մասնավոր փորձագետների կողմից առավել հաճախ թույլ տրվող փորձագիտական սխալները, մեթոդաբանական բնույթի փորձագիտական սխալները և այլն:
Գիտաժողովի շրջանակներում հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով փորձագիտական սխալների համակարգային վերլուծության վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար, ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:
Բյուրոյի ղեկավարն, անդրադառնալով ոչ պատշաճ բուժօգնության ցուցաբերման դեպքերի բացահայտման և հետազոտման բարդ խնդիրներին, ներկայացրել է դրանց համակարգային վերլուծության կարևորությունը,  մասնավորապես՝ ոչ պատշաճ բուժօգնության տարածվածության մակարդակի, առողջապահության ոլորտում նորմատիվ իրավական և մեթոդական ապահովման հիմնական ասպեկտների, բժշկական պրակտիկայում սխալների, թերությունների և բացթողումների կանխարգելման արդյունավետ ուղիների, բուժաշխատողների իրավական և մասնագիտական պատրաստվածության մակարդակի և այլ խնդիրների վերլուծության անհրաժեշտությունը:  
«Փորձը ցույց է տալիս, որ փորձագիտական սխալները կարող են ի հայտ գալ դատավարության տարբեր փուլերում՝ փորձաքննության նշանակումից մինչև դրա կազմակերպման և իրականացման փուլեր:
Ներկայում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների ամենաբարդ խնդիրներից է հանդիսանում բուժաշխատողի գործողության կամ  անգործության պատճառով ի հայտ եկած հետևանքների և անբարենպաստ ելքի միջև պատճառահետևանքային կապի վերլուծությունը:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ բուժաշխատողի գործողության կամ անգործության և բուժառուի առողջությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի հաստատումը փորձագիտական հանձնաժողովի համար հանդիսանում է բարդ խնդիր, որը, ինչպես ցույց են տալիս անցկացված լրացուցիչ և կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները, դատավարության նախորդ փուլերում ոչ միշտ են գնահատվում լիարժեք և բազմակողմանի»,-իր ելույթում նշել է Բյուրոյի ղեկավարը:
Ամփոփելով՝ Արգամ Հովսեփյանը մատնանշել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների անցկացման ժամանակ պատճառահետևանքային կապերի գնահատման գործընթացի խոչընդոտները, այդ թվում  համընդհանուր կիրառվող մեթոդաբանության (ոսկե ստանդարտներ), կլինիկական ստանդարտների և բուժման չափորոշիչների ամբողջական, պարբերաբար թարմացվող բազայի բացակայությունը՝նշելով, որ առկա նորմատիվային բազան ևս լիարժեքորեն չի ապահովում հիվանդ–բժիշկ–բժշկական հաստատության վարչակազմ-դատաբժշկական փորձագետ- իրավապահ մարմիններ հարաբերությունների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան պատշաճ և լիարժեք կանոնակարգումը: Նշվածն իր հերթին թույլ չի տալիս դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովներին լիարժեքորեն վերլուծել բուժօգնության ընթացքում տեղ գտած  հնարավոր սխալների ու բացթողումների և բուժառուի  վիճակի վատթարացման կամ անբարենպաստ ելքի հետ պատճառահետևանքային կապի առկայությունը և լիարժեքորեն պատասխանել քննչական մարմինների կողմից առաջադրված հարցերին:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առկա խնդիրների համատեքստում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում մշակվել և ներդրվել է փորձագիտական սխալների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ:
Մասնավորապես, մշակվել է պատճառահետևանքային կապերի վերլուծության և փորձագիտական հետազոտությունների արդյունավետ իրականացման մեթոդաբանություն՝ պատճառահետևանքային կապերի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար, ինչը թույլ է տալիս ապահովել փորձագետների գործողությունների միասնականությունը, տրվող  եզրակացություններում պատճառահետևանքային կապերի գնահատման օբյեկտիվ արդյունքները և  նվազեցնել դատաբժշկական պրակտիկայում հնարավոր փորձագիտական սխալների դրսևորման մակարդակը:
«Հաշվի առնելով բժշկական գործունեության ոլորտի գիտատեխնոլոգիական զարգացման այսօրվա տեմպերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված  մեր կողմից իրականացվող հետազոտություններն ու վերլուծությունները կրում են դինամիկ բնույթ և պահանջում են մասնագիտական հանրության մշտական ուշադրությունը»,-ամփոփելով խոսքը՝ նշել է Արգամ Հովսեփյանը:
Նշված թեմայով Արգամ Հովսեփյանի հեղինակած գիտական հոդվածը հրապարակվելու է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի խոշորագույն գիտական կենտրոնի հետ}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանը և ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Ֆրումկինի անվան Ֆիզիկաքիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բուրյակը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ քրեաբանության, դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձագիտական բնագավառներում  փոխադարձ կապերի հաստատման, փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։
Կողմերն ընդգծել են դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառներում ժամանակակից վերլուծական մեթոդների և միջոցների արդյունավետ կիրառման, ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական մոջոցառումների անցկացման կարևորությունը։
Նախանշվել են փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝   դատաքիմիական, քիմիկոթունաբանական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների՝ այդ թվում քրոմատոսսպեկտրոմետրիկ հետազոտությունների բնագավառում մեթոդական աջակցում, համատեղ գիտական հետազոտությունների կատարում, մշակված մեթոդների և մեթոդիկաների վերաբերյալ կարծիքի տրամադրում, դրանց հաստատման և փորձագիտական պրակտիկայում ներդրման իրականացում, գիտական աշխատանքների արդյունքների հիման վրա համատեղ գիտական հոդվածների հրապարակում՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավորությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

