Ուսումնակրթական բաժին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ուսումնակրթական բաժինն իրականացնում է հետևյալ գործունեությունը՝
Փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների /նախաքննության, հետաքննության և այլ մարմիններ աշխատակիցների/ կատարելագործման ու վերապատրաստման ուսուցողական դասընթացների կազմակերպում
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման» պետական պայմանագրերի` սկսած 2005թ.-ի մարտ ամսից կազմակերպությունում իրականացվում է լրացուցիչ կրթության ուսուցման ծրագիր նախաքննության և հետաքննության և այլ մարմինների համապատասխան աշխատակիցների համար: Վերջիններիս շրջանակներում 2005թ.-2011թ. առաջին կիսամյակի ընթացքում համապատասխան դասընթացներ են անցել ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և այլ իրավասու մարմինների շուրջ 1627 աշխատակիցներ։ Տվյալ դասընթացների ընթացքում իրավասու մարմնինների աշխատակիցները ծանոթանում են փորձագիտական բնագավառի նորագույն տեխնոլոգիաների հետ, հետաքննության և նախաքննության որակի հետագա բարելավման նպատակով ուսումնասիրում են այս կամ այն ուղղություններով իրականացվող փորձաքննությունների հնարավորությունները:
Ուսուցման ու վերապատրաստման դասընթացների տևողությունը կազմում է 2 շաբաթ (10 աշխատանքային օր)` յուրաքանչյուր օրը 8 ակադեմիական ժամ։ Ուսուցման և վերապատրաստման սկզբում ունկնդիրներին համապատասխան թղթապանակով տրամադրվում են դասավանդվող թեմաների ծրագիր-սեղմագրեր, որոնք հաստատվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի 2008թ. մայիսի 23-ի, 2009թ. հունիսի 30-ի, 2010թ. հունիսի 29-ի, 2010թ. դեկտեմբերի 24-ի նիստերում, դիդակտիկ նյութեր, անհրաժեշտ գրենական պիտույքներ և պարագաներ, անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան նյութերի լուսապատճեներ։ Ունկնդիրներին հնարավորություն է տրվում օգտվել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի գրադարանից։ Վերապատրաստման դասընթացները անցկացվում են ժամանակակից համակարգչային տեխնիկաների, սլայդոսկոպների կիրառմամբ։
Հետագա ուսումնակրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր ունկնդրի ներկայացրած դասընթացների գնահատման կարծիքները և առաջարկությունները, ուսումնասիրվում են և ընդհանուր արդյունքները ներկայացվում են ղեկավարությանը: Ուսուցման և վերապատրաստման ավարտին ունկնդիրները դասընթացի ուսումնական ծրագրի ծավալի և բովանդակության սահմաններում հանձնում են բանավոր ստուգարք, որի արդյունքում նրանց տրվում է ավարտական վկայական:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպում
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ուսումնակրթական բաժնի կողմից 2007թ.-2011թ ընթացքում կազմակերպվել և անց է կացվել «Կրիմինալիստիկա» և «Դատական փորձաքննություններ» առարկաներով արտադրական պրակտիկա բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների 166 ուսանողների համար։ Պրակտիկայի ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել տարբեր փորձագիտական բաժինների աշխատանքները, ծանոթանալ փորձաքննությունների մեթոդներին և եզրակացության կազմման ձևերին, ինչպես նաև մասնակցել լաբորատոր փորձարկումներին:
Փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում
Ուսումնակրթական բաժինն իրականացնում է պայմանագրային հիմունքներով անհատական ուսուցում և վերապատրաստում։ Յուրաքանչյուր վերապատրաստվողի համար կազմվում է վերապատրաստման անհատական ծրագիր-առաջարկ, որը բաղկացած է տեսական և գործնական փուլերից։ Մեր կազմակերպությունում իրականացվող գործընթացները միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ձեռնարկվել են ժամանակակից պահանջներին բավարարող ուսուցման և վերապատրաստման ծրագրերի և փորձագետների վերապատրաստման կարգի մշակման աշխատանքներ։ Կատարվող աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ եվրոպական առաջատար երկրներում գործող համապատասխան կանոնակարգերը։ Վերապատրաստումն ավարտելուց հետո վերապատրաստվողը հանձնում է թեստ և հարցազրույց։ Այս փուլերը դրական արդյունքներով ավարտելով` վերապատրաստվողը ստանում է որակավորման վկայական:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական բաժինների աշխատակիցների մասնակցությունը արտերկրում անցկացված գիտաժողովներին, միջազգային սեմինարներին և վերապատրաստումներին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական բաժինների աշխատակիցները որակավորման բարձրացման նպատակով մասնակցել են մի շարք երկրներում կազմակերպված տարբեր փորձագիտական ուղղություններով դասընթացներին, գիտաժողովներին, մասնավորապես՝
2007թ.
- Համակարգչային փորձաքննությունների բաժնի պետ Տ.Բրիգալյանը և նույն բաժնի փորձագետի պաշտոնակատար Հ.Ղազարյանը 2007թ. ապրիլի 7-ից 14-ը մասնակցել են տվյալ փորձագիտական ուղղությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պորտլենդ քաղաքում անցկացվող վերապատրաստմանը:
- Տնօրեն Արտաշես Ջավադյանը 2007թ. մայիսի 29-ից հունիսի 2-ը մասնակցել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած «Փորձագիտական Կառույցների Եվրոպական Ցանց»-ի (ENFSI) 2007թ. տարեկան համաժողովին, իսկ 2007թ. հունիսի 2-ից 11-ը` Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում` Դատական փորձագիտական պետական ծառայությունում փորձի փոխանակման և գիտագործնական քննարկումներին:
- Հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ Խ. Հակոբյանը և ձգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կ. Համբարձումովը 2007թ. հուլիսի 21-ից 28-ը մասնակցել են Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում` INL ծրագրի շրջանակներում ծրագրի խորհրդատուներ Դ. Քրիստիանսենի և Ռ. Գրզիբովսկու կողմից կազմակերպվող ուսուցողական դասընթացներին:
- Տնօրենի տեղակալ /փորձաքննությունների գծով/ Արամ Գահնապետյանը 2007թ. նոյեմբերի 3-ից 9-ը INL համագործակցության ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքում ԱՄՆ-ի Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուի, Ամերիկյան պաթոլոգիայի ռեեստրի և Զինված ուժերի բժշկական փորձագետների համակարգի կողմից կազմակերպված բժշկական փորձագետների համար նախատեսված 5-օրյա դասընթացներին:
2008թ.
- Հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ Խ. Հակոբյանը և ձգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կ. Համբարձումովը 2008թ. փետրվարի 5-ից 13-ը Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում մասնակցել են Սան Ֆրանցիսկոյի Փորձագիտական լաբորատորիայի ալկոհոլի, ծխախոտի և ձգաբանական փորձաքննությունների բյուրոյի ներկայացուցիչ` պարոն Ռիչարդ Գրզիբովսկու կողմից անցկացվող ձգաբանական փորձաքննությունների վերաբերյալ դասընթացներին:
- Գիտակրթական գծով տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանը 2008թ. մարտի 11-ից 14-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել է TAEX ծրագրի շրջանակներում Լատվիայի պետական դատական փորձաքննությունների բյուրոյում «Competent and skilled forensic experts – a milestone to ensure quality of forensic expertise» թեմայով կազմակերպվող միջազգային սեմինարին:
- Մշակութային արժեքների փորձաքննությունների բաժնի պետ Է. Ավանեսովը և նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Ս. Հակոբյանը 2008թ. մարտի 18-ից ապրիլի 1-ը վերապատրաստվել են մշակութային արժեքների հետազոտությունների հետ կապված գիտատեխնիկական մեթոդիկաների վերաբերյալ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էրմիտաժ» թանգարանի փորձաքննությունների բաժնում:
- Տնօրեն Արտաշես Ջավադյանը 2008թ. սեպտեմբերի 14-ից 20-ը մասնակցել է ք. ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի ամերիկյան քրեա-փորձագիտական լաբորատորիաների տնօրենների միության 36-րդ տարեկան համաժողովին:
- Գիտակրթական գծով տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Դ. Ամիրյանը 2008թ. նոյեմբերի 10-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Կրիմինալիստիկայի ինստիտուտում (ք. Մոսկվա) մասնակցել են հեղինակային և լինգվիստիկական հետազոտությունների կազմակերպման և իրականացման կատարելագործման (վերապատրաստման) դասընթացներին:
- Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Մ.Պետրոսյանը և ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մ. Կարապետյանը 2008թ. նոյեմբերի 17-ից 28-ը Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության Դատական փորձաքննությունների դաշնային կենտրոնի Որակավորման բարձրացման ինստիտուտում (ք. Մոսկվա) մասնակցել են գրավոր խոսքի հետազոտությունների, խոսքային գործունեության արգասիքների հետազոտությունների, մարդու հոգեբանության և հոգեֆիզիոլոգիայի հետազոտությունների կազմակերպման և իրականացման վերաբերյալ կատարելագործման (վերապատրաստման) դասընթացներին:
- Փորձաքննությունների գծով տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանը և սննդային փորձաքննությունների բաժնի փորձագետ Սուրեն Հարությունյանը 2008թ. նոյեմբերի 12-ից 15-ը Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր-V»-ի շրջանակներում դատափորձագիտական և քրեափորձագիտական աշխատակիցների համար կազմակերպվող տարածաշրջանային սեմինարին, որտեղ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից ելույթով հանդես է եկել Ա.Գահնապետյանը:
2009թ.
- Գիտակրթական գծով տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանը 2009թ. փետրվարի 22-ից 27-ը մասնակցել է Նիդեռլանդներում (ք. Ամստերդամ, ք. Հաագա), Գերմանիայում (ք. Դյուսելդորֆ) և Ավստրիայում (ք. Վիենա) անցկացված Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի» (ՀԿԹՀԾ) 5-րդ փուլի շրջանակներում քրեափորձագետների և դատափորձագետների համար կազմակերպվող արտագնա ուսումնական այցին:
- Բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մաթևոսյանը 2009թ. մարտի 15-ից 30-ը և հունիսի 15-ից 26-ը ՌԴ Մոսկվա քաղաքում, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Փորձաքրեագիտական կենտրոնում անցել է ստաժավորում կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների ավանդական հետազոտությունների մեթոդների ուղղությամբ:
- Գիտակրթական գծով տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանը 2009թ. մայիսի 20-ից 22-ը մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր. Փուլ V» ծրագրի շրջանակներում սեմինար-դասախոսությանը, որը անց է կացվել ՀՀ Ծաղկաձոր քաղաքում։
- Պայթունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դ.Մելքումյանը, ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Հ. Ղարիբյանը 2009թ. հունիսի 7-ից 20-ը Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում մասնակցել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ալկոհոլի, ծխախոտի, ձգաբանության և պայթուցիկների բյուրոյի փորձագետների կողմից կազմակերպվող «Հրդեհի/հրկիզման հետազոտության հիմնական հմտություններ» թեմայով դասընթացին:
- Անահիտ Մաթևոսյանը 2009թ. հունիսի 14-ից 27-ը անցել է ստաժավորում Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Փորձաքրեագիտական կենտրոնում կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների հետազոտությունների ցիտոլոգիական մեթոդների ուղղությամբ։
- Գիտակրթական գծով տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանը 2009թ. հունիսի 24-ից 26-ը մասնակցել է ք. Ծաղկաձորում` «Հարավային Կովկասում Թմրամիջոցների Հակազդման Ծրագիր-V» ծրագրի շրջանակներում իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց և դատական փորձագետների համար կազմակերպվող «Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման իրավական կարգավորման վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինարին։
2010թ.
- Տնօրեն Արտաշես Ջավադյանը 2010թ. հունիս ամսին մասնակցել է НИЯУ «МИФИ» Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի կողմից կազմակերպվող իրավակարգի պահպանման նպատակային նախաձեռնությունների շրջանակներում կրիմինալիստիկական օբյեկտների հետազոտման և նույնականացման ընթացքում կիրառվող նորագույն մեթոդներին և միջոցներին նվիրված միջազգային սեմինարին:
- Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Խ.Հարությունյանը 2010թ. սեպտեմբերի 13-ից 17-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ք.Մոսկվայում «Դատափորձագիտական Կառույցների Եվրոպական Ցանց»-ի (ENFSI) «Փորձագիտական Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի (FIT Working Group) տարեկան գիտաժողովին:
- Տնօրեն Արտաշես Ջավադյանը 2010թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Ֆրանսիայի Լիոնում քաղաքում մասնակցել է INTERPOL-ի կողմից կազմակերպվող դատական փորձագիտության միջազգային 16-րդ սիմպոզիումին:
- Շինարարաճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետի պաշտոնակատար Ա.Գրիգորյանը և տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետի պաշտոնակատար Ե.Զադոյանը 2010թ. հոկտեմբերի 17-ից 29-ը Ռուսաստանի Դատական փորձաքննությունների դաշնային կենտրոնում մասնակցել են աշխատանքային, տեղում կատարելագործման (վերապատրաստման) դասընթացներին։
2011թ.
- Պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկան փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը 2011թ. մայիսի 4-ից 6-ը մասնակցել է Վիեննայում կայացած Դատափորձաքննական կազմակերպության եվրոպական ցանցի (ENFSI) պայթուցիկ նյութերի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (FINEX) ամենամյա համաժողովին: