ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Փորձաքննությունների նշանակման դատավարական կարգը

Փորձագետը

  1. Դատարանում որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան որակավորում ունեցող և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատարանի կողմից նշանակվող անձը:
  2. Անձը, ում հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի հիման վրա:
  3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել դատական նիստերին, հարցեր տալ, խնդրել դատարանին իրեն տրամադրելու լրացուցիչ նյութեր: Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 45-րդ հոդված)

Ապացույցների հասկացությունը և տեսակները

  1. Գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

    Այդ տեղեկությունները հաստատվում են`

    1. գրավոր և իրեղեն ապացույցներով.
    2. փորձագետների եզրակացություններով.
    3. վկաների ցուցմունքներով.
    4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 47-րդ հոդվածի 1-ին մաս)

Փորձաքննություն նշանակելը

  1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

    Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:

    Դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին:

  2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:
  3. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
  4. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալ գիտելիքների համապատասխան բնագավառում նրանց գիտակ լինելը պարզելու համար:
  5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:
  6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
  7. Փորձագետի միջոցով իրականացվող ապացուցման նկատմամբ կիրառվում են վկայի միջոցով իրականացվող ապացուցման կանոնները:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 60-րդ հոդված)

Կողմերի մասնակցությունը փորձաքննությանը

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվել փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 61-րդ հոդված)

Փորձաքննության անցկացման կարգը

  1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները:
  2. Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ: Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում տալու միասնական եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն:
  3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը:
  4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից և հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից:
  5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը: Փորձագետը պարտավոր է անհապաղ ստուգել հանձնարարված փորձաքննությունը իր մասնագիտական ոլորտին պատկանելու փաստը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը: Նշված փաստի կամ հնարավորության բացակայության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի:

    Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը և նրա իրականացրած աշխատանքի ծավալը:

  6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 61.1-րդ հոդված)

Փորձագետի եզրակացությունը

  1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
    1. նշում կիրառված մեթոդների մասին.
    2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
    3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.
    4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
  2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում:
  3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

    Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

    Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը կամ միջնորդել է կողմերից մեկը:

  4. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
  5. Եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
  6. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 62-րդ հոդված)

Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները

Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես`

  1. կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը։

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 149.8-րդ հոդվածի 2-րդ մաս)

Քաղաքացու հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը

Քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը նրա հոգեկան վիճակը պարզելու համար նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից այն՝ անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի նկատմամբ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ է հարուցվել, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 170-րդ հոդված)

Քաղաքացուն գործունակ ճանաչելը և նրա գործունակության սահմանափակումը վերացնելը

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

(Հիմք՝ ՔԱՂ. ԴԱՏ. ՕՐ. 170-րդ հոդված)