news

Դատաքիմիական և տոքսիկոլոգիական ոլորտների հիմնախնդիրներին նվիրված միջազգային կլոր սեղան-քննարկումներ արտերկրի գործընկերների հետ}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի  ղեկավար Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ հունվարի 10-ին տեսակապի միջոցով տեղի ունեցավ դատաքիմիական և տոքսիկոլոգիական բնագավառների հիմնախնդիրներին նվիրված միջազգային կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական  հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը, Վերոնայի համալսարանի (Իտալիա) դատական բժշկության ամբիոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր, դատաբժշկական փորձագետ, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) փորձագետ Ֆրանկո Տալյարոն, ինչպես նաև Բյուրոյի և Վերոնայի համալսարանի համապատասխան բնագավառների առաջատար փորձագետներ:
Քննարկման շրջանակներում Բյուրոյի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը ներկայացրեց դատաքիմիական և քիմիկոթունաբանական բնագավառներում իրականացվող փորձագիտական հետազոտությունների շրջանակները, առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման, նոր մեթոդների ներդրման  և արդյունավետ կիրառման հետ կապված գործընթացները՝ ընդգծելով հիշյալ բնագավառներում միջազգային փոխգործակցության զարգացման կարևորությունը:
Նախանշվեցին դատաքիմիական և քիմիոթունաբանական բնագավառներում բազմակողմ համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:
Մասնավորապես Բյուրոյի դատաքիմիկական փորձաքննությունների լաբորատորիայում վերջերս ներդրված եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆի արդյունավետ գործարկման նպատակով, հաշվի առնելով Իտալիայի գործընկերների՝ տվյալ տեսակի գերզգայուն անալիտիկ սարքավորումներով աշխատանքային փորձը, քննարկվեցին գազքրոմատոգրաֆիական և հեղուկ քրոմատոգրաֆիական մեթոդների կիրառմամբ համատեղ դատաքիմիական հետազոտություններ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր՝ ստացված արդյունքների վերլուծության հիման վրա միասնական մեթոդաբանության մշակման  և  կիրառման նպատակով:
Քննարկվեցին նաև դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառներում կիրառվող ժամանակակից մեթոդների, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
Արգամ Հովսեփյանը Ֆրանկո Տալյարոյին հրավիրեց Հայաստան՝ մասնակացելու ապրիլին Երևանում Բյուրոյի կողմից կազմակերպվելիք դատաքիմիական բնագավառի հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսին:
Նույն օրը Բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջազգային համատեղ կլոր սեղան-քննարկում Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գործընկերների հետ, որին մասնակցում էին  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկաքիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բուրյակը, Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական  հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը, Բելառուսի Ազգային հակադոպինգային լաբորատորիայի տնօրեն Յուրի Պոխոդնյան, Մոլդովայի դատաբժշկական կենտրոնի դատաբժշկական տոքսիկոլոգիայի բաժնի վարիչ Մայա Բոտեզատուն, նույն կենտրոնի դատաբժիշկ-տոքսիկոլոգ Օլեգ Կադոչնիկովը և ոլորտի այլ առաջատար փորձագետներ:
Կլոր-սեղանի շրջանակում քննարկվեցին նույն օրակարգային հարցերը, ոլորտի զարգացմանն ու գիտամեթոդական ապահովմանն ուղղված համատեղ գիտահետազոտական աշխատանքների առավել արդիական ուղղությունները: Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու միջազգային ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:  

news

Նոր մեթոդներ՝ թմրամիջոցների նոր տեսակների հայտնաբերման համար. ոլորտի հեղինակավոր գիտնականը Հայաստանում է}

