ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Փորձաքննությունների նշանակման դատավարական կարգը
Ապացույցների հետազոտման առարկան, ապացույցների տեսակները
- Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
- Ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 22-րդ հոդված)
Ապացույցների ապահովումը
- Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:
- Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները և այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:
- Միջնորդությունը քննվում է գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց գործին մասնակցող որոշ անձանց, եթե գտնում է, որ հավանական է, որ նրանց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը:
- Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում, որում նշում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը: Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով:
- Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար:
- Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, որն ապահովելուց հետո ձեռք բերված ապացույցներն անհապաղ ներկայացնում է դատարանին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 28-րդ հոդված)
Փորձագետի ցուցմունքը
- Եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով:
- Փորձագետի ցուցմունքը կարող է տրվել, իսկ դատարանի պահանջով` պետք է տրվի գրավոր եզրակացության տեսքով:
- Նույն ապացույցի կամ փաստի վերաբերյալ ցուցմունք կարող է տալ մեկից ավելի փորձագետ առանձին կամ համատեղ` ներկայացնելով միասնական եզրակացություն:
- Փորձագետի ցուցմունքի նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունքի համար սահմանված կանոններն այնքանով, որքանով սույն օրենսգիրքը փորձագետի համար այլ կանոններ չի սահմանում:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 35-րդ հոդված)
Փորձագետ հրավիրելը, դատարանի կողմից փորձագետ նշանակելը
- Յուրաքանչյուր կողմ կարող է իր հաշվին հրավիրել փորձագետ վկային դատարան հրավիրելու համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
- Դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է`
- նշանակել փորձագետ, ընդ որում, դատարանը փորձագետի նշանակման հարցում նախապատվություն է տալիս այն փորձագետին, որի թեկնածության վերաբերյալ համաձայնվել են կողմերը կամ
- սահմանել փորձագետի նշանակման կարգ, որով փորձագետի նշանակումը կհանձնարարի կողմերին կամ որևէ մասնագիտացված հաստատության վերջինիս համաձայնությամբ: Պետական փորձագիտական հաստատությունների համաձայնությունը ենթադրվում է:
- Անձը չի կարող փորձագետ նշանակվել առանց իր գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ հարցով փորձագիտական եզրակացություն տալը տվյալ անձի պաշտոնեական պարտականությունն է պետական փորձագիտական հաստատությունում:
- Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարան ներկայացնելու այն հարցերը, որոնք պետք է պարզաբանի դատարանի կողմից նշանակված փորձագետը: Այդ հարցերի շրջանակը և բովանդակությունը որոշում է դատարանը: Գործին մասնակցող անձանց ներկայացրած հարցերը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ չընդգրկելու դեպքում դատարանը պարտավոր է որոշման մեջ նշել այդ հարցերը, ինչպես նաև փորձաքննությունն այդ հարցերով մերժելու պատճառաբանությունները:
- Փորձագետ նշանակելիս դատարանը պետք է փորձագետին նախազգուշացնի ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ կազմվում է փորձագետի կողմից ստորագրված գրավոր արձանագրություն:
- Փորձաքննություն նշանակելու կամ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում: Փորձաքննության նշանակումը մերժելու մասին դատարանի որոշումը պետք է պարունակի մերժման հիմքերը:
- Փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դատարանը նշում է`
- փորձագետին նշանակելու հիմքերը.
- փորձագետի անունը կամ փորձագիտական հաստատության անվանումը, որը պետք է փորձագետ նշանակի.
- փորձագետին առաջադրված հարցերը.
- փորձագետին հանձնվող նյութերը.
- փորձաքննության անցկացման և եզրակացությունը դատարան ներկայացնելու ժամկետները, եթե որևէ հարցի վերաբերյալ եզրակացության հանգելու համար փորձագետին անհրաժեշտ է նախապես փորձաքննություն իրականացնել որոշակի ուսումնասիրության, համեմատության, փորձերի կամ այլ հետազոտման եղանակով.
- նախազգուշացում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 36-րդ հոդված)
Փորձաքննության անցկացումը
- Փորձագետի եզրակացությունը պետք է հիմնվի այն տվյալների վրա, որոնք առկա են գործում, ինչպես նաև այն տվյալների վրա, որոնք սովորաբար հաշվի են առնվում այդ ոլորտի մասնագետների կողմից նման հարցի վերաբերյալ եզրակացություն անելու համար:
- Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, ծանոթանալու գործի նյութերին, որոնք վերաբերում են փորձաքննության առարկային, ներկայացնելու միջնորդություններ իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:
- Փորձագետն իրավունք ունի հրաժարվելու իր հատուկ գիտելիքների շրջանակներից դուրս գտնվող հարցերին պատասխանելուց, ինչպես նաև այն դեպքում, երբ իրեն տրամադրված նյութերը բավարար չեն դրանց պատասխանելու համար:
- Եթե փորձաքննության ընթացքում փորձագետը հիմնվում է նաև տվյալ գործի շրջանակներում այլ մասնագետների իրականացրած որոշակի հետազոտությունների վրա, ապա տվյալ մասնագետը նույնպես պետք է հանդես գա որպես փորձագետ` իր հետազոտման մասով: Նա ստորագրում է եզրակացությունը, իսկ դատարանի պահանջով նաև ցուցմունք է տալիս: Այս կանոնը չի կիրառվում, եթե մասնագետն ընդամենը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել փորձագետին հետազոտությունն իրականացնելիս և ինքնուրույն որևէ հետազոտություն չի իրականացրել:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 37-րդ հոդված)
Համալիր փորձաքննություն
- Եթե փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է տարբեր մասնագիտությունների գծով առնվազն երկու փորձագետի մասնակցություն, ապա դատարանի որոշմամբ կարող է իրականացվել համալիր փորձաքննություն:
- Համալիր փորձաքննության դեպքում փորձագետներից յուրաքանչյուրը ցուցմունք է տալիս այն հարցերի վերաբերյալ, որոնց բնագավառում կարող է փորձագետ համարվել: Փորձագետների միասնական գրավոր եզրակացությունում նշվում է, թե փորձագետներից յուրաքանչյուրն ինչ և ինչ ծավալի հետազոտություններ է կատարել, ինչ փաստեր է պարզել և ինչ եզրահանգումներ է արել: Համալիր փորձաքննության իրականացմանը մասնակցած յուրաքանչյուր փորձագետ ստորագրում է եզրակացության այն մասը, որը պարունակում է իր իրականացրած հետազոտությունների նկարագրությունը, և պատասխանատվություն է կրում դրա համար:
- Ընդհանուր եզրակացությունն անում է այն փորձագետը, որն իրավասու է գնահատելու ստացված արդյունքները:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 38-րդ հոդված)
Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը
- Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հանձնարարել փորձագետին որոշակի ժամկետում լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, եթե գտնում է, որ եզրակացությունը բավարար չափով պարզ կամ լրիվ չէ:
- Դատարանը փորձագետի եզրակացությանը ծանոթանալուց կամ նրա հարցաքննությունից հետո կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նոր փորձագետ նշանակել և նրան հանձնարարել իրականացնել կրկնակի փորձաքննություն, եթե դա կօգնի դատարանին գնահատելու ապացույցը կամ փաստը:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 39-րդ հոդված)
Փորձագետի գրավոր եզրակացությունը
- Փորձագետի կամ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունում նշվում են`
- դատական գործի անունը և համարը, որով եզրակացություն է տրվում.
- փորձաքննության անցկացման վայրը և ժամանակը.
- փորձաքննության իրականացման հիմքերը.
- տեղեկություններ փորձագիտական կազմակերպության (եթե փորձաքննությունն իրականացվում է փորձագիտական կազմակերպությունում), փորձագետի մասին (անունը, ազգանունը, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը և գիտական կոչումը, զբաղեցրած պաշտոնը, լիցենզիայի վավերապայմանները, եթե տվյալ տեսակի փորձաքննության համար այդպիսին պահանջվում է), որին հանձնարարված է փորձաքննության անցկացումը.
- նշումներ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացված լինելու մասին.
- փորձաքննության համար առաջադրված հարցերը.
- փորձաքննություն անցկացնելու համար տրամադրված նյութերը.
- հետազոտությունների բովանդակությունն ու արդյունքները` կիրառված մեթոդների նշումով.
- հետազոտությունների արդյունքների գնահատումը, առաջադրված հարցերով եզրահանգումները և դրանց հիմնավորումները.
- դատարանի պահանջած այլ տեղեկություններ.
- փորձագետի հայեցողությամբ այլ տեղեկություններ:
- Եթե փորձաքննություն կատարելիս փորձագետը պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլելու իր եզրակացությունում:
- Փորձագետի եզրակացությունը դատարանը տրամադրում է գործին մասնակցող անձանց և հետազոտում է գործում եղած այլ ապացույցների հետ:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 40-րդ հոդված)
Փորձագետի հարցաքննության առանձնահատկությունները
- Կողմերը կարող են հրաժարվել փորձագետին հարցաքննելուց: Դատարանը, ամեն դեպքում, կարող է իր նախաձեռնությամբ փորձագետին կանչել դատական նիստի և հարցաքննել:
- Եթե փորձագետը չի կանչվում դատական նիստին, ապա դատարանը փորձագետի գրավոր եզրակացությունը դիտում է որպես փորձագետի ցուցմունք:
- Դատարանը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ:
- Փորձագետը ներկայացնում է իր եզրակացությունը, որից հետո պարտավոր է պատասխանել գործին մասնակցող անձանց և դատարանի հարցերին: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցաքննելու փորձագետին իր եզրակացության վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանվող հարցերի վերաբերյալ փորձագետի ձեռնահասությունը պարզելու նպատակով:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 41-րդ հոդված)
Գրավոր ապացույցների իսկությունը
- Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Գրավոր փաստաթղթի իսկության ապացուցման բեռը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե վիճարկող կողմը դրան չի առարկում:
- Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև վիճող կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում իսկությունը վիճարկող կողմը պետք է ապացուցի դրա ոչ իսկական լինելը:
- Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ:
- Փաստաթղթի իսկությունը ստուգելիս դատարանը կարող է կարգադրել անձին, որի ձեռագրի իսկությունը պետք է հաստատվի ապացույցով, դատարանի կամ փորձագետի ներկայությամբ գրել որոշակի տեքստ:
- Եթե դատարանը եկավ այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 45-րդ հոդված)
Գրավոր ապացույցի հետազոտումը
- Գրավոր ապացույցի բովանդակությունը հետազոտվում է դատական նիստում: Դրանից հետո կողմերը կարող են բացատրություններ տալ այդ ապացույցի վերաբերյալ:
- Գրավոր ապացույցներն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաև վկաներին և փորձագետներին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 46-րդ հոդված)
Իրեղեն ապացույցի հետազոտումը
- Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը չի արգելում այդ իրավիճակում առանց անձի համաձայնության լուսանկարումը, ձայնագրությունը կամ տեսագրությունը:
- Եթե իրեղեն ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ գործի մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո, ապա այն կարող է պահանջվել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի կանոններով:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 49-րդ հոդված)
Գործի քննության հետ կապված այլ ծախսեր
Գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`
- վկաներին, փորձագետներին, թարգմանիչներին վճարվելիք գումարները.
- կողմերի` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ շինությունների վարձակալման հետ կապված ծախսերը.
- ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչներին վճարվելիք գումարները.
- զննում, այդ թվում` տեղազննություն կատարելու ծախսերը.
- դատավարության մասնակիցների փոստային ծախսերը.
- դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված ծախսերը.
- սույն օրենսգրքի 48-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.
- դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 57-րդ հոդված)
Վկաներին, փորձագետներին, ներկայացուցիչներին և թարգմանիչներին վճարվելիք գումարը
- Վկաների, փորձագետների և թարգմանիչների դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման: Նրանց վճարվում է նաև օրապահիկ և գիշերավարձ: Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը:
- Չզբաղված անձանց վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ զբաղված անձանց փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և չափով:
- Փորձագետները և թարգմանիչները դատարանի հանձնարարականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գործողությունները (աշխատանքը) չեն մտնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ: Հակառակ դեպքում նրանք չեն վարձատրվում, սակայն նրանց աշխատավարձն աշխատանքի վայրում պահպանվում է դատավարությունում ներգրավվելու հետ կապված նրանց բացակայության ամբողջ ժամանակահատվածում:
- Վճարվելիք գումարների չափը որոշում է դատարանը` կողմերի հետ խորհրդակցելով, փորձագետների և թարգմանիչների նախնական համաձայնությամբ:
- Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
- Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման նորմաները:
- Ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրան ներգրաված դատավարության մասնակիցը:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 58-րդ հոդված)
Դատական ծախսերի բաշխումը դատավարության մասնակիցների միջև
- Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
- Եթե դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված անձը չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում պահանջվող եզրակացությունը, ապա նա կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերը:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 59-րդ հոդված)
Ծանուցագիրը
Ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 60-րդ հոդված)
Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետևանքները
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 63-րդ հոդված)
Հայցադիմումին կցվող փաստաթղթեր
- Հայցադիմումին կցվում են`
- միջնորդություն վկա կամ փորձագետ հրավիրելու մասին, գրավոր կամ իրեղեն ապացույց թույլատրելու մասին, դատարանի կողմից փորձագետ նշանակելու մասին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 73-րդ հոդված)
Հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը
- Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
- միջնորդություն վկա կամ փորձագետ հրավիրելու մասին, գրավոր կամ իրեղեն ապացույց թույլատրելու մասին, դատարանի կողմից փորձագետ նշանակելու մասին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 83-րդ հոդված)
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները
- Դատարանը նախնական դատական նիստում`
- կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու, ինքնաբացարկի հարցերը:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 86-րդ հոդված)
Վկաների, փորձագետների և թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու հետևանքները
Վկաների, փորձագետների և թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը լսում է դատավարության մասնակիցների կարծիքները նրանց բացակայությամբ գործը քննելու հնարավորության մասին և կայացնում է որոշում գործի դատաքննությունը շարունակելու կամ գործի դատաքննությունը հետաձգելու մասին:
(Հիմք՝ ՎԱՐՉ. ԴԱՏ. ՕՐ. 97-րդ հոդված)