Գիտական հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և տեխ­նի­կա­կան փորձար­կում­նե­րի հա­մա­կարգ­ման բա­ժին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2010թ. ընթացքում կատարվել են գիտական ուղղվածության հետևյալ բնույթի գործառույթները.

Գիտամեթոդաբանական բնույթի գործառույթներ

Գիտամեթոդաբանական բնույթի գործառույթների իրականացման շրջանակներում շարունակվել են նախորդ տարիներին սկսված միջազգային պրակտիկայում ընդունված որոշ փորձագիտական մեթոդների և մեթոդիկաների թարգմանությունների, փորձարկումների, տեղայնացման և ներդրման աշխատանքները: Վերջիններս նպատակաուղղված են փորձաքննությունների որակի հետագա բարելավմանը, բարձրացնում են իրականացվող փորձաքննությունների արժանահավատությունը: Այսպես, 2010թ. ընթացքում «Հեղինակագետ-փորձագետ եզրակացության արժանահավատության և գիտական հիմնավորվածության գնահատումը վարույթն իրականացնող մարմնի կողմից», «Մի շարք ալկալոիդների գազ հեղուկային քրոմատոգրաֆիական (ԳՀՔ) անալիզի համակարգչային բանկի ստեղծում», «Հանցագործություններ քննիչի հատուկ գիտելիքների կիրառման և զարգացման հեռանկարները ՀՀ-ում», «The synthesis and use of substitution morpholin-3-ons», «Անչափահասների հանցավորությունը և դրա կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Դեպքի վայրի փորձաքննության տեսական հիմունքները» և այլն հոդվածները տպագրվել են «Օրենք և իրականություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում», «Պետություն և իրավունք», «ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի տեղեկագիր» և այլ ամսագրերում։

Գիտահետազոտական գործառույթներ

Գիտահետազոտական գործառույթների իրականացման շրջանակներում իրականացվել են մի շարք արդիական գիտահետազոտական ուղղություններով աշխատանքներ հետևյալ թեմաներով.

1.Հատուկ պահպանվող օբյեկտների անվտանգության համակարգերի (DVR-ների) որակի թեստավորման տիպային մոդելի մշակման գիտական հետազոտություն և ներդրումը: Թեմայի ղեկավար Ս.Բադալով,

2.Հոգեֆիզիոլոգիական (ավտոմատացված մեքենայական) հետազոտությունների կիրառման հնարավորությունները այլ բնագավառի փորձագիտական հետազոտությունների կողմից: Թեմայի ղեկավար Մ.Պետրոսյան,

3.Փաստաթղթերի վրա մատնահետքերի հայտնաբերման ժամանակակից հետազոտության հնարավորությունը: Թեմայի ղեկավարներ Հ.Այվազյան և Ա.Բաղդասարյան,

4.Էկոլոգիապես ակտիվ թթվածնի երկու ատոմ պարունակող ցիկլիկ միացությունների –1,4- դիօքսանոնների հետազոտումը և նրանց կիրառման հնարավորությունները տոքսիկանտների փորձաքննության պրակտիկայում: Թեմայի ղեկավար Ս.Հակոբյան,

5.Լազերային համակարգերի կիրառումը հեռավորության վրա թմրանյութերի և հոգեմետ նյութերի ֆիքսման և իդենտիֆիկացման համար: Թեմայի ղեկավար Ս. Հակոբյան,

6.Փորձագետների ընտրության մեխանիզմի /հոգեբանական/ մշակում: Թեմայի ղեկավար Մ.Պետրոսյան:

2010թ. ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվել են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ, մասնավորապես մետաղների և համաձուլվածքների հետազոտությունների բնագավառներում, որոնք արդեն իսկ կիրառվում են փորձագիտական հետազոտությունների ընթացքում:

Կազմակերպության կողմից իրականացված քրեաբանական հետազոտությունների շրջանակներում ավարտվել են «Անչափահասների հանցավորությունը և դրա կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հետազոտական աշխատանքները, ամփոփվել են վերջինիս արդյունքները և ներկայացվել են ԵՊՀ-ում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավորությամբ կազմակերպված «Անչափահասների հանցավորությունը և դրա կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողովում։ Վերջինից հետո սկսվել են «ՀՀ զինված ուժերում հանցավորության պատճառները» թեմայով հետազոտական աշխատանքները։

ՄԳՏԿ-ում կայացած նախնական մրցույթի արդյունքներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի «Էկոլոգիական անվտանգության հրատապ հիմնախնդիրները. Միջուկային և ռադիոակտիվ աղտոտման դեմ պայքարը եվրոպական տարածաշրջանային համագործակցության շրջանակներում» թեմայով գիտական զեկույցը /զեկուցող՝ Ս.Հակոբյան/ ներկայացվել է 2010թ. հոկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ԳԱԱ-ում անցկացված "Information & Brokerage Event" միջոցառման ժամանակ` նվիրված ԵՄ 7-րդ Շրջանակային Ծրագրի "Բնապահպանություն /ներառյալ կլիմայի փոփոխություններ/" թեմատիկ ուղղությանը:

Գիտափորձնական-վերլուծական գործառույթներ

Գիտափորձնական-վերլուծական գործառույթների իրականացման շրջանակներում իրականացվում են փորձագիտական տեղեկատվական բազաների ստեղծման աշխատանքներ, մասնավորապես թմրամիջոցների և թմրակտիվ բաղադրատարրերի քրոմատոգրաֆիական տվյալների համակարգչային բազան, տարբեր ժամանակահատվածներում կապույտ (կապտամանուշակագույն, մանուշակագույն) ներկանյութ պարունակող գնդիկավոր գրելագործիքների ներկանյութերի և գնդիկների հատկանիշների բազան, անվադողեր արտադրող տարբեր գործարանների կողմից արտադրված անվադողերի նախշապատկերների բազան։

2010թ. սեպտեմբերի 13-ից 17-ը համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Խ.Հարությունյանը մասնակցել է ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած «Դատափորձագիտական Կառույցների Եվրոպական Ցանց»-ի (ENFESI) «Փորձագիտական Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի (FIT Working Group) տարեկան գիտաժողովին, որը խիստ անհրաժեշտ է եղել IT հանցագործությունների կանխարգելման բնագավառում փորձի փոխանակման առումով:

2010թ. հոկտեմբերի 02-ից 09-ը կազմակերպության տնօրեն Ա. Ջավադյանը մեկնել է Ֆրանսիա՝ Վերսալ և Լիոն քաղաքներ, մասնավորապես 2010թ. հոկտեմբերի 02-ից 04-ը՝ ք. Վերսալում գտնվող «Փորձագիտության և Փորձագետների Եվրոպական Ինստիտուտ»-ի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջև փորձագիտության ոլորտում գիտական համագործակցության հաստատման նպատակով, իսկ 2010թ. հոկտեմբերի 05-ից 09-ը՝ մասնակցել Լիոնում INTERPOL-ի կողմից կազմակերպվող Դատական փորձագիտության միջազգային 16-րդ սիմպոզիումի աշխատանքներին, որի հիմնական ուղղվածությունը եղել է գիտական փորձի փոխանակումը, դատափորձադիտական և քրեագիտական աշխատանքների արդյունքների վերլուծությունը, այդ թվում և փորձագիտական տեղեկատվական բազաների լայնորեն կիրառման հիման վրա:

2011թ. ապրիլին պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դ.Մելքումյանը Դատափորձագիտա¬կան կառույցների եվրոպական ցանցի (ENFSI) պայթուցիկ նյութերի փորձագիտական աշխատանքային խմբի (FINEX) հրավերով մասնակցել է ք. Վիեննայում/Ավստրիա/ կայացված կոնֆերանսին։ Կոնֆերանսին մասնակից տարբեր երկրների՝ Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Շվեդիայի, Թուրքիայի, Շրի Լանկայի, Ավստրալիայի ներկայացուցիչները քննարկել են պայթուցիկ նյութերի հետազոտման մեթոդների նորույթները: Այդ կոնֆերանսի շրջանակներում անց է կացվել նաև տեսական պարապունք՝ դեպքի վայրի հետպայթյունային վերականգնման առանձնահատկությունների ուսումնասիրման վերաբերյալ։

Թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների ընթացքում ստացված հիմնական արդյունքներ

2010թ. ավարտվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող թվով երկու թեմաները` «Կապված համակարգով շենքի տեսական և փորձարարական հետազոտություններ» և «Անձի և պաշտոնի համապատասխանելիության հոգեբանական գնահատման առանձնահատկությունները որպես մասնագիտական պիտանիության արդիական հիմնախնդիր»:

Առաջին թեմայի կատարման արդյունքում մշակվել է կապված համակարգով շենքի հաշվարկի մաթեմատիկական մոդելը, ալգորիթմը և համակարգչային հաշվարկային ծրագիր, որը հնարավորություն է տալիս հաշվարկել ցանկացած հարկայնության շենքի հաշվարկը իրական երկրաշարժերի ազդեցությունների տակ: Ստացված արդյունքները կարող են կիրառվել գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունության բարձրացման նպատակով:

Երկրորդ թեմայի կատարման արդյունքում ստեղծվել է պաշտոնի գնահատման համակարգ, ինչպես նաև իրականացվել են պաշտոնի պրոֆիլի կազմման հոգեբանական մեխանիզմների վերլուծություն և պաշտոնի գնահատման սանդղակի կազմման առանձնահատկությունների և համակարգի մշակում: Մշակվել է և փորձնական կիրառվել աշխատողի մասնագիտական պիտանիության և անձի ու պրոֆեսիայի /պաշտոնի/ համապատասխանելիության գնահատման մեխանիզմը: Անձի և պաշտոնի համապատասխանելիության որոշման նպատակով իրականացվել է պրոֆեսիոնալ ընտրություն, որի արդյունքում բացահայտվել է, որ. անհրաժեշտ է առանձնացնել պրոֆեսիայի նորմատիվային բնութագրերը, տվյալ գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հոգեբանական որակները և հատկությունները, ընտրել կամ մշակել անձի մասնագիտական կարևոր որակների ախտորոշման ձևեր և միջոցներ:

2010թ. ընթացքում կազմակերպության գիտական անձնակազմի կողմից նախապատրաստվել են դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառում, մի շարք արդի խնդիրների լուծման նպատակով ընթանուր թվով 11 գիտահետազոտական թեմաներ: Հարկ է նշել, որ այդ ուղություններով ադեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ, որոնք հաստատել են նշված թեմաների արդիականությունը: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2010թ. նոյեմբերի 18-ին կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում քննարկվեցին և ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ներկայացման երաշխավորվեցին նախապես ընտրված թվով 11 թեմաներ.

1.«Արագացված էլեկտրոնների ազդեցությամբ կաշվի որակի և արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների հետազոտումը»,

2.«Փորձագետի եզրակացությունը քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում»,

3.«Հիվանդի բուժման փորձագիտական գնահատման քարտերի կիրառումը բուժհիմնարկներում»,

4.«Կրիմինալ ագրեսիայի հոգեբանական առանձնահատկությունների և այն արգելակող անձնային ստրուկտուրաների ուսումնասիրությունը որպես հանցավոր վարքի կանխարգելման նախապայման»,

5.«Մանրէաբանական կատալիզի եղանակով գլիօքսալի և գլիօքսիլաթթվի ստացումը էթիլենգլիկոլից հոսքային անընդհատ պրոցեսի մշակումը և իրականացումը»,

6.«Պետական գնումների համակարգի կատարելագործումը գնումների կենտրոնացված համակարգից ապակենտրոնացված համակարգին անցնելու փուլում»,

7.«Հանցավորության վիկտիմոլոգիական գործոնները ՀՀ-ում»,

8.«Ձեռագիրը որպես դիագնոստիկական հետազոտության օբյեկտ»,

9.«Ամֆետամինների խմբին պատկանող թմրամիջոցների հայտնաբերման եղանակները կենդանի անձանց մազի փորձանմուշի մեջ»,

10.«Հայաստանի Հանրապետությունում աճող բույսերում թմրակտիվ բաղադրատարրերի անալիզը, նրանց բազային տվյալների ինտեգրումը Եվրոպական համանման տվյալների բազաներին»,

11.«ՀՀ զինված ուժերում անձնակազմի կողմից օգտագործվող /կարճափող, միջին փողով և երկարափող/ հրազենների հետազոտում դրանցից առանց ձգանը սեղմելու կրակոցի արձակման հնարավորության նպատակով»:

Համագործակցություններ

Կազմակերպությունը 04.02.2010թ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և 04.03.2010թ. Երևանի պետական համալսարանի հետ կնքել է պայմանագրեր գիտական և ուսումնակրթական աշխատանքների շրջանակներում համագործակցության մասին: Յուրաքանչյուր պայմանագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել մի շարք փորձագիտական մասնագիտությունների գծով գիտահետազոտական, գիտագործնական և ուսումնակրթական բնագավառներում, կազմակերպվել են գործնական պարապմունքներ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար և այլն։ 15.05.2010թ. կնքվել է համաձայնագիր ԼՂՀ արդարադատության նախարարության հետ` փորձագիտական ոլորտում գիտագործնական և ուսումնակրթական բնույթի աշխատանքների շրջանակներում համագործակցության մասին, որի արդյունքում կողմերը համագործակցում են գիտահետազոտական, գիտագործնական և ուսումնակրթական բնագավառներում, մասնավորապես`փորձագիտական ոլորտի աշխատակիցների և մասնագետների համար գիտական և գործնական հմտությունների վերապատրաստման (կատարելագործման) դասընթացների կազմակերպման և անցկացման գործում: 17.03.2010թ. ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ կնքվել է պայմանագիր համատեղ հետազոտությունների կատարման վերաբերյալ, մասնավորապես` մետաղների և համաձուլվածքների էլեկտրահաղորդական և ոչ էլեկտրահաղորդական նմուշների հետազոտությունների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կազմակերպությունում համատեղության կարգով աշխատում են 26 գիտաշխատողներ, բացի այդ կազմակերպության թվով 12 աշխատակիցներ համատեղության կարգով դասավանդում են ՀՀ տարբեր բուհերում և ուսումնական հաստատություններում:

Համատեղ ամբիոններ, լաբորատորիաներ և այլ միավորումներ

2010թ.-ից ՀՀ առողջապահության նախարարության առողջության ազգային ինստիտուտի դատական բժշկության դասընթացով ախտաբանական անատոմիայի ամբիոնը որպես կրթական բազա է օգտագործում կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնի մասնագիտական, տեխնիկական և տարածքային հնարավորությունները /կազմակերպության երկու աշխատակիցներ համատեղության կարգով դասավանդում են վերոնշյալ ամբիոնում/:

2010թ.-ից Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնը որպես գործնական պարապմունքների բազա է օգտագործում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի լաբորատոր բազան:

Այսպիսով, ամփոփելով 2005-2010թ. ընթացքում կազմակերպությունում կատարված գիտական բնույթի աշխատանքները, վերլուծելով վերջիններիս հիմնական ուղղություններն ու բաղադրիչները և համադրելով դրանք նախորդ տարիների համապատասխան ցուցանիշների հետ՝ ակնհայտ է դառնում իրականացված գիտական աշխատանքների տեսականու և ծավալների աճի դինամիկան, որը հստակ երևում է նաև հետևյալ աղյուսակից:

Գիտական աշխատանքների աղյուսակ

2010թ. ընթացքում կազմակերպությունում կատարված գիտական բնույթի աշխատանքների շրևանակներում տպագրվել կամ տպագրման են ուղարկվել ընդհանուր թվով 34 գիտական հոդված, միջազգային մասնագիտական սեմինարներում և գիտաժողովներում ներկայացվել են 9 զեկույց, ՀՀ-ում կազմակերպված մասնագիտական սեմինարներում և գիտաժողովներում ներկայացվել են 223 զեկույց, տեղայնացվել են ժամանակակից փորձագիտական տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվական բնույթի 450 նյութ, մշակվել և տեղայնացվել են 53 մեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:

2011թ. առաջին եռամսյակում կազմակերպության աշխատակիցների կողմից հրատարակման է ներկայացված թվով ութ գիտական հոդված,որոնք հրատարակվել են «Օրենք և իրականություն»,«Պետություն և իրավունք», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկագիր» գիտական ամսագրերում։ Հրատարակվել է նաև մեկ ձեռնարկ «Անչափահասների հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրները» վերտառությամբ։