Փորձաքննությունների ազգային բյուրոյի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը NEWS.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նոր տեսակների հայտնաբերմանը, դատաքիմիական և տոքսիկոլոգիական բնագավառում կիրառվող նորագույն մեթոդներին, այս առումով Հայաստանի ունեցած փորձին և ոլորտին առնչվող հիմնախնդիրներին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ`news.am

 

news

Բյուրոյի դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիան համալրվել է գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրով}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիան միջազգային պահանջներին համապատասխան հագեցվել է նորագույն գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրով՝ «Agilent Technologies» ընկերության եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆով՝ իր լրակազմով:
Սարքավորումային համալիրն ունի բազմաթիվ տեխնոլոգիական առավելություններ և հետազոտական լայն հնարավորություններ: Մասնավորապես՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) հետազոտությունները հնարավորություն են տալիս հետազոտելի կենսաբանական բոլոր տեսակի նմուշներում (այդ թվում՝ մազ, մեզ, արյուն, եղունգ, թուք, ներքին օրգաններ) սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դեղամիջոցների, թունավոր, խիստ ներգործող նյութերի հայտնաբերմանն ուղղված գերզգայուն հետազոտություններ (նանոգրամների և պիկոգրամների ճշգրտությամբ):
Հետազոտությունների համար մշակվել և ներդրվել են նմուշապատրաստման և հետազոտման օպտիմալացված էֆեկտիվ մեթոդներ՝ բացառելու հետազոտելի նմուշների աղտոտման և սխալանքի բերող որևէ մարդածին կամ այլ գործոնների հավանական ազդեցությունը, ինչպես նաև գնահատելու հետազոտելի բարդ մատրիցային նմուշների (մազ, եղունգի եզրային կտրվածքներ) որևէ, այդ թվում՝ հսկվող նյութեր պարունակող հետքերով արտաքին աղտոտվածության առկայությունը, ինչպես նաև բացառել դրանց ազդեցությունը տվյալ նմուշներում հսկվող նյութերի և դրանց մետաբոլիտների հետազոտության արդյունքների վրա՝ ապահովելով անձի կողմից հսկվող նյութի օգտագործած լինելը հավաստող կամ բացառող արժանահավատ փորձագիտական տվյալներ:
Սարքավորումային համալիրն ունի պարբերաբար թարմացվող տվյալների բազային մշտական հասանելիություն, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ վաղ հայտնաբերել և նույնականացնել հատկապես նոր սերնդի սինթետիկ թմրամիջոցներն ու դրանց մետաբոլիտները:

Իրականացվող հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով, հաշվի առնելով դատափորձագիտական ոլորտի ժամանակակից պահանջներն ու զարգացման միտումները, Կազմակերպությունում «Agilent Technologies» ընկերության և արտերկրից հրավիրված ոլորտի բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների խմբի կողմից անցկացվել է փորձագիտական անձնակազմի ուսուցում և պատրաստում՝ նպատակ ունենալով զարգացնել հետազոտական գործընթացում կիրառվող սարք-սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով ստացվող արդյունքների ճշգրտության և ստույգության վերլուծության կարողությունները:
Իրականացվել են նաև Կազմակերպությունում առկա և նյութագիտական փորձաքնություններում կիրառվող մասս-սպեկտրոմետրով համակցված գազային քրոմատագրաֆիկ սարքավորումային համալիրի գրադարանների համալրման և թարմացման գործընթացներ, որոնք ևս հնարավորություն կտան գազային քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացնել հսկվող, այդ թվում՝ նոր շրջանառվող նյութերի, սինթետիկ թմրամիջոցների, ինչպես նաև դրանց համարժեք նյութերի (անալոգ) կամ դրանց ածանցյալների բարձր ճշգրտությամբ վաղ հայտնաբերում և նույնականացում:
Սարքավորումային համալիրի հետազոտական հնարավորությունների լիարժեք կիրառման առումով անհրաժեշտ մեթոդաբանության ներդրման ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Այսպիսով` Փորձաքննությունների ազգային բյուրոյում հաջողվել է ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիա և համալրել մեր երկրում առկա փորձագիտական հնարավորությունները՝ ապահովելով նշանակվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) և նյութագիտական փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատումն ու հավաստի արդյունքների ստացումը՝ ի նպաստ մեր երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամոլության դեմ պայքարում դատաքննչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

news

«Լուրեր» լրատվականի ամփոփ անդրադարձը Փորձաքննությունների ազգային բյուրոյի 2023թ. ձեռքբերումներին և կառույցի գործունեությանը}

Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագրի կիրակնօրյա գլխավոր թողարկմանն ամփոփ անդրադարձ է կատարվել Փորձաքննությունների ազգային բյուրոյի՝ 2023թ. ձեռքբերումներին և կառույցի գործունեությանը:

Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի պատրաստած ռեպորտաժում:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ տարեսկզբի առաջին ընդլայնված խորհրդակցությունը}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ղեկավար Ա. Հովսեփյանի գլխավորությամբ հունվարի 11-ին տեղի ունեցավ 2024թ. առաջին ընդլայնված խորհրդակցությունը: Խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ներկայացվեցին Կազմակերպության հիմնական ձեռքբերումները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա անելիքները:
Ա. Հովսեփյանը, ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները, նշեց, որ 2023թ. Կազմակերպությունում իրականացվել են աննախադեպ ծավալի, այդ թվում՝ բարդ, համալիր փորձաքննություններ, ձևավորվել են նոր փորձագիտական հնարավորություններ, ընդլայնվել են կատարվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, համալրվել է նյութատեխնիկական և գիտամեթոդական բազան, կազմակերպվել են մի շարք գիտական միջոցառումներ, իրականացվել է արտերկրի գործընկերների հետ փորձի փոխանակում և այլն:
Խորհրդակցության ընթացքում փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվեցին նախորդ ժամանակահատվածներից 2024 թվական փոխանցված ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտները: Փորձաքննությունները հնարավորինս սեղմ և ողջամիտ ժամկետներում իրականացնելու և ավարտելու ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Քննարկվեցին նաև բարդ, ծավալուն փորձաքննությունների իրականացման մեթոդաբանությանն ու դրանց առանձնահատկություններին առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Կազմակերպության ղեկավարի կողմից բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին տրվեցին հստակ հանձնարարականներ՝ բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և առավել լավ արդյունքների հասնելու նպատակով աշխատանքներն առավել ներդաշնակ և արդյունավետ կազմակերելու և իրականացնելու համար։
Նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացումը հնարավորություն է տալիս առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել և համակարգել առկա խնդիրներն ու դժվարությունները, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ}

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ, որ 2024 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության ամրապնդման, զարգացման և մեծ առաջընթացի տարի:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար անցնող տարին նշանավորվել է մի շարք կարևոր ձեռքբերումներով և նվաճումներով: Իրականացվել են հետազոտական հնարավորությունների համալրմանն ուղղված մի շարք քայլեր՝ անձնակազմի վերապատրաստումներ և համալրումներ, փորձի փոխանակման և բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված կադրերի պատրաստման աշխատանքներ, նյութատեխնիկական և գիտամեթոդական բազայի համալրումներ, որի արդյունքում հաջողվել է ապահովել առաջադեմ արդյունքների շարունակականությունը: Ընթացիկ տարում Կազմակերպությունում իրականացվել են աննախադեպ ծավալի, այդ թվում՝ բարդ, համալիր փորձաքննություններ, ձևավորվել են նոր փորձագիտական ստորաբաժանումներ, ընդլայնվել են կատարվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, կազմակերպվել են մի շարք գիտական միջոցառումներ և այլն:

Ամփոփելով տարին, որը լի էր նաև բազում խնդիրներով և դժվարություններով, մեր հայրենակիցների` իրենց հայրենի տները ստիպողաբար լքելու վշտով, մաղթում եմ, որ 2024 թվականը լինի խաղաղության, մեր ժողովրդի և բոլորիս համար արդարացի լուծումների, լավատեսության և միասնական առաջընթացների տարի՝ ի նպաստ մեր երկրի հզորացման ու մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի շարունակական զարգացման, ի շահ մեր երկրում օրենքի գերակայության ու իրավակարգի ամրապնդման:

Խաղաղություն, առողջություն և երջանկություն բոլորիս:

🎄🥂Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

news

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի կողմից ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը պարգևատրվել է...}

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի կողմից ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը պարգևատրվել է ԳԱԱ 80-ամյակին նվիրված ոսկե հուշամեդալով՝ դատափորձագիտական բնագավառի գիտական գործունեության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը շնորհավորում է Պատվական Ոսկանյանին գերատեսչական պարգևի արժանանալու կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, եռանդ և հաջողություններ՝ իր արգասաբեր աշխատանքը շարունակելու, իր գիտելիքները, ունակությունները, փորձն ու կարողություններն օգտագործելու` ի շահ մեր պետության, ի նպաստ Հայաստանի դատափորձագիտական բնագավառի գիտահեն զարգացման: