Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատմությունը
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Կառավարության 22 հուլիսի 2004թ. թիվ 1127-ն որոշմամբ (ՀՀ կառավարության 23 հունիսի 2005թվականի N 867-Ն որոշմամբ փոփոխված և լրացված), «2001թ. հունիսի 11-ի ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Ստեղծման հիմնական նպատակներն են հանդիսացել.
- քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը եւ ներդրումը,
- իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
- փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ եւ փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը,
- դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկում եւ գործածության համար երաշխավորում,
- փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում եւ կատարելագործում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում (17-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 867-ն որոշում):
Կազմակերպության գործունեության առարկան է հանդիսանում փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդական, գիտափորձնական-վերլուծական աշխատանքների կատարումը, որն իրականացվում է համաձայն կանոնադրությամբ ամրագրված հետևյալ հինգ հիմնական տեսակի գործառույթների համաձայն.
- Գիտական աշխատանք` փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների մշակումներ, փորձարկումներ և ներդրում,
- իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների կազմակերպում և իրականացում,
- լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում` փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցում և վերապատրաստում,
- գիտական աշխատանք` դատական փորձագիտական ոլորտի կանոնակարգմանը և զարգացմանը նպատակաուղղված մեթոդաբանության մշակում,
- լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում` փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում:
2005 և 2008թթ. հաստատված կառուցվածքային սխեմաների, 2005-2009թթ. համար համապատասխանաբար հաստատված հաստիքացուցակների համաձայն` նշված ժամանակահատվածում կազմակերպության ստորաբաժանումները համալրվել են բարձրակարգ մասնագետներով (հիմնականում մրցույթային եղանակով): Վերջիններս նախ և առաջ սկսել են կատարել գիտական, գիտագործնական աշխատանքներ ըստ տարբեր փորձագիտական ուղղությունների, իսկ 2005թ.-ից սկսած` իրականացնել նաև փորձաքննություններ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով տեղադրված պետական պատվերի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված «Փորձաքննությունների կատարման ծառայությունների գնման» պետական պայմանագրերի` համաձայն, ապահովելով հայ-ամերիկյան միջկառավարական ծրագրի իրականացումը: Փորձաքննությունների նախաձեռնողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ մարմինները:
Պետպատվերի շրջանակներում 2005-2009թթ. ընթացքում կազմակերպությունում նշանակված և իրականացված դատական փորձաքննությունների տեսականու և քանակների աճի դինամիկան երևում է հետևյալ աղյուսակից.
| N | Տարեթիվ | Փորձագիտական տեսակների քանակը /հատ/ | Կատարված փորձաքննությունների քանակը /հատ/ |
| 1. | 2005 | 3 | 10 |
| 2. | 2006 | 14 | 363 |
| 3. | 2007 | 18 | 2181 |
| 4. | 2008 | 24 | 3835 |
| 5. | 2009 | 26 (այդ թվում 28 ուղղություն) | 6095 |
Ընդ որում համաձայն հաստատված հաստիքացուցակի և գործող կառուցվածքային սխեմայի` 2009թ. հունվարից կազմակերպությունում գործում են փորձագիտական բաժիններ, որոնք իրականացնում են դատական փորձաքննություններ արդեն իսկ 24 փորձագիտական ուղղություններով` փորձաքննությունների հետևյալ տեսակներով՝ ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, հեղինակային, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրառման, հետքաբանական, ձգաբանական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, սննդային, կենսաբանական /հողագիտական/, հրդեհատեխնիկական, շինարարա-տեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, տրանսպորտային հետքաբանական, տնտեսագիտական, ապրանքագիտական, համակարգչա-տեխնիկական, մշակութային արժեքների, հոգեբանական, դատաբժշկական, դատաքիմիական /տոքսիկոլոգիական/: Բացի այդ, քաղաքացիա-իրավական հարաբերությունների շրջանակներում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջադրանքներով պայմանագրային հիմունքներով նույնպես իրականացվում են փորձագիտական բնույթի ծառայություններ, որոնցից ստացված շահույթն օգտագործվում է զուտ կազմակերպության առջև դրված կանոնադրական նպատակների իրականացման, այդ թվում նաև զարգացման ծրագրերի ապահովման նպատակով:
Կազմակերպությունը դեռևս գտնվում է կայացման փուլում, և հայ-ամերիկյան միջկառավարական ծրագրի շրջանակներում, համաձայն 2008թ. դեկտեմբերին հիմնադրի կողմից հաստատված կառուցվածքային սխեմայի, նախատեսվում է բացի կազմակերպության 27 գործող բաժինների և բաժանմունքների /16 բաժինները՝ զուտ փորձագիտական/ գործունեության ծավալների հաշվարկային հզորության ապահովումից, նաև մոտակա տարիներին, մասնավորապես 2010թ. ընթացքում իրականացնել մի շարք նոր բաժինների, բաժանմունքների և այլ ստորաբաժանումների կազմավորումը` շինարարա-տեխնիկական և ճարտարագիտա-տեխնիկական փորձաքննությունների բաժնի /որը կապահովի նաև էլեկտրոնային, մեխանիկական և խառը սարք սարքավորումների փորձաքննությունների կատարումը/, հոգեբանական փորձաքննությունների բաժնի կազմում` հոգեբանական ներազդեցությունների և հոգեբանա-լինգվիստիկական փորձաքննությունների բաժանմունքի, ինչպես նաև ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների բաժանմունքի ձևավորումը սկզբնական շրջանում բժշկա-կենսաբանական փորձաքննությունների բաժնի կազմում, իսկ հետագա տարիներին՝ առանձին, ինքնուրույն դատագենետիկական փորձաքննությունների բաժնում, օգտագործելով գենետիկական գիտության ողջ հզոր պոտենցիալը հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող տվյալ կարևորագույն գործառույթի լիարժեք ապահովման նպատակով: Փորձագիտական ոլորտի կարիքներից ելնելով` 2010թ. ընթացքում առանձնակի կարևորություն կտրվի նաև հեղինակային փորձաքննությունների շրջանակներում մտավոր սեփականության իրավունքի հետ կապված փորձաքննությունների նոր ենթատեսակների ներդրմանը, այդ թվում ստեղծագործական (մտավոր) պրոդուկտի, գովազդի, ապրանքապիտակների հետ կապված և այլն: 2010թ. ընթացքում նախատեսվում է ներդնել նաև մի շարք նոր, հանրապետությունում մինչ այդ չկիրառվող, սակայն եվրոպական զարգացած երկրներում և ԱՄՆ-ում կիրառվող փորձաքննությունների տեսակներ` դեպքի վայրի փորձաքննություն, մարդու կողմից թողնված հոտային հետքերի նույնացման հետ կապված և այլն: Այս առումով հարկ է նաև նշել, որ 2009-2010թթ. ընթացքում նախատեսվում է համակարգչա-տեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրառման փորձաքննությունների տեսակների շրջանակներում ներդնել և հետագայում զարգացնել մի շարք նորագույն տիպի փորձաքննություններ (օրինակ ճանապարհա-տրանսպորտային պատահարների համակարգչային մոդելավորման մեթոդի օգտագործմամբ, տարբեր տեսակի հետքերի և փորձանմուշների համակարգչային նույնականացման և այլն):
Կարևոր է նշել նաև, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գիտագործնական աշխատանքների ուղղությամբ 2005-2008թթ. ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել ԱՄՆ-ի այնպիսի հեղինակավոր փորձագիտական կառույցների հետ, ինչպիսիք են AAFS-ն (Դատական փորձագիտության ամերիկյան ակադեմիան), ASCLAD-ը (Քրեա-փորձագիտական լաբորատորիաների տնօրենների ամերիկյան ընկերակցությունը), ինչպես նաև Եվրոպական առաջատար կառույցի՝ ENFSI-ի (Դատական փորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի) հետ: Այդ համագործակցությունն ապահովվել է զգալի չափով վերը նշված հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ընձեռված հնարավորությունների և ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Այդ կապակցությամբ հարկ է նաև նշել, որ կազմակերպության գիտական աշխատանքների պատշաճ կազմակերպման ապահովման և կանոնակարգման նպատակով կազմակերպությունում դեռևս 10.07.2006 թվականից գործում է Գիտական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են բացի կազմակերպությունում աշխատող գիտական աստիճան ունեցող աշխատակիցներից նաև Հայաստանի Հանրապետության այլ առաջատար գիտական կառույցներում աշխատող ճանաչված գիտնականներ և փորձագետներ: Կարևոր է նշել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո« ՊՈԱԿ-ում ներկայումս մշտական, համատեղությամբ կամ պայմանագրային հիմունքներով աշխատում են կամ ներգրավված են աշխատանքներին /ներառյալ կազմակերպության կառավարման և խորհրդակցական մարմինները/ 8 գիտությունների դոկտորներ և 15 գիտությունների թեկնածուներ, կազմակերպությունը հանրապետությունում միակ փորձագիտական կառույցն է, որտեղ գործում է Գիտական խորհուրդ` հաստատված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից: